Հայաստանում լոլիկի եւ վարունգի արտադրությունը զգալի կրճատվել է. գյուղացիները տարեցտարի ոչ միայն կարտոֆիլն ու հացահատիկն են սկսել քիչ մշակել, այլեւ լոլիկը, վարունգը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2018 թվականին, 2017-ի համեմատ, ե՛ւ լոլիկի, ե՛ւ վարունգի բերքատվությունը զգալի պակասել է, ընդ որում` ոչ միայն բերքատվությունն է պակասել, այլեւ ցանքատարածությունը: Օրինակ` լոլիկի դեպքում, եթե 2017 թվականին ցանքատարածությունը կազմել է 6240 հա, ապա 2018-ին այն 4361 հա է եղել, այսինքն` մեկ տարվա ընթացքում 1879 հեկտար քիչ է մշակվել: Իսկ, ահա, հավաքված բերքի ծավալների պատկերն է՛լ ավելի մտահոգիչ է. 2017թ.-ին հավաքվել է 224 հազար տոննա, իսկ 2018թ.-ին` 138 հազար տոննա լոլիկ, այսինքն` անցած տարի գյուղացին 86 հազար տոննա լոլիկ քիչ է մշակել: Սրան զուգահեռ Հայաստանում շարունակվում է տոմատի պահածոյի արտադրության ծավալների նվազումը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` անցած տարվա հունվար-փետրվարին, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տոմատի մածուկի արտադրության ծավալները պակասել են 38.9 տոկոսով: Բանն այն է, որ նախորդ տարի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով լոլիկի ցանքատարածքները բավականին տուժեցին, ինչն էլ իր բացասական ազդեցությունը թողեց այս մշակաբույսի բերքատվության վրա:
Բայց մասնագետներ կան, որոնք պնդում են, որ վերջին տարիներին լոլիկի արտադրության կրճատման պատճառը հարավամերիկյան ցեցն է: ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերի որոշ գյուղերի բնակիչներ լոլիկի հարավամերիկյան ցեցի պատճառով մեծ վնասներ են կրում: Մասնագետների պատմելով` ցեցը սնվում է մորմազգի մշակաբույսերի տերեւներով, թիթեռների թռիչքը սկսվում է վաղ գարնանը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերի վերջը: Շատերը դրա դեմ երկար պայքարելուց հետո հրաժարվում են լոլիկ մշակելուց: Բայց, արի ու տես, կառավարությունն էլ գտնում է, որ գյուղատնտեսները անարդյունավետ են պայքարում ցեցի դեմ. չեն կարողանում ճիշտ որոշել պայքարի իրականացման ժամկետները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է գյուղատնտեսների համար հենց լոլիկի դաշտում սեմինարներ կազմակերպել, որն ավելի արդյունավետ կլինի: Նախարարությունը լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագրի վերաբերյալ նախագիծ է մշակել: Այսպես, նախատեսվում է Արարատի մարզի լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Ոսկետափ համայնքում` 10 հեկտար տարածքի վրա, իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր ծրագիր: Բացի այդ, կտեղադրվեն նաեւ ցեցի երեք հատ ֆերոմոնային թակարդներ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պիլոտային այս ծրագիրն իրականացնելու համար պետական միջոցներից կծախսվի 11 մլն 102 հազար դրամ:
Ահա ամենը՝ ՀՀ-ում լոլիկի արտադրության ծավալների մասին:
Բայց, մյուս կողմից, լոլիկի արտահանման եւ ներմուծման թվային տվյալները ուսումնասիրելիս հետաքրքիր պատկեր ենք ստանում: Օրինակ` նախորդ տարվա ընթացքում Հայաստան ներմուծվել է 2594 տոննա թարմ կամ պաղեցրած լոլիկ` 2017-ի 400 կգ-ի դիմաց: Պարզվում է` 2018-ին ներմուծված լոլիկի մեծ մասը` 2260 տոննան, եկել է Թուրքիայից: Ի դեպ, 2017 թվականին Հայաստան մտած 400 կգ լոլիկը եւս Թուրքիայից է:
Իսկ, ահա, նույն ժամանակահատվածում արտահանվել է 36 հազար 78 տոննա լոլիկ, 2017-ին ՀՀ-ից արտահանվել է 24 հազար 952 տոննա լոլիկ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լոլիկի ողջ խմբաքանակը՝ 36 հազար 40 տոննան, արտահանվել է դեպի ՌԴ, իսկ 2017-ին ՌԴ ՀՀ-ից արտահանվել է 24 հազար 941 տոննա լոլիկ: Հիշում եք, նախորդ տարի խոսվում էր այն մասին, որ Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ է ներկրվում ՀՀ` առանց պաշտոնական փաստաթղթերում ֆիքսելու, եւ հետո այն արտահանվում է ՌԴ: Եւ նախկին իշխանությունները այս ամենի ֆոնին լոլիկի արտահանման ոլորտում լուրջ «աճ» էին արձանագրում: Հիմա այլեւս վիճակագրությունը չի թաքցնում Թուրքիայից լոլիկ ներմուծելը, եւ ընդհանրապես, կարծես փաստաթղթավորված է ամենը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Հայաստանում վերջին տարիներին սկսել է զարգանալ վոլեյբոլ մարզաձեւը: Վերջին երկու տարիների ընթացքում 6 միլիոնով ավելացել է նաեւ պետության կողմից ֆինանսավորումը` հասնելով մինչեւ 14 միլիոնի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ասաց, թե մարզաձեւը այժմ գտնվում է զարգացման փուլում, եւ զարգանալու նախադրյալներ իրոք կան. «Արդեն 6 տարի է` մարզաձեւը զարգացման փուլում է: Արդեն 6 տարի է` փոխվել է ֆեդերացիայի կազմը, եւ մենք ամեն ինչ անում ենք այս մարզաձեւը ավելի ու ավելի զարգացնելու համար: Մեծ առաջընթաց է նաեւ այն փաստը, որ անցած տարի Հայաստանում անցկացրել ենք մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի արեւելյան երկրների առաջնություն: Այսպիսի բան առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում»:
Պարոն Ասմարյանը նաեւ անդրադարձավ մարզվելու պայմաններին եւ նշեց, որ պայմանները բավարար են, սակայն դեռեւս միջազգային ստանդարտներին համապատասխան չեն:
Նա նաեւ ավելացրեց, որ հավաքական թիմերի մրցելույթներից առաջ պարտադիր անցկացվում են ուսումնամարզական հավաքներ:
Մեզ հետ զրույցում Կարեն Ասմարյանը առանցքային հարթակի վրա դրեց ֆինանսավորման եւ պետության կողմից այլ աջակցություններ ստանալու հարցը. «Վերջին երկու տարիներին պետության կողմից ավելացել է ֆինանսավորումը` 8 միլիոնից հասնելով մինչեւ 14-ի, եւ մենք հույս ունենք, որ դրա չափը կրկին կավելանա, քանի որ ունենք շատ մտահղացումներ վոլեյբոլը զարգացնելու համար, եւ դրանք իրագործելու համար մեզ ֆինանսական աջակցություն է հարկավոր: Իշխանափոխությունից հետո դեռեւս նկատելի տեղաշարժեր չկան, բայց այդ հարցում էլ չենք կորցնում մեր հույսը եւ պատրաստվում ենք արդեն մյուս տարի մեր ծրագիրը ներկայացնել կառավարությանը: Մենք ցանկանում ենք վոլեյբոլի ակադեմիա ստեղծել Երեւան քաղաքում եւ այդ ծրագիրը կներկայացնենք կառավարությանը, որն էլ, կարծում ենք եւ հուսով ենք, դրական պատասխանի կարժանանա: Ունենք նոր մտահաղացումներ,ունենք նոր ծրագրեր, եւ պետության կողմից աջակցությունը ուղղակիորեն կօգնի վոլեյբոլի ոլորտում լուրջ արդյունքներ գրանցելու հարցում: Մենք ցանկանում ենք պետության կողմից տարածք ստանալ եւ կառուցել ակադեմիա, որպեսզի երեխաները կարողանան մարզվել անվճար»:
Պարոն Ասմարյանը մեզ տեղեկացրեց, որ Համահայկական խաղերից առաջ հանդիպում կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը լինելու է կազմակերպչական բնույթի:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼ Է
Մի քանի օր առաջ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանը աշխատանքից ազատել է նույն մասնաճյուղի Մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու Լիանա Հարությունյանին: Հիմա նա բողոքում է տնօրենի այդ քայլի դեմ, այդ հարցով դիմել է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, սակայն ապարդյուն:
Լ. Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արտակ Ցուցուլյանը պաշտոնից ազատել է Իջեւան քաղաքում բնակվող, գիտությունների թեկնածուի կոչում ունեցող դասախոսներին: Տարբեր պատճառաբանություններով աշխատանքից ազատվել են գիտությունների թեկնածուներ Կամո Այվազյանը, Նունե Դավթյանը, Նելլի Խուդավերդյանը, հիմա էլ` Լիանա Հարությունյանը: Արտակ Ցուցուլյանն արդեն մի անգամ Լիանա Հարությունյանին ազատել է աշխատանքից:
2018թ. օգոստոսին Լիանա Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի` պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, իրեն նախկին աշխատանքում վերականգնել եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Դատարանը բավարարել է նրա հայցը. 2019թ. սկզբից Լիանա Հարությունյանը համալսարանի մասնաճյուղ աշխատանքի է գնացել: Արտակ Ցուցուլյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը կատարել է դատարանի վճիռը: Նա ասաց, որ Լիանա Հարությունյանը դոցենտի կոչում չունի, անօրինական էր զբաղեցնում ամբիոնի վարիչի պաշտոնը: Նախկինում Լ. Հարությունյանը զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն Արտակ Ցուցուլյանը այն ժամանակ չի բողոքել, իր խոսքերով, այդ անօրինականության դեմ: 2018թ. մայիսին, երբ Ա. Ցուցուլյանը դեռ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար չէր, որպես ժամանակավոր պաշտոնակատար` ղեկավարում էր մասնաճյուղի Ընդհանուր մաթեմատիկայի եւ բնագիտության ամբիոնը, ուսանողները ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի փոխտնօրենի պաշտոնում առաջադրել են Լ. Հարությունյանի եւ Ա. Ցուցուլյանի թեկնածությունները: Լիանա Հարությունյանը հանել է իր թեկնածությունը հօգուտ ավելի երիտասարդ Ա. Ցուցուլյանի: Հետո, երբ Ա. Ցուցուլյանը մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար էր, Լ. Հարությունյանը ցանկություն է հայտնել աշխատել որպես մասնաճյուղի փոխտնօրեն:
Լ. Հարությունյանի վկայությամբ` ինքն այդ մասին հայտնել է Ա. Ցուցուլյանին, վերջինս առաջարկել է ստորագրահավաք անել, բայց երբ Լ. Հարությունյանը կատարել է, համալսարանի մասնաճյուղի տնօրինության նիստում Ցուցուլյանը զայրացել է ու հայտարարել, որ Լ. Հարությունյանն ինքնագործունեությամբ է զբաղվել, առանց իր կարծիքը հարցնելու է գործել: Ա. Ցուցուլյանը Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տարածքում Իջեւանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների աշակերտներին մաթեմատիկա առարկայի կրկնուսուցմամբ է զբաղվում, գումար վաստակում, սակայն ո՛չ պետությանն է դրա համար հարկ վճարում, ո՛չ էլ համալսարանի մասնաճյուղին վարձավճար: Նա լրագրողիս հետ զրույցներում չի ժխտել, որ ինքն այդտեղ կրկնուսուցմամբ է զբաղվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ