«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը: Մենք զրուցել ենք մասնագիտական, անձնական կյանքին վերաբերող թեմաների շուրջ: Անահիտը խոստովանել է, որ երբեք չի համակերպվի այն կեղծիքի հետ, որը տիրում է շոուբիզնեսյան մթնոլորտում, այսինքն` դերասանություն` բեմից եւ էկրանից դուրս: Անդրադառնալով ամուսնու հետ հարաբերություններին` Անահիտը նշել է, որ անպայման հաշվի է առնում նրա բոլոր խորհուրդները, քանի որ դրանք միշտ հօգուտ իրեն են:
-Անահի՛տ, քանի որ առավոտյան ծրագիր եք վարում, ինքնըստինքյան վաղ եք արթնանում, բայց հետաքրքիր է` եթե հնարավորություն տրվեր ուշ արթնանալու, կօգտվեի՞ք դրանից:
-Անպայման, քանի որ տեսակով բու եմ եւ սիրում եմ շատ քնել:
-Ինչպե՞ս եք վերաբերվում սեփական սխալներին, ինքնաքննադա՞տ եք:
-Այո, խիստ եմ իմ հանդեպ, երկար ժամանակ է հարկավոր լինում, որպեսզի ինքս ինձ ասեմ. «Ոչինչ, ինչ եղել է, եղել է, անցավ, գնաց»:
-Բնավորությամբ ի՞նչ կենդանու եք հիշեցնում:
-Շան, ձիու:
-Բնավորության ի՞նչ գծեր եք ժառանգել հորից, եւ ի՞նչ գծեր`մորից:
-Մայրիկիցս վերցրել եմ աշխատասիրություն, հայրիկիցս` արդարամտություն:
-Ի՞նչը կարող է դրդել Ձեզ մեկ ժամում փայլեցնել բնակարանը:
-Զայրույթը: Երբ զայրացած եմ, գործ եմ անում. հանգստանում եմ, լիցքաթափվում եմ (ծիծաղում է):
-Ո՞րն է երբեւէ ինքներդ Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Ասում էին, թե շահի համար եմ ամուսնացել:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ էր կապված:
-Ամուսնական կյանքիս առաջին երեք տարիները կյանքիս ամենադժվարին ժամանակներն էին: Կարգավիճակ էր փոխվել, պետք է կարողանայի միաժամանակ լինել կին, մայր, տնային տնտեսուհի:
-Նշե՛ք մի խմիչք, որից երբեք չեք հրաժարվի:
-Գարեջուր շատ եմ սիրում: Ընդհանրապես, ալկոհոլային խմիչքներ չեմ օգտագործում, գարեջուրն այդ առումով բացառություն է: Բնական հյութեր եմ շատ սիրում:
-Շոուբիզնեսում կա՞ մի երեւույթ, որի հետ երբեք չեք համակերպվի:
-Այո, կեղծիքը: Բեմից եւ էկրանից դուրս դերասանությունը մի տեսակ շատ է:
-Երգ, որը միշտ Ձեր փլեյլիստում է, եւ չեք հոգնում լսել:
-Փոլ Մաքարթնիի «My Valentine» երգը:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 20 տարի անց:
-Տեսակով նույնը, քանի որ մարդիկ համարյա չեն փոխվում, բայց, իհարկե, ավելի գիտակ եւ իմաստուն, հասուն:
-Երկիր, որտեղ եղել եք եւ խորհուրդ եք տալիս կյանքում գոնե մեկ անգամ այցելել:
-Քիչ եմ շրջագայել աշխարհում: Ես ավելի շուտ խորհուրդ եմ տալիս արտերկրացիներին այցելել Հայաստան: Մենք`հայաստանցիներս էլ քիչ ենք բացահայտել մեր երկիրը: Ես երկրի ներսում բավականաչափ ճամփորդել եմ եւ չեմ դադարել հիանալ եւ զարմանալ մեր բնությամբ, պատմամշակութային արժեքներով:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Նվիրված:
-Ձեր երազանքի ճանապարհին ի՞նչը կարող է հետ պահող հանգամանք հանդիսանալ:
-Ամուսնուս կարծիքը: Ես գիտեմ, որ նա միայն իմ բարին է կամենում, եւ վստահում եմ նրան, ընդունում եմ խորհուրդները, գիտեմ, որ դրանք էգոիզմի դրսեւորում չեն:
-Ո՞րն է Ձեր սիրելի ուտեստը, որից երբեք չեք հրաժարվի:
-Վերմիշելով փլավ` պարզ, հեշտ պատրաստվող, համեղ:
-Լիարժեք հանգստանում եք միայն այն ժամանակ, երբ…
-Տանն եմ, ընտանիքիս գրկում: Եվ եթե նույնիսկ շուրջս աղմուկ է, այնուամենայնիվ, հաճելի է: Դա ամենաանկեղծ դրությունն է, որն ինձ դրական էմոցիաներ է պարգեւում:
-Ձեզ համարձակ մարդ համարու՞մ եք:
-Այո, բավականին, իմ կյանքի տարբեր փուլերում կատարած քայլերս դրա ապացույցն են. ոչ մի քայլ սովորական չէ:
-Եվ, վերջում, շարունակե՛ք միտքը. «Եթե կարծում ես, թե քո կյանքում ամեն բան վատ է…»
-Ձեռքդ վերցրու Աստվածաշունչը, վերագնահատիր այն ամենն, ինչ ունես, գիտակցիր, որ քեզ տրված են մի շարք բաներ, որոնցից մյուսները զրկված են:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ
Տեւական ժամանակ է` երգիչ Վլադիմիր Բարխոյանը չի երեւում ասպարեզում, չի թողարկում նոր երգեր եւ տեսահոլովակներ: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` ինչն է ստեղծագործական դադարի պատճառը. «Այս պահին ինձ մոտ լռություն է, գործնական նոր ծրագրեր չկան: Քույրս` Մարգարիտա Բարխոյանը, գրել է ծնողների մասին մի երգ, որը դեռ չենք ձայնագրել: Կա եւս մեկ երգ` ռուսերենով, որի ե՛ւ երաժշտության, ե՛ւ խոսքերի հեղինակը կրկին քույրս է: Ընդհանուր առմամբ, Մարգարիտան աշխատում է, ուղղակի ինձ մոտ է լռություն: Չեմ կարող ասել, թե որքան այն կտեւի»,-մեկնաբանեց երգիչը:
Նրա խոսքով` ինչպես հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում առհասարակ, այնպես էլ իր կարիերայում ինչ-որ առումով անհասկանալի փուլ է. «Ամեն դեպքում, մշակույթի մարդկանց մոտ ժամանակ առ ժամանակ լինում են դադարներ, որոնց հաջորդում է ստեղծագործական «պայթյունը»: Այսինքն` դա սովորական դադար չէ. դրա ժամանակ ստեղծագործող մարդը լիցքավորվում է»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա շեշտեց` երգն իր հոբբին չի եղել, այն ապրելակերպ է, բայց, ցավոք սրտի, ոլորտում թաց ու չորը խառնվել է իրար, հետաքրքիր, մնայուն երգեր չեն ստեղծվում, թողարկվող երգերն ու տեսահոլովակներն էլ թիթեռի կյանք ունեն:
Հարցին, թե արդոք հանդես գալիս է կորպորատիվների շրջանակում, Վլադիմիրը պատասխանեց. «Ես է՛լ, քույրս է՛լ երբեւէ չենք հրաժարվել նման հրավերներից: Այսօր երգիչ-երգչուհիներն ինչպես կարողանում են, այնպես էլ իրենց գլուխը պահում են: Եթե նախկինում նրանք խուսափում էին երգել, օրինակ, հարսանիքների ժամանակ, հիմա նույնիսկ իրենք են ձգտում, քանի որ, ինչպես ասում են, փողը դրա մեջ է: Տասը տարի կլինի` Երեւանում ոչ անհատական, պետության կողմից կազմակերպվող համերգներ չեն լինում, միայն տոնից տոն տարին մեկ-երկու անգամ է նման հնարավորություն ընձեռվում: Մարզերում եւս համերգներ չեն լինում, եւ բնական է, որ երգիչները սկսել են գումար վաստակելու այլընտրանքային ձեւեր որոնել: Երգիչները դարձել են դերասան, դերասանները` երգիչ, ամեն բան խառնվել է»:
Վերջում մենք հարցրինք նաեւ անձնական կյանքի մասին, հետաքրքրվեցինք` արդյոք Վլադիմիրի սիրտը զբաղված է. «Իմ սիրտը դեռ զբաղված չէ, ազատ է: Հույս ունեմ, որ կգտնեմ իմ միակին»,-եզրափակեց նա:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Կայացան Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: Գերմանիայում ոչ-ոքի արդյունքով ավարտվեց «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»-«Չելսի» հանդիպումը` 1:1: Տանտերերից խաղի հաշիվը բացեց Լուկա Յովիչը, իսկ լոնդոնցիներից պատասխանեց Պեդրո Ռոդրիգեսը:Մեզ` հայերիս համար անչափ հետաքրքիր հանդիպումը կայացավ Լոնդոնում: «Արսենալը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց իսպանական «Վալենսիային» եւ լուրջ հայտ ներկայացրեց եզրափակչում հանդես գալու համար: Տանտերերից դուբլ հեղինակեց Ալեքսանդր Լակազետը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Օբամեյանգը: «Չղջիկներից» «հույսի» գոլի հեղինակ դարձավ Դիակաբին: Հավելենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղաց 15 րոպե` փոխարինման դուրս գալով խաղի 75-րդ րոպեին: Պատասխան խաղերը կկայանան մայիսի 9-ին:
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր եւ իսպանացի երկրպագուների հարաբերությունների մասին. «Երբ շրջում եմ Իսպանիայի փողոցներով, բոլորն ինձ ասում են, որ վերադառնամ, ասում են, որ Մադրիդն իմ տունն է: Իմ եւ իսպանացի երկրպագուների հարաբերությունները հիանալի են, եւ ես նրանց շատ եմ սիրում ու կարոտում»,-ասել է ֆուտբոլիստը:
ՍՏՈՐԳՐԱՀԱՎԱՔ
Մի շարք արտասահմանյան եւ հեղինակավոր պարբերականներ տեղեկացնում են, որ անգլիական «Լիվերպուլի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել եւ պահանջում են որակազրկել «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսիին: Այս ամենը կապված է այն փաստի հետ, որ արգենտինացին գոլային տուգանայինը վաստակելիս, ըստ երկրպագուների, դիմել է սիմուլյացիայի եւ, բացի այդ, ինքն է հարվածել Ֆաբինիոյի գլխին: Ստորագրահավաքին մասնացել է արդեն 5.000 օգտատեր: Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա»-«Լիվերպուլ» հանդիպումը ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով՝ 3:0 հաշվով, իսկ Մեսին իր հաշվին դուբլ էր գրանցել: Լեոն նաեւ երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԵՆ
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, Մադրիդի «Ռեալում» արդեն կողմնորոշվել են հիմնական դարպասապահի հարցում: Նշվում է, որ հաջորդ մրցաշրջանից թիմի հիմնական դարպասապահը կլինի Տիբո Կուրտուան, իսկ Կեյլոր Նավասին կառաջարկվի մնալ թիմում եւ լինել պահեստային խաղացող: Սակայն Նավասը չի ցանկանում համակերպվել այդ մտքի հետ եւ, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը: Նշվում է նաեւ, որ կոստառիկացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են անգլիական գրանդները:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ