Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Երեկ մի խումբ տաքսիստներ բողոքի ակցիա էին անցկացնում եւ փակել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը: Նրանց հետ հանդիպել ու բանակցել է Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Վարորդները պահանջում էին, որ իրենց թույլատրվի այդտեղ կայանել անվճար: ՃՈ պետի խոսքով` դա կլինի, եթե քաղաքապետարանի կողմից թույլտվություն լինի: Կարապետյանը նաեւ նշել է, որ կիրականացվի վարույթ, եւ եթե պարզվի, որ կա անհրաժեշտություն, ապա այն տուգանքները, որոնք ստացել են կայանումն արգելող նշանի պատճառով, չեղյալ կհամարվեն: ՃՈ պետի հետ բանակցելուց հետո վարորդները համաձայնել են բացել ճանապարհի երթեւեկելի հատվածը:
ՀԱՐՑ. Ե՞րբ են ֆիզիկական անձինք տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարում:
Նորայր Մնացականյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մնացականյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ըստ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի` ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գույքահարկի հաշվարկված գումարները համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
ՀԱՐՑ. 1992թ. հունիսի 1-ին ըստ, օրենքի, նոտարի կողմից ունեմ ժառանգության իրավունքով գույքի նկատմամբ ավանդ: Այն պահվում էր Երեւանի հ 7935-060 խնայբանկում: Խնդրում եմ ասել` կոնկրետ ինչ անեմ, որպեսզի կարողանամ ստանալ գումարը: Խնդրում եմ պատասխանել ստույգ:
Վոլոդյա Արթինյան (2-րդ կարգի հաշմանդամ, ք. Երեւան)
ՊԱՏԱՍԽԱՆ. 01.06.1992 թվականի ժառանգության իրավունքով ձեռք բերված ավանդի գումարի նկատմամբ փոխհատուցման իրավունքի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագիրը` «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույթների համաձայն, Կառավարության 23.04.2014 թվականի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Քաղաքացի Վոլոդյա Արթինյանը ժառանգության իրավունքը հաստատող փաստաթղթերը պետք է ներկայացնի «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ին, որտեղ կորոշվի 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին նրա անվամբ տեղեկանք տրամադրելու հարցը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ. Նշենք, որ փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառումն իրականացվում են բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմինները` «ՎՏԲ-Հայասան» փակ բաժնետիրական ընկերությունից բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին տեղեկանքի եւ այլ փաստաթղթերի հիման վրա: