ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԾ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանություններին նոր գլխացավանք է սպասվում: Խոսքը «Խտրականության մասին» օրենքի նախագծի մասին է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել: Այս նախագծի վերաբերյալ ԱԺ-ում պետք է երեկ փակ քննարկում անցկացվեր, սակայն այն չի կայացել: Նշենք, որ խոսքը մի նախագծի մասին է, որը, շատերի կարծիքով, ուղղակի առնչվում է սեռական փոքրամասնություններին. այն մշակվել է դեռ ՀՀԿ իշխանության օրոք՝ 2015 թվականին, ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 2015թ. ԵՄ-ն ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսել է հատկանցել 12 մլն եվրո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար, եւ դրա շրջանակներում պետք է ընդունվի նաեւ «Խտրականության մասին» օրենքը:
Ժամանակին նախագիծը հրապարակային ճնշման արդյունքում մի կողմ դրվեց, բայց հիմա այն կրկին օրակարգային է դարձել։ Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւս պետք է երեկվա չկայացած քննարկմանը մասնակցեր` միաժամանակ պատճառաբանելով, թե ԵՄ-ից են ստիպում օրենքն ընդունել: ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեցին. «ԱԺ-ում կայանալիք նման քննարկման մասին տեղեկության չենք տիրապետում. նախարարը այդ թեմայով քննարկման հրավիրված չի եղել»։
Մինչ այդ նկատենք, որ այս նախագիծը կարող է մեծ աղմուկ բարձրացնել, եթե կառավարությունն այն ուղարկի խորհրդարան: Հավանաբար որեւէ մեկը չի մոռացել վերջերս խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթին հաջորդած իրադարձությունները: ՈՒ հիմա ՀՀ իշխանությունները, մասնավորապես` Արդարադատության նախարարությունը, անկախ եվրոպացիների պնդումներից, պետք է կարողանա այս հարցում անզիջում լինել` փորձելով տարատեսակ ձեւերով վարպետորեն հետաձգել հարցի քննարկումը: Իսկ որ ՀՀ իշխանությունները կարող են հանուն ազգային շահի հակադրվել գերտերություններին, միջազգային հանրությանը, վերջին մեկ տարում բազմիցս ենք տեսել, ուստի այս նախարարն էլ ունի այդ հարցում «քարտ բլանշ»: Մնում է` օգտագործի այն:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հունիսի 15-ին արտահերթ համագումար անցկացնել Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում: Ըստ մեր տեղեկությունների` այժմ կուսակցությունում շատ ակտիվ ՔՊ վարչության անդամների թեկնածուների ներկուսակցական քարոզարշավին են պատրաստվում: Մասնավորապես, որոշվել է` ինքնաառաջադրված 65 թեկնածուները պետք է այբբենական կարգով ներկայանան պատվիրակներին` ներկայացնելով կուսակցության հետագա գործունեության մասին պատկերացումները, պատասխանեն հարցերին: Որոշվել է հիմնականում քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին, քանի որ ինքնաառաջադրվածներից շատերը կա՛մ օրենսդիրի ներկայացուցիչներ են, կա՛մ էլ գործադիրի անդամներ: Այդ քարոզարշավին ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եւս ՔՊ վարչության անդամի թեկնածության համար ինքնաառաջադրվածների մեջ է:

 

 

 

Սերժ Սարգսյանի եղբայրը` Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել՝ բողոքարկելով հանձնաժողովի` իրեն վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 9-ի որոշումը: Ու զարմանալի զուգադիպությամբ այդ գործը քննելու է նրանց ընտանիքի հետ սերտ հարաբերություններ ունեցող դատավորը: Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանի դստեր՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի մասին է: Հենց նրան է մակագրվել Ս. Սարգսյանի եղբոր գործը: Ի դեպ, Անի Հարությունյանը ԴԱՀԿ նախկին պետ, այժմ մեղադրյալ Միհրան Պողոսյանի քեռու դուստրն է: Հետաքրքիր է՝ Անի Հարությունյանը, ում բաժին է հասել քրեական գործը, ինքնաբացարկ կհայտնի արդյոք՝ հաշվի առնելով հայցվորի ու իրենց ընտանիքի հարաբերությունները, թե կգերադասի շրջանցել օրենքը:

 

 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» վերնագրով մի օրինագիծ: Բայց ուշագրավն այն է, որ ինչպես նախորդ՝ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի, այնպես էլ այս դեպքում e-draft.am կայքէջում «առաջարկ» բաժինը փակ է: Այսինքն` օրենքի այս նախագծի համար հնարավոր չէ առաջարկներ կամ մեկնաբանություններ թողնել: Ավելին, այս պաշտոնական կայքէջում նախագծերը տեղադրելու ժամանակ աջ կողմում սովորաբար կա տեղեկություն այն մասին, թե տվյալ նախագիծը որքան «կողմ» եւ որքան «դեմ» ձայն է հավաքել: Ու սա միակ օրինագիծն է, որի քվեարկությունը դարձյալ փակված է: Նշենք, որ այս նախագիծը նախատեսում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում: Ու, շատերի պնդմամբ, այս նախագիծը կարող է տնտեսական առումով պարզապես ձեռնտու չլինել մեր երկրի համար` վնասելով տնտեսությանը, բյուջեի մուտքերի ապահովմանը:

 

 

 

ԹԵՄԱՆ ՓԱԿԵՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՀըԽ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացահայտել է, թե ովքեր են ֆինանսավորել թավշյա հեղափոխությունը: Փաշինյանը ռուս լրագրողի ակնարկին, թե ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է, մանրամասնել է. «Մենք մեր հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 հազար դոլար: Որտեղի՞ց էր այդ գումարը: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք ունեցել ենք էլեկտրոնային դրամապանակ, եւ բոլոր երկրներից հայերը, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար են ուղարկել: Մենք այդ գումարները ծախսել ենք, եւ հեղափոխության շրջանում ամեն շաբաթ մենք հրապարակել ենք՝ որքան գումար ենք ծախսել եւ ինչի համար»:
ՀՀ վարչապետն այս հայտարարությամբ, ըստ էության, վերջ դրեց վերջին մեկ տարվա ընթացքում հետեւողականորեն իրականացվող մանիպուլյացիաներին: Թավշյա հեղափոխության օրերին, նաեւ դրանից հետո նախկին իշխանությունները ջանքեր չէին խնայում հատկապես ռուսներին ապացուցելու, թե, իբր, Հայաստանում տեղի ունեցողը գունավոր հեղափոխություն է, նոր «մայդան», թե, իբր, այս ամենի թիկունքում կանգնած է Արեւմուտքը՝ «սորոսի փողերով», թե, իբր, այդ ամենն ուղղված է ՌԴ-ի դեմ: Նման պնդումների համար էլ «ունեին» որոշակի «հիմքեր». ի տարբերություն նախորդ ընդդիմադիր առաջնորդների` այս անգամ Փաշինյանն իր պայքարը չտարավ ավանդական մեթոդներով, այլ միանգամայն ուրիշ մարտավարություն ընտրեց, օգտվեց նորագույն տեխնոլոգիաներից, սոցիալական ցանցերից, նաեւ պայքարը դուրս հանեց Ազատության հրապարակից` տարածելով Երեւանով, Հայաստանով մեկ: Պատահական չէ, որ նույն հարցազրույցում Փաշինյանն ասել է, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ տարած հաղթանակ» էր: Հենց սա էլ նախկին իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես «Արեւմուտքի միջամտության» ապացույց, բայց՝ ապարդյուն:
Հենց սկզբից հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս պայքարը որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի: Ավելին՝ իր վարչապետության մեկ տարին ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն կտրուկ շրջադարձեր տեղի չունեցան, այլեւ ՌԴ-ի հետ բարեկամությունն ավելի է խորացել: ՀՀ-ն խորացրել է հարաբերությունները նաեւ Արեւմուտքի հետ:
Այս ամենի հետ մեկտեղ հարցազրույցում պնդելով, որ թավշյա հեղափոխությանը ֆինանսապես աջակցել են բոլոր երկրներից, մեծ մասն ուղարկվել է Ռուսաստանից` Փաշինյանը փակում է թեման` վերջ դնելով շահարկումներին, «սորոսյան փողերի» մասին առասպելներին:




Լրահոս