«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Լայանան է: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, նախասիրությունները, սովորությունները: Անդրադառնալով մարդկային հարաբերություններին՝ Լայանան խոստովանել է, որ դժվարությամբ է մարդկանց ներում, եթե նույնիսկ ներում է, չի մոռանում: Իսկ հարցին, թե ինչի համար է ափսոսում, Լայանան պատասխանել է՝ ափսոսում է, որ մինչ օրս չորս երեխա չի ունեցել: Երգչուհին խոսել է նաեւ թիկունքից հարվածողների մասին՝ նկատելով, որ եթե մեկը հաջողակ է, գեղեցիկ, անմիջապես հայտնվում են այդպիսի մարդիկ:
-Լայանա՛, սովորաբար ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը:
-Արդեն չորս տարի է՝ աղջկաս ձայնից եմ արթնանում: Նա առավոտները կանչում է` մամա, ես էլ զարթնում եմ:
-Միշտ պատրաստ եք ներել նրանց, ովքեր…
-Ախր, ես միշտ չէ, որ պատրաստ եմ ներել… Շատ մեծ դժվարությամբ եմ ներում, եթե ներում էլ եմ, չեմ մոռանում:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է Հայաստանի ամենատեսարժան վայրը, կա՞ մի տեղ, ուր սիրով էլի կայցելեք:
-Այո, իհարկե, Տաթեւի վանական համալիրն ու դրա հարակից տարածքը:
-Ինչպե՞ս կբնութագրեք հայաստանյան ներքաղաքական կյանքը մեկ բառով:
-Չասենք՝ թավշյա… Ես կասեի՝ անորոշ:
-Ո՞րն է Ձեր սիրելի ֆիլմը:
-«Արտույտների ագարակը»: Դաժան ֆիլմ է, բայց շատ եմ սիրում:
-Տարվա ո՞ր եղանակին եք զգում Ձեզ ինչպես ձուկը ջրում:
-Միանշանակ ամռանը: Միշտ է այդպես:
-Ի՞նչը կցանկանաք փոխել Ձեր արտաքինում:
-Կուզեի ավելի փոքր ոսկորով ծնված լինեի, այսինքն՝ հաստոսկր չլինեի (ծիծաղում է), թե չէ ուրիշ հատուկ բան չկա:
-Ի՞նչը չեք հանդուրժում մարդկանց մեջ:
-Կեղծավորությունը:
-Ի՞նչ ֆոբիաներ ունեք:
-Բարեբախտաբար, չունեմ:
-Ումի՞ց եք ստացել կյանքի մեծագույն դասերը:
-Թատերական ինստիտուտում ուսանելու տարիներին պատիվ եմ ունեցել շփվելու Երվանդ Ղազանչյանի հետ, կոնսերվատորիայում՝ Ռաիսա Մկրտչյանի հետ: Մեծերի հետ շփման ընթացքում շատ դասեր եմ քաղել, շատ…
-Ձեր ամուսինը միշտ ասում է, որ…
-Ագրեսիվ կերպով չխոսեմ: Ախր, իրականում ես ամենեւին էլ ագրեսիվ չեմ, բայց երբեմն ձայնիս տոնայնությունը խաբուսիկ է լինում: Դրանից մարդիկ կարող են վրդովվել, բայց իմ ձայնն է այդպիսին:
-Կա՞ ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի:
-Այո, սուշի:
-Ափսոսում եք, որ…
-Որ մինչեւ հիմա չորս երեխա չունեմ: Անկեղծ եմ ասում… Որքան երիտասարդ հասակում ես երեխա ունենում, այնքան լավ է լինում:
-Եթե լինեիք միլիոնատեր…
-Մի անեկդոտ կա: Մեկին հարցնում են. «Ի՞նչ կանեիք, եթե միլիոնատեր լինեիք»: Պատասխանում է. «Պարտքերս կտայի»: Հարցնում են. «Բա մնացա՞ծը»: Ասում է. «Մնացածը թող սպասեն»: Իսկ եթե լուրջ, ծովի ափին տուն կգնեի: Սիրում եմ ջուր, արեւ: Իմ երազանքն է նման միջավայրում ապրել: Նաեւ ֆինանսապես կօգնեի մարդկանց:
-Եթե հնարավոր լիներ փախչել, ապա ո՞ւր:
-Ես փախչողներից չեմ: Ոչ մի բանից էլ չեմ փախչում:
-Ո՞ր դարում կցանկանայիք ապրել:
-Տիգրան Մեծի օրոք, որպեսզի վայելեի ծովից ծով Հայաստանը: Էլի ծովի թեմային վերադարձանք…
-Թիկունքից հարվածողներ շա՞տ եք ունեցել:
-Բավական: Երբ մի քիչ հաջողակ ես, մի քիչ գեղեցիկ, թիկունքից հարվածողները հերթ են կանգնում: Ի դեպ, «գրոհները» կարող են լինել օնլայն եւ օֆլայն տիրույթներում: Այնպիսի տպավորություն է, որ մարդը մարդու լավը չի կամենում: Յուրաքանչյուր մարդ զգում է դա իր մաշկի վրա:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Այն հարցը, թե ումից եմ դասեր քաղել: Մենք դեռ երիտասարդ ենք, չենք գիտակցում այդ դասերի կարեւորությունը: Սխալվում ենք, էմոցիաների ազդեցության տակ նույն սխալն էլի ենք անում: Այդպիսին է կյանքը…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆԸ
Արդեն հինգ տարի է՝ «Վերադարձ», «Կյանքի գինը», «Ընտրյալները», «Անծանոթը», «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Ստեփան Շահինյանը որեւէ հեռուստանախագծի շրջանակում չի նկարահանվում, էկրաններին չի երեւում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչն է պատճառը:
«Ես պատրաստ եմ նկարահանվել, չնայած որ քիչ են վճարում: Բայց ես երեւի թանկ դերասան եմ համարվում, ինձ չեն կանչում»,-մեկնաբանեց նա:
Հարցին, թե արդյոք գնային քաղաքականության մասին քննարկումներ եղել են սերիալների պրոդյուսերների հետ, պարոն Շահինյանը պատասխանեց. «Այնպես չէ, թե ասել եմ՝ գիտեք ինչ, ձեզ մոտ չեմ ուզում խաղալ: Թեպետ սրտանց կասեի: Ուղղակի ես իրենց աչքում թանկ դերասան եմ, իրենք էլ մտածում են՝ ավելի լավ է՝ ուրիշ մեկին քիչ վճարեն, քան ինձ կանչեն»:
Պարոն Շահինյանը հիմա խաղում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ընդգրկված է «Մուսա լեռան քառասուն օրը», «Եվ մշուշը ցրվեց» ներկայացումներում. «Այս վերջին ներկայացումը «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի հիման վրա է բեմադրված»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ չկա այլ թատրոն, որն իրեն՝ որպես դերասանի, կձգեր եւ որտեղ կցանկանար խաղալ:
Հիշեցնենք, որ Ստեփան Շահինյանը խաղացել է Հ. Թումանյանի հեքիաթներում, Բոկաչչոյի «Դեկամերոն», Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ, եւ երեքն էլ մի աղջիկ» եւ այլ ներկայացումներում: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում` Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Ռումինիա եւ այլուր, մասնակցել տարբեր փառատոնների: 2001-11թթ աշխատել է ՀՀ ոստիկանության մշակույթի տանը, որտեղ կազմակերպել է մի շարք համերգներ, միջոցառումներ, ներկայացումներ, ամանորյա հանդեսներ: Նա նկարահանվել է «Ընկեր Փանջունի» (1993թ.) ֆիլմում:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՍԿՍՈՒՄ Է
Հայաստանի ֆուտոլի ֆեդերացիայի նախագահի օգնական Զոհրաբ Եգանյանը տեղեկացրել է, որ Ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում դաշտերի կառուցման խոշորամասշտաբ ծրագիր. «Ֆուտբոլի մասսայականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր: Առաջին փուլի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս, եւ, ըստ հաստատված հերթականության, շինաշխատանքները սկսվելու են»: Ըստ նրա, 40/20 չափի խաղադաշտերը կառուցվելու են ՀՖՖ-ի կողմից, որից հետո նվիրաբերվելու են համայնքներին. այս ծրագրի նպատակը հատկապես գյուղական համայնքներում ֆուտբոլ խաղալը հասանելի դարձնելն է: ՀՖՖ նախագահի կողմից ֆեդերացիայի աշխատակազմի առաջ դրված այս խնդրի կատարումը թույլ կտա գալիք տարին Հայաստանի ողջ տարածքում ունենալ շուրջ 500 ֆուտբոլային խաղադաշտեր, եւ դրանց գերակշիռ մասը լինելու են գյուղական համայնքներում:
ԱԶԱՐԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ
Երկար ժամանակ ֆուտբոլի տրանսֆերային կենտրոնում գտնվող տեղափոխությունը կարծես մոտենում է ավարտին: Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստ Էդեն Ազարը հայտնել է, որ արդեն կայացրել է իր վերջնական որոշումը. «Ես կայացրել եմ իմ որոշումը եւ դրա մասին հայտնել նաեւ ակումբի ղեկավարությանը: Ամեն ինչի մասին պարզ կդառնա Եվրոպա Լիգայի եզրափակչից հետո»,- ասել է Ազարը:
Հիշեցնենք, որ բելգիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը» եւ նրա համար առաջարկում է 100 մլն եվրո:
«ՄԱՆՉԵՍՏԵՐ ՍԻԹԻՆ» ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ
Միջազգային հեղինակավոր պարբերականները գրում են, որ անգլիական «Մանչեստեր Սիթին» կարող է մյուս մրցաշրջանում զրկվել Չեմպիոնների Լիգային մասնակցելու իրավունքից: Պատճառն այն կասկածներն են, որ քաղաքայինները, հնարավոր է, խախտել են ֆինանսական fair play-ի կանոնները: Նշվում է, որ 2014-ին անգլիական թիմը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, եւ հենց դա կարող է պատճառ դառնալ որակազրկման:
«Ման.Սիթիում» հերքում են եւ նշում են, որ իրենք ոչ մի օրենք չեն շրջանցել:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ