«ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԵՄ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Գագիկ Մադոյանն է: Նա անդրադարձել է իր բնավորությանը հատուկ գծերին՝ խոստովանելով, որ անուղղելի ռոմանտիկ է, եւ դա օգնում է իրեն հարաբերություններում: Դերասանը նկատել է, որ կարողանում է ինքն իր հետ «համագործակցել», համոզել, որ ամեն բան կարգին է, ու շարժվել առաջ: Նա նշել է, թե ինչպիսին է պատկերացնում ինքն իրեն տասը տարի անց՝ լճի ափին, վրանի մեջ: Գագիկը խոսել է նաեւ վերջին շրջանում իր անձի շուրջ պտտվող բամբասանքի մասին եւ պատմել ողջ իրականությունը:

-Գագի՛կ, կյանքը գունավորելու համար Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ:
-Համապատասխան մթնոլորտ, կոմֆորտ:
-Ի՞նչը կարող է հունից հանել Ձեզ:
-Ոչինչ:
-Դպրոցական տարիների Ձեր մականունը ո՞րն է եղել:
-Չեմ ունեցել մականուն:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ էր կապված:
-Անցյալի, բայց կարիք չկա դրա մասին խոսել:
-Ձեր մասին ի՞նչ բամբասանքեր են հասել Ձեր ականջին:
-Ասում են, թե, իբր, երկրորդ անգամ եմ ամուսնացել, բայց չկա նման բան. այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
-Իսկ Ձեր կողքին հիմա կին կա՞:
-Ո՛չ հերքում եմ, ո՛չ էլ հաստատում:
-Ձեզ համար ո՞րն է բոլոր ժամանակների լավագույն վեպը:
-Մարկեսի «Սերը ժանտախտի ժամանակ»:
-Ինչպե՞ս եք ներդաշնակություն գտնում, ո՞րն է դրա լավագույն ձեւը:
-Համագործակցում եմ ինքս ինձ հետ (ծիծաղում է): Ասեմ, որ ստացվում է: Ինքս ինձ կարող եմ համոզել, որ ամեն ինչ նորմալ է, եւ առաջ շարժվեմ:
-Կենդանակերպի ո՞ր նշանն է Ձերը:
-Կշեռք եմ:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ տասը տարի անց:
-Եռանդով լի, ակտիվ կյանքով ապրող տղամարդ: Ինձ պատկերացնում եմ լճի ափին, վրանի մեջ ինչ-որ մեկի հետ: Բնություն շատ եմ սիրում:
-Հագուստի ընտրության հարցում շա՞տ եք դժվարանում:
-Ինձ համար գրեթե անհնար է հագուստ ընտրելը: Գունային գամմաների առումով դժվարությամբ եմ կողմնորոշվում: Հիմնականում նախընտրում եմ կապույտի երանգները:
-Ձեր տրամադրության գույնն է կապույտը, այո՞:
-Այո, եթե նույնիսկ տխրում եմ, միեւնույնն է, երջանիկ եմ:
-Ո՞ր երգչին կարող եք անընդմեջ լսել: Մեկ հոգու անուն տվեք:
-Սթիվի Ուանդեր:
-Ավելի շատ թերագնահատո՞ւմ, թե՞ գերագնահատում եք Ձեր կարողությունները:
-Ես, ընդհանրապես, ինձ չեմ գերագնահատում, բայց չեմ էլ թերագնահատում: Կարող եմ ինքս ինձ քննադատաբար վերաբերվել, ռեալ նայել իրողություններին: Եվ, իհարկե, սիրում եմ ինքս ինձ հետ հումոր անել: Ոչ մի բանից չեմ ամաչում, չեմ քաշվում: Ես մարդ եմ, որն ունի թերություններ եւ իրավունք ունի սխալվելու:
-Աշխատանքի հարցում ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
-Սերը այդ աշխատանքի նկատմամբ:
-Ռոմանտի՞կ եք, թե՞ ռեալիստ:
-Անուղղելի ռոմանտիկ եմ, երազող: Դա ինձ միշտ օգնում է: Երազանքի ճանապարհին շատ ձեռքբերումներ եմ ունենում:
-Ինքներդ Ձեզ ինչպե՞ս կբնութագրեք երեք բառով:
-Բարի, նվիրվող, չարաճճի: Մի բան էլ պետք է ասեմ, ոչ հակիրճ ձեւակերպմամբ. եթե ինչ-որ մեկին չեմ սիրում, չեմ կարողանում թաքցնել դա:
-Հակառակ սեռը գնահատում է Ձեր…
-Նրբանկատությունը, ինտելեկտը: Ես գիտեմ՝ ինչպես կարելի է վարվել կանանց հետ: Նրանց դեպքում խորամանկություն չեմ բանեցնում: Եվ, առհասարակ, ես խորամանկ մարդ չեմ:
-Ձեզ համար անփոխարինելի մարդիկ կա՞ն:
-Եթե մեկին սիրում եմ, նա անփոխարինելի է ինձ համար: Նա երբեք չի զգա, թե ինչ բան է դավաճանությունը:
-Ումի՞ց կցանկանայիք ներողություն խնդրել:
-Միշտ ներողություն եմ խնդրում Աստծուց, ուզում եմ, որ ների մեղքերս, որոնք գործում եմ գիտակցաբար կամ անգիտակցաբար:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Ինձ թվում է՝ բոլորն էլ խորը հարցեր էին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՇՇՄԵԼՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՄ»

«Միշտ երազել եմ ունենալ Նռանե անունով աղջիկ, եւ, ահա, երազանքս իրականացավ: Նայում եմ նրան ու չեմ հավատում: Շշմելու զգացողություններ ունեմ: 40 տարեկանում` այսքան հասուն տարիքում երկրորդ անգամ հայր դառնալն էլ հետաքրքիր էմոցիաներ պարգեւեց»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր զգացողությունների մասին պատմեց դերասան Գնել Սարգսյանը: Նրա դուստրը լույս աշխարհ է եկել մայիսի 7-ին:

Գնելն ունի նաեւ 7 տարեկան որդի: Նրա խոսքով՝ ինքն ամեն ինչ անում է, որ որդին հանկարծ երկրորդ պլանում չհայտնվի. «Դստերս ծնունդից ամիսներ առաջ իր հետ զրուցել եմ, նախապատրաստել եմ, եւ նա մեծ երջանկությամբ է ընդունել քույրիկին: Ի դեպ, երբ ծնվեց որդիս, ես էլի հասուն տարիքում էի, 33 տարեկան էի, եւ այլ կերպ էի վերաբերվում երեխայի ծնունդին, հայր դառնալուն, հիմա՝ առավել եւս: Դուստրս զարմացրեց նաեւ իր՝ ժամանակից շուտ լույս աշխարհ գալով: Նրա ծնունդը նախատեսված էր մայիսի վերջին, բայց փոքրիկս առաջ ընկավ»,-ծիծաղելով նշեց դերասանը:
Մենք մի փոքր էլ գործնական կյանքից խոսեցինք: Վերջին հեռուստանախագիծը, որի շրջանակում նկարահանվել է Գնելը, «Շահմարի առեղծվածը» բազմասերիանոց ֆիլմն է: Դրանից հետո նա առաջարկներ չի ստացել. «Ինքս էլ դռներ թակելու, մարդկանց դիմելու սովորություն չունեմ, կկանչեն՝ թող կանչեն, ոչ՝ ուրեմն ոչ: Բայց մի հանգամանք էլ կա, որ նպաստում է ինձ չկանչելուն. շատերին թվում է, թե դեռ արտերկրում եմ ապրում, այնինչ արդեն ավելի քան երեք տարի է՝ վերադարձել եմ հայրենիք»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա խոստովանեց, որ մոնոներկայացմամբ հանդես գալու մտադրություն ուներ, սակայն արդեն երկրորդ երեխայի ծնունդով պայմանավորված՝ դրա ժամանակը պարզապես չկա:
Գնելը հավելեց, որ, բացի դերասանական կարիերայից, զբաղվում է նաեւ անհատական բիզնեսով. շուտով մայրաքաղաքում՝ կենտրոնական փողոցներից մեկում, տեղի կունենա իր փաբի բացումը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՄԵԾ ԷԿՐԱՆՆԵՐՈՎ
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, ըստ որի` Հայաստանի հավաքականի խաղերը կցուցադրվեն մեծ էկրաններով: Հայտարարության մեջ նշված է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցի հետ լայնամասշտաբ համագործակցության մասին: Այսուհետեւ «Սինեմա Սթարը» կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերը: Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Մ-19 Եվրո-2019-ի ողջ ընթացքում «Սինեմա Սթարը» կլինի նաեւ ՀՖՖ մեդիա գործընկերը: Համագործակցության շրջանակներում նախատեսվում են համատեղ բազմաթիվ միջոցառումներ «Սինեմա Սթար» կինոթատրոններում եւ խաղային տարածքներում: Համագործակցությունն իր մեջ ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների դիտումը մեծ էկրանների վրա, կիբերսպորտի մրցաշարերի անցկացում, ֆուտբոլիստների հետ շփման եւ տարբեր խաղերի համատեղ մասնակցության հնարավորություն եւ բազմաթիվ այլ անակնկալներ, որոնց մասին պարբերաբար կհայտնենք լրացուցիչ»:

 

 

 

ԲՈՒՖՖՈՆԸ ԵՐՋԱՆԻԿ Է
«ՊՍԺ»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտնել է, որ ակումբն իրեն նոր պայմանագիր է առաջարկել: Բուֆֆոնի խոսքերով. «Ակումբն ինձ նոր պայմանագիր է առաջարկել, եւ շատ ուրախ եմ դրա համար: Հաճելի է այդ փաստը: Առաջիկա օրերին մենք հանդիպում կունենանք, որպեսզի քննարկենք ու որոշենք` արդյոք հնարավոր է համագործակցության շարունակությունը:
Ես երջանիկ եմ Փարիզում: Այստեղ եմ եկել, որպեսզի փորձարկեմ ինձ որպես անհատականություն եւ ֆուտբոլիստ: Կարծում եմ՝ գտել եմ այն, ինչ փնտրել եմ:
Ֆրանսիայում շատ կան համաշխարհային մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ: Կան «Լիլի» եւ «Լիոնի» պես ակումբներ, որոնք հանգիստ կարող էին տեղ գտնել Ա Սերիայի առաջին հնգյակում: Լիգա 1-ը հզորությամբ հավասար է Ա Սերիային»:

 

 

 

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան մարզական հասարակական կազմակերպության» Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում մեկնարկել է Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 140 մարզիկ՝ Վանաձորի, Գյումրիի եւ Երեւանի 7 մարզադպրոցներից։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս