Հուլիսի 14-ին՝ ժամը 20:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 3 խումբ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:21-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:
Ժամը 01:41-02:39-ը երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար և 67 փրկարար: