Այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի և վերջինիս փաստաբանների՝ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մասին, հայտարարեց. «Առհասարակ Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերն իմ ուշադրության կենտրոնում են»:
Կոնկրետ գործով դատավորների գործողությունների մասով մտահոգություններին ՄԻՊ-ը տեղյակ է. «Դրանց վերաբերյալ չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը հրապարակային դիմել է ինձ, ինչից հետո ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնի: Առավել մանրամասն հարցն ուսումանսիրելուց հետո կհասկանանք՝ դա մեր լիազորությունների մեջ է, թե՝ ոչ»:
Քոչարյանի կալանավորումից հետո Արման Թաթոյանն այցելել է վերջինիս: Այցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, ՄԻՊ-ի նախաձեռնությամբ՝ նկատի ունենալով պաշտպանական կողմի մտահոգություններով. «Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են: Դժգոհություններ այդ մասով չեն ներկայացվել»:
Ամեն դեպքում Քոչարյանը մտահոգություններ հայտնել է, որոնք վերաբերում են դատարաններին և որոնց մասին բարձրաձայնում են փաստաբանները: Թաթոյանը նշեց, որ մանրամասներ չի կարող հայտնել առանձնազրույցից՝ հավելելով, թե Քոչարյանին տեղեկացրել է, որ մտահոգությունները չեն գտնվում ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակներում: