Օրերս հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որն իր մեջ հետաքրքիր եւ դիվանագիտական առումով կոշտ նկատառումներ է պարունակում նաեւ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Խոսքը Հայաստանում սպասվող վեթթինգի գործընթացի, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի շուրջ խոսակցությունների, ինչպես նաեւ դատարանները շրջափակելու մասին է:
Եվ առանձնացնելով Վենետիկի հանձնաժողովի կողմից արված դիտարկումները` կարող ենք արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր-անդամ» բառախաղը, Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա», Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ծափողջույններով ողջունելը։
Դատարաններն արգելափակելու որոշման մասին Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունում ասվում է. «ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաեւ հայտարարել դատական համակարգի նորացման մասին։
Պարոն վարչապետին ուղղված իր նամակում հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաեւ պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը եւ միջազգային ստանդարտներին։ Գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։
Անդրադառնալով Սահմանադրության մեկնաբանությանը` նրանք նշել են. «Փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ եւ աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչեւ 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը եւ անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնավարման՝ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, եւ կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»:
Ստացվում է` որքան էլ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները փորձում են ապացուցել Սահմանադրական դատարանում ճգնաժամի առկայության փաստը եւ ընտրված գործիքակազմի կարեւորությունը, միջազգային հանրությունը, ամեն դեպքում, քննադատաբար է վերաբերում արված հայտարարություններին եւ փաստացի կերպով դատապարտում Ազգային ժողովի` Վահե Գրիգորյանի հայտարարությունները սատարելը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներից եւ հատկապես այն պատգամավորներից, որոնք ջանասիրաբար եւ ամեն առիթն օգտագործելով` պաշտպանում էին Վահե Գրիգորյանին` պնդելով, որ նրա ասածները վերին աստիճանի ճշմարտություն են:
Սակայն հետաքրքիր է, որ, օրինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, որը ամեն կերպ փորձում էր արդարացնել Վահե Գրիգորյանի հայտարարությունները եւ նույնիսկ Հրայր Թովմասյանին խորհուրդ էր տալիս առհասարակ Սահմանադրական դատարան չմտնել, երեկ խուսափեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին` կապված Վենետիկի հանձնաժողովի հայտարարության հետ, այլ խորհուրդ տվեց դիմել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, որը, նկատենք, ամենահամեստ հայտարարությունների հեղինակն է եղել այդ թեմայով եւ ամեն կերպ Վահե Գրիգորյանի հայտարարությունների տիրույթը փորձում էր դուրս հանել խորհրդարանից` ի տարբերություն իր մյուս գործընկերների:
Սակայն Պետաիրավական հանձնաժողովի իշխանական պատգամավորներից շատերը երեկ եւս տարբեր պատճառաբանություններով խուսափեցին անդրադառնալ հնչած հայտարարություններին:
Հանձնաժողովի դիրքորոշումների շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանի հետ։ Նա նշեց, թե այն խնդիրներին, որոնք արձանագրված են հայտարարության մեջ, իրենք անդրադարձել էին վաղուց:
«Ես կարծում եմ, որ սա ավելի հեղինակավոր կարծիք պետք է լինի իշխանության ներկայացուցիչների համար, եթե մեր կարծիքը նրանց համար այդքան էլ հեղինակավոր չէր։ Հանձնաժողովն ընդգծեց, որ դատարանների մուտքերն արգելափակելը ճիշտ ճանապարհը չէր խնդիրների լուծման, ավելին` դա նաեւ հակասահմանադրական տարրեր էր իր մեջ պարունակում, ինչը մենք եւս ասում էինք։
Ինչ վերաբերում է վեթթինգին, մենք կողմ ենք ոչ թե անպայմանորեն վեթթինգի իրականացմանը, այլ մենք վեթթինգն առաջարկում ենք այսօրվա իշխանություններին որպես մեր առջեւ դրված խնդիրների լուծման տարբերակներից մեկը, քանի որ նրանք արմատական փոփոխություններ էին ուզում դատական համակարգի ներսում։ Կարելի է օգտագործել այլ մեթոդներ. ընդհանրապես, վեթթինգի պետք է գնալ այն ժամանակ, երբ սպառվել են մինչ այդ անհրաժեշտ բոլոր գործիքներն ու մեթոդները, եւ այլեւս հույս չկա, որ եղած գործիքներով կարելի է խնդիր լուծել», – նկատեց Տարոն Սիմոնյանը։
Դիտարկմանը` ինչ հետեւությունների պետք է հանգել այս զեկույցից, Տարոն Սիմոնյանը նշեց. «Միակ հետեւությունն այն է, որ պետք է սկզբից մտածենք, հետո խոսենք, իսկ եթե խոսում ենք առանց մտածելու, առանց մասնագիտական հիմնավորվածության, հետո փորձում ենք մեր ասածի «տակից դուրս գալ», վերացական մակարդակում խնդիրներ ենք առաջացնում եւ փորձում ենք «քաջաբար» հաղթահարել դրանք։ Ես խորհուրդ կտամ մեր քաղաքական իշխանության ներկայացուցիչներին եւ նաեւ իրավական համակարգի ներկայացուցիչներին մինչեւ վերջնական եզրակացություններ անելը ավելի լուրջ մասնագիտական հետազոտություններ անել, որից հետո միայն հանդես գալ հայտարարություններով»։
Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ ՀՀ արդարադատության նախարարություն, քանի որ Վենետիկի հանձաժողովի հետ գլխավոր բանակցությունը հենց այս նախարարությունը պետք է վարեր:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին․ «Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի այս առումով որեւէ խզում նախկինում արված հայտարարությունների եւ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջեւ չկա:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որեւէ պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի արտահայտել», – նշեցին մամուլի ծառայությունից:
Հ.Գ. Առաջիկայում հարցի վերաբերյալ հանդես կգա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նաիրա Հովհաննիսյան