Ամեն ինչ դեռ կորած չէ. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը միանգամայն այլ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկը տարածել էր մի փաստաթուղթ, ըստ որի` Վենետիկի հանձնաժողովը դաժանագույնս քննադատել է ՀՀ գործող իշխանությունների իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` դատարանների դռները փակելու, վեթթինգի, սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի ինքնագործունեության եւ այլ վիճահարույց իրավիճակների մասով:

Բայց պարզվում է, որ այդ փատաթուղթը իրականում այնքան էլ փաստաթուղթ չէ, այլ Վենետիկի հանձնաժողովում քննարկված մի նիստի արձանագրություն, որտեղ հնչել են կոշտ գնահատականներ:

Իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշմանը, ապա այն, պարզվում է, միանգամայն այլ է:

Մասնավորապես, հանձնաժողովը բեղմնավոր է գնահատել Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը եւ դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները:

«Հայաստանի իշխանությունների հետ արգասաբեր համագործակցության շրջանակում, մասնավորապես, դատական բարեփոխումների հետ կապված, 2019թ. հուլիսի 2-ին` ՀՀ արդարադատության նախարարի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպումից հետո, նախարարը հայտարարել է, որ կակնկալի հանձնաժողովի կարծիքը Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի առնչությամբ, որոնք ներկայում նախապատրաստվում են Եվրոպայի խորհրդի հետ կոնսուլտացիաներով, երբ փոփոխությունները պատրաստ կլինեն»,-նշված է Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ:

Պարզվում է` այս ամսվա սկզբին ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է Ստրասբուրգ հուլիսի 1-2-ը, հանդիպումներ ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաեւ դատաիրավական ոլորտում կառավարության մոտեցումները, կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից:

Ասել է թե` ամեն ինչ դեռ կորած չէ: Վենետիկի հանձնաժողովը դեռ սպասում է փաստաթղթերի լայն փաթեթին, որը դրվելու է լայն քննարկման եւ ներառում է ոլորտի առավել ընդգրկուն բարեփոխումներ:




Լրահոս