Վեթթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաեւ դատական համակարգին եւ վեթթինգ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններին: Մասնավորապես, ՀՀ վարչապետը նշել էր, որ վեթթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ եւ սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում: «Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետեւ մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,- նշել է նա:

Սակայն հետաքրքիր է, որ այս երկու ամիսների ընթացքում վարչապետը, կարծես թե, մտքափոխվել է եւ մի փոքր այլ կերպ է ներկայացնում վեթթինգի գաղափարը: Բանն այն է, որ մայիսի 20-ին նա իր ելույթում նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթթինգի: «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

Եվ հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն երկու ամիս անց ստացվում է, որ իրական նպատակն անկախ եւ անաչառ դատարանի ստեղծումն է, այլ ոչ թե դատավորներին վեթթինգի ենթարկելը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս