Սիրելի հայրենակիցներ, մամուլով այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սամվել Բաբայանը հաջորդ շաբաթվանից պատրաստվում է «փողոցային պայքարի»։ Ի սկզբանե, ստորագրահավաքը սկսելու առաջին իսկ պահից, ստորագրահավաքի նախաձեռնող խումնբը, որի անդամ է հանդիսանում նաև Սամվել Բաբայանը որդեգրել է իր համար միայն օրինական դաշտում գործելու սկզբունքները։ Ուստի կապելով ամեն ինչ Սամվել Բաբայանի անվան հետ, առաջին հերթին վիրավորանք է հասցվում նախաձեռնող խմբի մյուս անդամներին՝ անհարգալից դրսևորումներով։
Ստորագրահավաքը նախաձեռնել է երկու հարյուր և ավելի քաղաքացիներից բաղկացած խումբը, ուստի հավաքներ անցկացնելու մասին որոշումն էլ պատկանում է միայն նախաձեռնող խմբին։ Դեռ նախաձեռնող խումբը ըստ ԱՀ սահմանադրությունով հաստատված կարգի , ԱՀ սահմանադրություն գլուխ 2, հոդված 44, որևէ դիմում չի ներկայացրել պատկան մարմիններին հավաքներ անցկացնելու մասին։
Այժմ նախաձեռնող խմբի և քաղաքական տարբեր ուժերի միջև ընթանում են բանակցություններ։ Նախաձեռնող խումբը հնարավորին ամեն ինչ անում է հարցը հանրահավաքներին չհասցնելու ուղղությամբ։ Սակայն, եթե այս բանակցությունները իրենց պատշաճ հանգուցալուծմանը չհասնեն, հավաքներ անցկացնելը կդիտվի ժամանակի անհրաժեշտություն։ Տարածված այն լուրերը, որ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ ինչ-որ քաղաքական ուժերի հետ չի համապատասխանում իրականությանը։ Ցանկացած տեղեկություն ունենալու դեպքում նախաձեռնող խումբը հանդես կգա հայտարարությամբ։ Ուստի կոչ ենք անում, չտրվել ապատեղեկատվական ոչ մի սադրանքի։
Իսկ նրանք, ովքեր հայտարարում են, որ մեկ է չի ընդունվելու նախագիծը, շտապենք հիշեցնել, որ դա ոչ որևէ անհատի, ոչ էլ որևէ քաղաքական ուժի քմահաճույքի դրսևորում կարող է լինել։ Երբ ստորագրահավաքի ավարտից հետո կհրապարակվեն թվերը, դուք ստիպված կլինեք հաշվի նստել այս մարդկանց որոշման հետ։
Դուք ստեղծել եք մի պետություն, որի այսպես ասած կայացման հիմքում դրել եք ձեր իսկ կողմից նախապատվելի, հորինված ու լղոզված օրենքները։ Մինչդեռ մենք ստեղծելու ենք պետություն, որի հիմքն ու անկյունաքարը լինելու է անձի իրավունքի գերակայությունը։ Անձն է ստեղծելու իր երկրում օրենքները, և պետք եղած ժամանակ նաև փոխելու է դրանք ըստ ժամանակի հրամայականի՝ հղում տալով ազգային շահին։ Եվ առհասարակ ժողովրդի իրավունքի գերակայությունը պիտի լինի ցանկացած առողջ հասարակության ձևավորման թագն ու պսակը։
Նախաձեռնող խումբ