Շիրակից սկսելը պետք է վարակիչ լինի. մարզպետը Փաշինյանի հեղափոխական քայլերթը Գյումրիից սկսելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հույս հայտնեց, որ գործարարների համար վարակիչ կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակից սկսելու օրինակը, հավանաբար նկատի ունենալով նախորդ տարի թավշյա հեղափոխության քայլարշավի սկզբնակետ Գյումրի քաղաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարզպետն ասաց հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում:

«Մենք մեր համաժողովի մասնակիցներին բաժանել ենք երկու սեգմենտի՝ այն մարդիկ, ովքեր սկսել են Շիրակից, և այն մարդիկ, ովքեր պատրաստվում են սկսել Շիրակից: Պարոն վարչապետ, դուք նաև Շիրակից սկսողների լավ օրինակներից մեկն եք, և հուսով ենք, որ այս օրինակը վարակիչ կլինի: Այսօր թվային տվյալներով չեմ ծանրաբեռնի, այսօր ցանկանում ենք ավելի շատ ցույց տալ Շիրակն այնպիսին, ինչպիսին կա, ցույց տալ մեր զգացմունքներն ու էմոցիաները»,- ասաց Պետրոսյանը:

ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով: Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի պաշտոնական մասն ունի շուրջ 300 մասնակից: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:




Լրահոս