«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները գերազանց են. երեկ նման հայտարարություն է արել Երեւանում իր քառամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` նշելով որ Հայաստանի ու Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրականացման փուլում է: «Մենք էականորեն մեծացրել ենք Հայաստանի զարգացման համար նախատեսված ֆինանսական աջակցությունը: Ինչպես տեղյակ եք, Հայաստանը ստացել է 25 միլիոն եվրո, այսպես կոչված, հովանավոր ֆոնդի շրջանակում», – նշել է Սվիտալսկին:
Հեռացող դեսպանը հետաքրքիր հայտարարություն է արել` ասելով, որ Բրյուսելը պատրաստակամ է աջակցել հայաստանյան դատական բարեփոխումներին, սակայն ամենեւին մտադիր չէ Երեւանին պարտադրել իր օրակարգը կամ թե ինչ եղանակով բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում: «Եվրամիությունը վճռական է՝ աջակցել հայաստանյան կողմի քայլերին՝ բարեփոխելու դատական համակարգը եւ ստեղծելու իրապես անկախ, մաքուր եւ արդյունավետ դատական համակարգ: Պատրաստակամ ենք ցուցաբերել քաղաքական, տեխնիկական ու ֆինանսական աջակցություն»,-ասաց Սվիտալսկին:
Հետաքրքիր է, որ օրեր առաջ` ընդամենը հուլիսի 16-ին, հրապարակվել էր Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը, որտեղ հստակ ուղերձներ չկային` կապված Հայաստանում դատաիրավական ոլորտում բարեփոխումների հետ, իսկ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո ակնկալել էր Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացություն, երբ այն պատրաստ կլինի: Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ԵՄ-ի եւ հատկապես դեսպան Սվիտալսկու կողմից առավելապես Հայաստանի իշխանություններին պաշտպանող հայտարարություններ են հնչում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում