Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը tert.am-ին տված հարցազրույցում պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին` փաստացի արձանագրելով, որ Հայաստանում հաստատվել է երկիշխանություն: Մի կողմում են հայտնվել օրենսդիրն ու գործադիրը, որոնք Փաշինյանի միանձնյա ղեկավարման ներքո են, մյուս կողմում է Սահմանադրական դատարանը, որը գործում է իր լիազորությունների շրջանակում և դիմադրում է սկսված դեմարշին: Թովմասյանի հարցազրույցի ոճը և տրված պատասխանները կարելի է շախմատային լեզվով «շախ» համարել, քանի որ այն կառուցված էր իրավական գրագիտության կանոնների համաձայն:
ՍԴ նախագահի անձի հարցում կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ, սակայն Փաշինյանի անզուսպ և անձնական վիրավորանքներով լի հարցազրույցի ֆոնին Թովմասյանի խոսքը լրիվ առանձնանում է:
Նա, փորձելով դուրս չգալ իր լիազորությունների շրջանակից, ըստ էության, հակադարձեց Փաշինյանին, որ ՍԴ-ն անկախ մարմին է, իրավահավասար կարգավիճակ ունի, ինչ իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերը, հետևաբար չի տրվում և չի տրվելու քաղաքական ազդեցության, շարունակելու է կատարել իր պարտականությունները:
Խոսելով ՍԴ-ի դեմ քաղաքական ճնշումների մասին` Թովմասյանը հորդորում է զգուշորեն օգտագործել այդ բառը, քանի որ դա քրեական հանցանք է: Սրանով նա ակնարկում է Փաշինյանին, որ քաղաքական ցանկացած ճնշում սահմանադրական մարմնի նկատմամբ հանցագործություն է և կարող է վատ հետևանքներ ունենալ:
Եվ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ մինչ օրս ՍԴ-ն իր կազմով շարունակում է աշխատել, չկա այն ցրելու կամայական մեխանիզմ: ՍԴ-ի կազմը կարող է փոխվել միայն իրավական միջոցներով, իսկ Փաշինյանն այսօր չունի այդ գործիքակազմը:
Թեև ՍԴ նախագահի՝ Փաշինյանի թեկնածու Վահե Գրիգորյանը պնդում է, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, և փորձում է այդպես հիմնավորել կազմի փոփոխության անհրաժեշտությունը, Թովմասյանը բերեց մի շարք փաստարկներ, որ ճգնաժամ գոյություն չունի, քանի որ լիարժեք իրականացնում է իր լիազորությունները և ընդունում որոշումներ: Սա հարցազրույցի առանցքային կետերից միայն մեկն է: Ֆիքսենք, որ Հրայր Թովմասյանը բացահայտ մերժեց հրաժարական ներկայացնելու պահանջները:
Բայց նրա հարցազրույցում առանցքային են մի քանի այլ կետեր: Թովմասյանը բացատրեց, թե ինչու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով:
Նա նկատել է, որ եվրոպական այդ կառույցների խորհրդատվական կարծիքը խիստ անհրաժեշտ է նման գործերի դեպքում, բայց վերջնական որոշումը, միևնույն է, ընդունելու է ՍԴ-ն. «Վերջնական ակտը կայացնելու է ՀՀ Սահմանադրական դատարանը, և դրանք, այսպես ասած, ընկերոջ աջակցություն են: Սա, թերևս, այն գործն էր, որտեղ, կարծում եմ, ոչ միայն անհրաժեշտ էր, այլ, չեմ ուզում «պարտադիր» բառն օգտագործել, բայց եթե մի դեպք կար, որ պետք է օգտագործեինք, դա այս դեպքն էր»,- ասել է Թովմասյանը:
Ըստ էության, նա պնդում է, որ ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին դիմել չի նշանակում, որ ՍԴ-ն խուսափում է պատասխանատվությունից, պարզապես այդ կերպ ՍԴ-ն լեգիտիմացնելու է իր հնարավոր որոշումը, որպեսզի խուսափի քաղաքականացվելուց: Երբ ՍԴ-ն, հղում անելով եվրոպական անկախ կառույցների գնահատականներին, կընդունի համապատասխան որոշում, ապա լիովին սնանկ կհամարվեն ՍԴ-ի հասցեին մեղադրանքները:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի կոշտ գնահատականին, թե Թովմասյանը «բուդկայի» նման ՍԴ-ն սեփականաշնորհել է, ապա ՍԴ նախագահը հակադարձել է. «Կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, որ ՍԴ-ն ինչ-որ հիմնարկ է, ես էլ այնտեղի «դիրեկտորն» եմ, ես եմ որոշում ամեն ինչ: ՍԴ նախագահն արդարադատություն իրականացնելիս հարյուր տոկոսով ունի նույնական լիազորություն, ինչ դատարանի մյուս անդամները:
Եվ հռետորական հարց տամ. իսկ դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում` երկրի վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, դատավորները, արդյոք այդ «բուդկայի՞» հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների Սահմանադրական դատարանների նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են»: Նա պարզաբանել է Սահմանադրության այն 2013-րդ հոդվածը, որի կարգավորմամբ է այսօր ստեղծվել այս իրավիճակը, երբ նախկին իշխանության օրոք ընտրված ՍԴ անդամները պետք է պաշտոնավարեն մինչև իրենց լիազորությունների ավարտը.
«Դատական իշխանության անկախության գլխավոր գրավականը վերջիններիս անփոփոխելիությունն է: Եթե նրանք քաղաքական դրդապատճառներով կարող են փոխվել, ապա մոռացեք, որ իրենք ընդհանրապես անկախ են: Պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում 213-րդ հոդվածը: Դա դատական իշխանության անկախության երաշխիքն է, կրկնում եմ՝ դատավորների անփոփոխությունը դատավորի անկախության երաշխիքն է»,- նշել է Թովմասյանը:
Այս ամբողջ պատմության առանցքը հենց այդ հարցն է, թե ի՞նչ ենք ուզում` իսկապե՞ս անկախ դատական համակարգ, թե՞ «ժողովրդի առաջնորդի» կամակատար դատական իշխանություն: Եթե անգամ նախորդ իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ցանկանում էր ունենալ ենթակա դատարան, ապա, միևնույն է, Սահմանադրության մեջ տրվել է դատավորների անկախության այդ երաշխիքը, որին ականատես ենք լինում այսօր:
Եվ ճգնաժամ իրականում ստեղծում է նա, ով ցանկանում է ամեն գնով ՍԴ անդամներ նշանակել իրեն հաճելի մարդկանց, ՍԴ-ն դարձնել գործադիրի կցորդ:
Դիտմամբ, թե պատահմամբ, ստացվել է անպես, որ այսօր ՍԴ-ն հանդիսանում է այն մարմինը, որը թույլ չի տալիս Հայաստանում մեկ անձի բացարձակ իշխանության հաստատումը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում