«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հիշում եք երևի, երբ հեղափոխությունից հետո «քայլիստներին» մեծ- մեծ պաշտոնների էին նշանակում ու որ զարմանում էինք, այսպես էին ասում՝ ի՞նչ անենք՝ անփորձ, մաքուր մարդիկ են, պիտի գող, ավազա՞կ լինեն, թող աշխատեն, կսովորեն։
Այսօր վիքիպեդիայում նայում եմ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կենսագրությունը՝ հայ պետական գործիչ․․․ Էլ ի՞նչ շարունակես։ Ակամայից մտածում եմ, իսկ գուցե մաքուրն էլ հորինված է։ Բացում եմ http://www.datalex.am/ տեղեկատվական համակարգը․
Դատական Գործ N: ԵԱՔԴ/3003/02/15, որում նշվում է՝ մեջբերում. <Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Վիվառո Բեթինգ>> ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 02590728, պետական գրանցման վկայական՝ 03Ա082901, այսուհետ նաև Հայցվոր) ընդդեմ Դավիթ Հովիկի Գևորգյանի (անձնագիր՝ AH0423293, տրված՝ 04.05.2007թ.-ին 004-ի կողմից)՝ պարտքի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումարի, նախապես վճարված պետական տուրքի՝ 20.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին․․․>։ Շարունակությունը՝ Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշման հակիրճ բովանդակությունը:
Դիմելով դատարան` Հայցվորը հայտնել է, որ Պատասխանողը աշխատում է հայցվոր ընկերությունում՝ որպես մենեջեր, որի հետ 02.02.2015 թվականին կնքվել է թիվ 065 աշխատանքային պայմանագիրը: Հայտնել է, որ Պատասխանողը 16.03.2015 թվականին տվել է պարտավորագիր, որով ընդունել է իր մեղքով ընկերությանը պատճառված վնասը և պարտավորվել է 3.066.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնել հայցվոր ընկերությանը մինչև 17.03.2015 թվականը: Սակայն, վերջինս իր կողմից տրված պարտավորագրի պայմանները խախտել է և մինչ օրս պարտքից մարվել է ընդամենը 2.066.000 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարը չի վերադարձրել: Հայտնել է, որ Պատասխանողի պարտքը 17.06.2015 թվականին կազմում է 1.000.000 ՀՀ դրամ գումար:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել․ 02.02.2015թ. կնքվել է աշխատանքային պայմանագիր, իսկ 16.03.2015թ.-ի դրությամբ իր մեղքով ընկերությանը պատճառված վնասը կազմել է 3.066.000 ՀՀ դրամ: Մեկ ամսվա ընթացքում այսպիսի յուրացում:
Եվ այս անձը համարվում է մաքուր և ոչ միայն մարզ է ղեկավարում, այլև գործ ունի պետական բյուջեի հետ: Կենսագրության մեջ Դավիթ Գևորգյանն այսպիսի բան է գրել․ 2016-2018թթ․ <Առգե բիզնես> ՍՊԸ-ի շուկայի ուսումնասիրության մասնագետ։ Այս ՍՊԸ-ն զբաղվում է տնտեսական, կենցաղային քիմիայի ապրանքների, հիգիենիկ միջոցների և պարենային ապրանքների տարածումով: Աղբյուր՝
https://www.spyur.am/am/companies/arge-business/5681
Հետաքրքիր է շուկայի ուսումնասիրության մասնագետ ասելով հատկապես ի՞նչ է ի նկատի ունեցել պարոնը՝ շուկայաբանությունը, շուկայագիտությունը թե՞ շուկայավարությունը: Երևի թե, այո, տպավորություն գործելու համար այսպես է գրել: Իրականում, մեր աղբյուրները պարզեցին, եղել է սովորական առաքիչ և առաքման հիգենիկ պարագան էլ եղել է ուկրաինական արտադրության զուգարանի թուղթը:
Ինձ հետաքրքրեց նաև մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը։ Աթանեսյան Գառնիկն էլ պարզվում է խաղամոլության նկատմամբ մեծ սեր ունեցող անձնավորություն է: Դրա մասին է վկայում http://www.datalex.am/ Դատական Գործ N: ԱՐԱԴ2/0342/02/17 գործը: Մարդը դատական անվերջ քաշքշուկների մեջ է: Խաղացել է ու կրվել բավականին մեծ գումար։ Ու մարզպետի տեղակալ է։
Զուտ պաշտոնականն է, որը ապացուցման կարիք չունի»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում