«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանում դատական բարեփոխումների գործընթացին: Դեսպանի խոսքերով՝ քննարկվում է կամ երկարաժամկետ բյուջետային աջակցության տարբերակը՝ մի քանի տարի ծրագրով, կամ կարճաժամկետ ֆինանսական աջակցության տարբերակը: Միաժամանակ նա հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին չի պարտադրում դատական ռեֆորմի որեւէ մոդել: Հայտնի է, որ վարչապետ Փաշինյանը դատական ռեֆորմ իրականացնելու ֆինանսական աջակցության տեսանկյունից ակնկալիք է արտահայտել՝ կապված դատավորների բարձր աշխատավարձի հետ: Նա շաբաթներ առաջ հայտարարել է, որ եվրոպական գործընկերներին առաջարկել են օգնել աշխատավարձային վճարումների ֆինանսական օժանդակության հարցում՝ դիտարկելով բարձր աշխատավարձը դատական անկախության երաշխիքներից մեկը:
Արդյո՞ք Պյոտր Սվիտալսկին խոսելով օժանդակության պատրաստականության մասին, նկատի ունի հենց այդ հանգամանքը: Մյուս կողմից, եթե նա խոսում է որեւէ մոդել չպարտագրելու մասին, արդյո՞ք նկատի ունի, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել առանց, այսպես ասած, իր մոդելային պատկերացումները պարտադրելու: Սա իրապես լուրջ խնդիր է երկու առումով: Նախ, երբ խոսում ենք Հայաստանում անկախ արդարադատության մասին, ապա դա պետք է ենթադրի ոչ միայն ձայաստանի գործադիր եւ օրենսդիր, կամ որեւէ իշխանությունից անկախ, այլ նաեւ որեւէ միջազգային սուբյեկտից անկախ դատական համակարգ: Ըստ այդմ, եթե Հայաստանի դատական համակարգը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց լինի եվրոպական որեւէ պայմանի ենթակայության ներքո, ապա սա ոչ միայն դատական, այլ ընդհանրապես նաեւ քաղաքական լրջագույն խնդիր է նոր Հայաստանի համար, որը շղթայական ազդեցությամբ բերելու է խորքային ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական խնդիրների, այդ թվում Նաեւ Եվրամիության կամ առնվազն ԵՄ մի շարք կարեւոր պետությունների համար:
Ըստ այդմ, եթե դեսպան Սվիտալսկու երկու հայտարարությունները, որ պատրաստ են օժանդակել, միաժամանակ չեն ցանկանում որեւէ մոդել պարտադրել, այսպես ասած՝ միասայր են իմաստով եւ խնդրի ընդգրկումով, ապա սա կարող է լինել միանգամայն ողջունելի եւ նշանակալից մոտեցում: Եվ այստեղ է նաեւ երկրորդ կարեւոր հանգամանքը: Մոտ երկու տասնամյակ Եվրամիությունը Հայաստանի հետ աշխատել է հենց մոդելային ներդրման գերակայությամբ եւ դրա թե´ զուտ ոլորտային, թե´ քաղաքական էֆեկտիվության գրեթե զրոյականությունը ակնառու էր ասոցացման գործընթացը անփառունակ տապալման տեսքով, որն ինքը ընդամենը հետեւանք էր: Եվ մոդելային գերակայության սկզբունքի անարդյունավետության պատճառը լոկ այն չէր, որ իշխանությունը Հայաստանում կոռումպացված էր եւ ոչ լեգիտիմ: Ի վերջո, անգամ լիովին հակառակի պարագայում, կամ հանրային, սոցիալ-հոգե- բանական իրողություններ, որոնք բացառում են մոդելային ունիվերսիֆիկացիան, մոդելների հանրային ադապտացիան, փոխարենը, կամա թե ակամա, խթանում տարաբնույթ մանիպուլյացիաների դաշտը:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում