ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը քրեակատարողական ծառայությունում 2016-2018թթ կազմակերպված մի շարք գնման գործընթացներում հայտնաբերել է խախտումներ: Խախտումներն արձանագրվել են մասնավորապես դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՊՎԾ-ի կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունում:
Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: «Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն»,-նշված է հաշվետվությունում:
Մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը: «Հաճախ տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։ Միաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարարվել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ»,-նշված է հաշվետվությունում:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված և Պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առարկա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ: Դրանք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր։ Ծառայությունից տեղեկացրել են նաև, որ տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով: