«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին լրատվամիջոցներում անընդհատ տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ ուսումնասիրություններ են սկսվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից նախկինում պաշտոնավարման շատ գործողությունների մասով: Խոսքն, օրինակ, նրա` արդարադատության նախարար աշխատած տարիներին է վերաբերում, երբ, ըստ հրապարակումների, չարաշահումներ է թույլ տվել: Երեկ էլ հրապարակումներ եղան այն մասին, որ իրավապահներն արդեն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները, երբ նա 2014-2017 թթ. զբաղեցնում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչեր են հայտնաբերվել Հրայր Թովմասյանի պաշտոնավարման տարիներին առնչվող: Նա ոչինչ չմեկնաբանեց: Մինչ այդ նշենք, որ կուլիսներում այլ կերպ են մեկնաբանում Թովմասյանի շուրջ սկսված ուսումնասիրությունները: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ իշխանությունները Բարձրագույն դատական խորհրդի օրինակով ցանկացել են նույն կերպ վարվել նաեւ ՍԴ-ի դեպքում, որպեսզի դատավորները հրաժարական տան, սակայն այդպես չեղավ: Եվ Թովմասյանի շուրջ սկսված ստուգումները եւս նրանից «ազատվելու» սցենարներից մեկն է:
Ի վերջո, ՍԴ դատավորները պաշտպանված են օրենքով, եւ գրեթե չկան նրանց պաշտոնանկ անելու մեխանիզմներ` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, որի հոդված 12-ի 6-րդ կետը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման եւ դադարեցման հիմքերը: Մասնավորապես, դադարում է այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով: Իհարկե, սա եւս երկարատեւ պրոցես է, սակայն գործընթացն արդեն սկսված է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում