ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր խնդիրներ ավտոներկրողների համար. ինչու են հայերի համար փակվում ճապոնական աճուրդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը ակտիվ ներմուծում է Ճապոնիայի երկրորդական շուկայի ավտոմեքենաները: Ինչպես հայտնի է, դրանք ձեռք են բերվում հիմնականում աճուրդների միջոցով, որից հետո ավտոմեքենաները փոխադրվում են Հայաստան: Այս գործընթացը տեւում է 2-3 ամիս, սակայն վերջին մի քանի օրերին ճապոնական աճուրդներից օգտվող քաղաքացիները ընկել են անհարմար դրության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են: Այսինքն` երեք օր է` մեքենա ներմուծողները չեն կարողանում մասնակցել ճապոնական աճուրդներին: Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ:

Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: «Նոր իրավիճակ է. ճապոնական աճուրդների կայքերը փակված են մեզ համար, տղաները չեն կարողանում իրենց հետ առեւտրային հարաբերությունների մեջ մտնել: Քանի որ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ, վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ նոր տարի»,- տեղեկացրեց Տիգրան Հովհաննիսյանը: Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1-ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումն է:

Այսինքն` երրորդ երկրից Հայաստան ներմուծված մեքենաների մաքսազերծումը զգալի կթանկանա: Բանն այն է, որ Հայաստանը 2020-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին է անցում կատարելու: «Շատերի անձնական էջերը փակվել են հուլիսի 22-ից, որովհետեւ ճապոնական կողմը չի խոստանում, որ մեքենան կարող են մինչեւ 2020 թվականի հունվարի մեկը հասցնել Հայաստան: Մերոնցից կան, որ ռիսկի են դիմել, գումարն էլ են ուղարկել, բայց դիլլերները հետ են վերադարձրել այն: Ասում են` եկե՛ք այստեղ, ստորագրություն տվե՛ք, որ եթե մեքենան հունվարի 1-ից հետո հասնի Հայաստան, դուք մեզ համար խնդիր չեք առաջացնի»,- իրավիճակը ներկայացրեց մասնագետը:

Մանրամասները` տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս