Տուժողի ընտանիքի անդամները` ապօրինի ծառահատողներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանում վերջերս ապօրինի կերպով միջպետական ավտոճանապարհ փակելու, ոստիկաններին դիմադրելու գործով Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից») եւ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»):

Նրան կալանավորելու որոշում կայացվել է հուլիսի 20-ին Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի կողմից: Վահրամի հայրն ու եղբայրը` Գարսիկ եւ Սասուն Սիմոնյանները, նույն քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունեն, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գարսիկ Սիմոնյանի 3-րդ որդին` Ժորա Սիմոնյանը, հանդես է գալիս որպես ոստիկանության Իջեւանի բաժնում խոշտանգման գործով տուժող:

Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 38-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Գ․ Մարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»), խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2019թ. փետրվարի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Քրեական գործով մեղադրող ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը եւ քրեական գործով տուժող Ժ. Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը այդ դատավճռի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել: Սույն քրեական գործով վերջին նիստը Երեւանում` Վերաքննիչ դատարանում, կայացավ հուլիսի 16-ին: Գերասիմ Մարդանյանը պնդում է, որ իրականում իր դեմ հարուցված գործը շինծու է. անօրինական ծառահատումներով զբաղվել է Ժորա Սիմոնյանի ընտանիքը:

Ոստիկանության Իջեւանի բաժնից հայտնեցին, որ 2019թ. հունիսի 11-ին Իջեւանի բաժնի ոստիկաննեերը Այգեհովիտ գյուղում գտնվող Գարսիկ Սիմոնյանի այգում հայտնաբերել են մոտ 4 խորանարդ մետր ապօրինի պատրաստված վառելափայտ, որի կապակցությամբ վերջինիս պատկանող «ԳԱԶ-66» ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջեւանի բաժին, որտեղ նյութեր են նախապատրատվել:

2018թ. մարտի 15-ին Այգեհովտի անտառապահից Ժորա Սիմոնյանի դեմ բողոք է ստացվել, որ Ժ. Սիմոնյանի կողմից մարտի 14-ին կատարված ապօրինի ծառահատումների վերաբերյալ հաջորդ օրը վիճաբանություն է տեղի է ունեցել նրա եւ Իջեւանի անտառտնտեսության Այգեհովտի տեղամասի անտառապահի միջեւ, որից հետո Ժ. Սիմոնյանը մարմնական վնասվածքներ է հասցրել անտառապահին:

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս