Ամուսնությունը հնացած ինստիտուտ է, սիրո ոչ հաջող շարունակություն. Սուրեն Շահվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն է: Նա անդրադարձել է իր բնավորության առանձնահատուկ գծերին, վախերին, ամենամեծ երազանքին: Սուրենը խոստովանել է, որ որքան էլ մեծանա, հոգում փոքրիկ տղա է եւ ուրախ է դրա համար: Բեմադրիչը խոսել է սիրո մասին` տեսակետ հայտնելով, որ նա, ով պատրաստ չէ պարտվելու, սիրել չի կարող: Նա անդրադարձել է նաեւ իր հեռուստատեսային կերպարին` նշելով, որ ինքն իրականում ագրեսիվ եւ կոպիտ չէ, այդ մարդու դիմակը կրում է հաղորդումներն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Ինչ վերաբերում է իրեն քննադատողներին, ապա նրանք, ըստ Սուրենի, հիմնականում նախանձ մարդիկ են: Համենայնդեպս, բեմադրիչը ոչ ոքի առաջ չի արդարանում, բացի ինքն իրենից:

– Սուրե՛ն, ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը, թե՞ նման բաներով չեք առաջնորդվում:

-Կարգախոսս հետեւյալն է` ես իմ խղճի առջեւ պետք է լինեմ մաքուր ու ազնիվ:

-Կա՞ մեկը, ում ասածը Ձեզ համար օրենք է, կլինի մասնագիտական կյանքում, թե դրանից դուրս:

-Ոչ, այդպիսի մեկը չկա, բայց մասնագիտական շրջանակներում կան մարդիկ, որոնց ականջալուր եմ լինում:

-Ի՞նչ եք կարծում, սիրո մեջ կա՞ն հաղթողներ եւ պարտվողներ:

-Սերն արդեն իսկ պարտություն է: Սերը համարում եմ թուլություն: Սրող մարդն ամեն ինչի պատրաստ է, դա մարդուն թուլացնում է: Եթե սիրո մեջ չես պարտվում, սիրո մասին խոսք լինել չի կարող:

-Սայթաքելուց հետո միշտ հիշում եք…

-Պապիկիս խոսքը` տասը չափի՛ր, մեկ կտրի՛ր:

-Ձեզ քննադատողներին ի՞նչ խմբերի կբաժանեք: Նրանք հիմնականում ի՞նչ կատոգերիայի մարդիկ են:

-Նրանք այն մարդիկ են, որոնք նախանձում, խանդում են ինձ:

-Հաճա՞խ եք արդարանում, փորձում բացատրել, թե ինչը ինչու արեցիք կամ ասացիք:

-Նայած` ում առաջ: Ինքս իմ առաջ պետք է կարողանամ արդարանալ, մյուսների առաջ արդարանալու խնդիր չունեմ:

-Դպրոցում Դուք եղել եք արքայազն, որին բոլոր աղջիկները սիրահարվո՞ւմ էին, թե՞ նրանց լավ ընկերը:

-Ավելի շուտ լավ ընկերը:

-Ամենակենարար միրգը, որից երբեք չեք հրաժարվի:

-Կանաչ խնձորը:

-Ավելի շատ վախենում եք ծերությունի՞ց, թե՞ մահից:

-Ո՛չ մեկից, ո՛չ մյուսից: Վախենում եմ, որ զավակներիս կողմից կարող եմ չհասկացված լինել:

-Մի բան, որ մարդիկ միշտ մտածում են Ձեր մասին, բայց դա սխալ է:

-Շատերը կարծում են, թե ես ագրեսիվ, կոպիտ մարդ եմ, բայց այդ մարդիկ ճանաչում են միայն «Չէին սպասում» հաղորդումից: Իսկ նրանք, ովքեր գիտեն ինձ մոտիկից, տեղյակ են, որ ես այդպիսին չեմ. դա մի դիմակ է, որը կրում եմ հաղորդումը հետաքրքրացնելու նպատակով:

-Ձեր ամենամեծ առավելությունը ո՞րն եք համարում:

-Համբերատարությունը: Ես ռեժիսորի համբերություն ունեմ:

-Իսկ ո՞րն է Ձեր բնավորության անտանելի կողմը:

-Բծախնդիր եմ շատ:

-Սնահավա՞տ եք:

-Չէի ասի:

-Երբ փոքր էիք, հավատում էիք, որ…

-Ամեն ինչ կարող եմ անել այս աշխարհը դեպի լավը փոխելու համար: Ասեմ, որ հավատս չի մարել: Ես միշտ հոգով տղա եմ: Ֆիզիկապես մեծ եմ, բայց հոգով տղա եմ, եւ դա ինձ դուր է գալիս:

-Ինչպիսի՞ հայր եք: Ձեր երեխաների հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:

-Ես իմ երեխաների համար ընկեր եմ: Ինչ-որ առումով խիստ եմ, բայց շատ խիստ լինել չի ստացվում: Այդ սերնդին ոչնչով չես վախեցնի:

-Ամուսնությունը ի՞նչ ինստիտուտ է, Դուք ի՞նչ որակում կտաք:

-Ամուսնությունն ինձ համար հնացած ինստիտուտ է եւ սիրո ոչ հաջող շարունակություն:

-Ձեզ հնարավոր չէ մխիթարել, երբ…

-Ինձ ընդհանրապես հնարավոր չէ մխիթարել:

-Բացի աշխարհը դեպի լավը փոխելուց ի՞նչ մեծ երազանք ունեք:

-Ծովի ափին ունենալ թատրոն-հյուրանոց-ռեստորան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս