Այս օրերին քննարկվող դատավոր Ռուզաննա Հակոբյանը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն է, ոչ պակաս ունեցվածքի տեր է: Ինչպես հայտնի է օրերս ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարական տվեց, եւ դատական համակարգում լուրեր են շրջանառվում այն մասին, որ օրենքով սահմանված կարգով ԲԴԽ անդամ կարող է դառնալ Ռուզաննա Հակոբյանը, եթե ինքնաբացարկ չհայտնի:
Ինքը`Ռուզաննա Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ դեռ չի կողմնորոշվել: Իսկ մինչ կողմնորոշվելը, տեղեկացնենք, որ դատավորի դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 6.1 մլն դրամ, 3500 դոլար եւ 438 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմում է 793 հազար դրամ աշխատավարձ: Բացի այս, նա անցած տարի ստացել է 68 հազար 300 դրամ, 5.4 մլն դրամի չափով վարկ է ստացել:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դատավորը 2 մլն 851 հազար դրամի չափով «եկամուտ» է ստացել, թե որտեղից պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Իսկ ահա նրա ամուսինը` Անդրանիկ Հակոբյանը, ունի 3 մլն 850 հազար դրամի եւ 63 հազար 100 դոլարի չափով դրամական միջոց: 2017 թվականին ավագ դատախազը 480 հազար դրամով վաճառել է VAZ 2109 մակնիշի ավտոմեքենան: Ամսական ստանում է 671 հազար դրամի չափով աշխատավարձ:
Բացի այս, Անդրանիկ Հակոբյանը ստացել է 3 մլն 696 հազար դրամի վարկ: Դատավոր Ռուզզաննա Հակոբյանի ամուսինը այնքան էլ պատահական մարդ չէ: Պարզվում է Անդրանիկ Հակոբյանը ՀՀ գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ է: Ուշագրավ է, որ ամուսինը հատուկ կարեւոր գործերի նկատմամբ է վերահսկողություն իրականացնում:
Պատկերացրեք, որ եթե դատավորների` հատկապես վճռաբեկ դատարանի դատավորների մասնակցությամբ քրեական գործեր են հարուցվում, ապա Ռուզաննա Հակոբյանի ավագ դատախազ ամուսինը ինչպես է վերահսկողություն իրականացնելու: Արդյոք ավագ դատախազը անաչառ կգործի: