ՀՀ կառավարությունը քննարկելու է Արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար 47 մլն 198 հազար դրամ հատկացնելու հարցը:
Համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որի վերաբերյալ կազմակերպվել է գրավոր քվեարկություն:
Վերջնական որոշումը կընդունվի քվեարկության ավարտից հետո և այն, որպես կառավարության որոշում, կտեղադրվի e-gov.am կայքում:
Ըստ նախագծի, դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ` Հուրգադա-Երևան երկու չվերթ` հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին կազմակերպելու վերաբերյալ։
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ: