ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԸՆԴԴԵՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն երեկ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց «Զարգանալ` չզիջելով» կարգախոսով: ՀՅԴ-ականները հայտարարեցին շարունակական պայքար սկսելու մասին, նույնիսկ «դեղին քարտ» ցույց տվեցին իշխանություններին՝ կոչ անելով «լրջանալ»: Ինչպես եւ սպասվում էր՝ հանրահավաքին, բացի ՀՅԴ-ական գործիչներից, ներկա էին նաեւ ՀՀԿ-ականներ: Հին՝ կարկառուն ՀՅԴ-ականները հարթակում չէին, այլ խմբերով Ազատության հրապարակից էին հետեւում հանրահավաքին: Նրանց թվում էին նախկին նախարարներ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, Գառնիկ Իսագուլյանը, Քոչարյանի դատի ժամանակ ակցիա կազմակերպողներից որոշները եւ այլք:
Այսպիսով, արձանագրենք՝ երեկվա հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ առաջինն էր, ընդ որում՝ այն կազմակերպել էր մի կուսակցություն, որը ոչ վաղ անցյալում Փաշինյանի իշխանության մաս էր:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հրաժարվել է ՔՊ վարչության անդամի թեկնածությունից եւ ինքնաբացարկ ներկայացրել: Մինչ այդ նկատենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երեկոյան ժամին սկսելու է վարչության անդամի թեկնածուների քարոզարշավը, որին, փաստորեն, Հ. Հակոբյանը չի մասնակցելու: Երեկ Հակոբյանը մեզ հետ զրույցում իր ինքնաբացարկը բացատրեց այսպես. «Որպես վարչության անդամ` կուսակցական գործունեությամբ զբաղվելու, անկեղծ ասած, ժամանակ չունեմ, ինչի համար էլ նաեւ իմ որոշումը կայացրեցի: Որեւէ այլ բան չի եղել իմ որոշման պատճառը: Հավատացե՛ք, խորհրդարանում աշխատանքները շատ են ու ամենօրյա ռեժիմով, այնպես որ, պետք է զբաղվեմ այդ աշխատանքով»:

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է դատաիրավական ոլորտում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին: «Վստահ եմ՝ մինչեւ իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեւա, որեւէ դատավոր հրաժարական չի տալու: Հատկապես վերջին տարում մեր երկրում խոսքը ոչ միշտ է գործի վերածվում: Տեսնենք՝ առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն: Իրավիճակը լավագույններից չէ, ինչպես ասում են, բայց անլուծելի խնդիր չկա: Աշխատել է պետք»,- ասել է նա: Միաժամանակ, Մանուկյանի համար արդեն ծիծաղելի է հեղափոխություն, հակահեղափոխություն արտահայտություններն օգտագործելը: «Ի՞նչ ասել է հեղափոխական. գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին»,- ասել է նա:

 

 

 

 

Այսեր Ղազարյանը երեկ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել` հայտարարելով, որ մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Այսեր Ղազարյանի հետ` պարզելու, թե ինչ թերացումների եւ խախտումների է հանդիպել նախարարությունում աշխատելու ժամանակ. «Սեւանա լճի ափամերձ տարածքների խայտառակ վիճակը, նույնիսկ քարտեզագրումները` նույն տարածքների հետ կապված… Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրով. այն տարածքներն են գրել, որոնք ջրի տակ չպետք է մնան, գումարը վերցրել եւ անտառն են կտրում»: Ի դեպ, Ղազարյանը բացահայտել է, որ չնայած վերջին տարիներին, երբ ՀՀ-ում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո, իսկ Բնապահպանության նախարարությունը լռել է: Ղազարյանի խոսքերով` 2018թ. եւ 2019թ. սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից` 100 հազար տուփով:

 

 

 

 

ԽՈՐԸ ՃԳՆԱԺԱՄ
Հայաստանյան դատական համակարգում այսօր լուրջ ճգնաժամ է: Խնդիրը միայն այն չէ, որ ՀՀ դատաիրավական համակարգը շուտափույթ վիրահատական միջամտությունների անհրաժեշտություն ունի, եւ այդ փաստն ընդունում են բոլորը (իսկ եթե հնչում են տարակարծություններ, ապա բացառապես մեթոդների ընտրության հարցում): Խնդիրը շատ ավելի խորն է, եւ դա երեւաց վերջին օրերի բուռն իրադարձություններով: Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտարարություն տարածեց` ՀՀ սահմանադրական դատարանին մեղադրելով «գործառութային տարանջատման սկզբունքը խախտելու մեջ»: Վճռաբեկի պնդմամբ` այդ սկզբունքը խախտվել է Վաչիկ Ղազարյանի ու Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա վերջերս ՍԴ կայացրած որոշումներում: «ՍԴ որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում …օրենքի միատեսակ կիրառության եւ իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների, ըստ էության, վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջեւ օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը»: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը ԲԴԽ-ից՝ որպես դատարանների եւ դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից, ակնկալում է համարժեք արձագանք: ՍԴ հասցեին տարիներ շարունակ տարաբնույթ քննադատություններ հնչել են, սակայն առաջին դեպքն է, երբ ՍԴ-ին նման մեղադրանքներ հնչեցնում է դատական ատյաններից մեկը՝ Վճռաբեկ դատարանը: Սա ինքնին ուշագրավ է, եւ ի ցույց է դնում դատական համակարգի խորքային պրոբլեմները: Իսկ ամենագլխավոր խնդիրը դատական համակարգի դեռեւս նախկին կոռուպցիոն իշխանությունների ազդեցության տակ գտնվելն է ու նախկին բարքերից ոչ մի կերպ չհրաժարվելու համառ մղումը: Եւ սա լավ երեւաց նույն «Մարտի 1»-ի գործի շուրջ այս օրերին իրար հաջորդած զարմանալի իրադարձություններով:
Միաժամանակ մեկ հետաքրքիր փաստ էլ. հատկապես վերջին օրերի իրադարձությունների համատեքստում Վճռաբեկի երեկվա հայտարարությունը հազիվ թե կարելի է համարել միջգերատեսչական բախում: Խնդիրն ավելի խորն է. տպավորություն է, որ այսպես ՍԴ եւ ԲԴԽ նախագահների պաշտոնանկության համար հիմքեր են ստեղծվում, եւ դատաիրավական համակարգում հեղափոխական դերը ստանձնել է Վճռաբեկը: Պատահական չէ, որ կրկին օրակարգում է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման լեգիտիմության թեման: Այսինքն՝ առնվազն այս պաշտոնյաների պաշտոնանկության համար որոշակի հիմքեր մատնանշվում են: Դե իսկ մի շարք դատավորներ իրենց պահվածքով իրենց պաշտոնանկության համար են հիմքեր ստեղծում:




Լրահոս