Լուսանկարն արվել է Հացավան համայնքում
Կոտայքի մարզի Հացավանի Հայկ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի մեկ շրջանավարտ ունի` Գագիկ Թադեւոսյանը: Դպրոցի տնօրեն Սուսաննա Սահակյանի խոսքով` դպրոցն ընդամենը 36 աշակերտ ունի. Գագիկը սովորում էր եռահամակազմ դասարանում 11-րդ եւ 10-րդ դասարանների եւս չորս աշակերտների հետ: «Վերջին դասի, վերջին զանգի արարողությունն այս տարի մեր դպրոցում յուրօրինակ էր, անսովոր, բայց նույնքան հուզիչ, որքան մյուս բոլոր տարիներին»,-պատմել է Ս. Սահակյանը: Տնօրենի խոսքով` գյուղը մայրաքաղաքին շատ մոտ է, բայց աշակերտների սակավաթիվ լինելը պայմանավորված է հիմնականում ցածր ծնելիությամբ, սոցիալական պայմաններով:
ՀԱՐՑ. Աշխատողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը որքա՞ն է կազմում:
Տաթեւ Իսրայելյան (41տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամենամյա արձակուրդի տեւողությունը կազմում է՝
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր:
2. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ` բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն` ամենամյա արձակուրդի մեջ գտնվող աշխատողին կարելի է հետ կանչել միայն աշխատողի համաձայնությամբ:
ՀԱՐՑ. Ես կարո՞ղ եմ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դիպլոմով դասավանդել դպրոցում: Նշեմ, որ հավելյալ մեկ տարի սովորել եւ ստացել եմ լիցենզիա` դպրոցում դասավանդելու համար: Դիպլոմի մեջ առկա է երկու կնիք:
Մանուշ Հովհաննիսյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություն է: Բուհի «Իրավագիտություն» մասնագիտությունը ունի համապատասխան լիցենզիա եւ հավատարմագիր:
Տեղեկացնում եմ նաեւ, որ դպրոցում աշխատելու իրավունքն ամրագրված է «Հանակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով. «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն ու վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից: Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձեւավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: