ՔՊ-ՈՒՄ ԱՎԱՐՏԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վարչության անդամների ընտրության ակտիվ քարոզարշավ է իրականացվում: Երեկ ՔՊ-ականները դադար էին հայտարարել, որպեսզի այսօր երեկոյան արդեն շարունակեն իրենց քարոզարշավը: Ըստ մեր տեղեկությունների, ամեն օր ՔՊ վարչության անդամի եւ Վերահսկող հանձնաժողովի համար առաջադրված թեկնածուները` 5-6 հոգի ներկայացնում են իրենց ծրագիրը, նպատակներն ու կարծիքը կուսակացության վարչության հետագա աշխատանքների հետ կապված:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը եւս առաջադրել է իր թեկնածությունը ՔՊ վարչության անդամ դառնալու համար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է պատգամավորի հետ:
-Տիկին Կարապետյան Դուք եւս Ձեր թեկնածությունն եք առաջադրել ՔՊ վարչության անդամի համար: Քարոզարշավն արդեն սկսվել է, ի՞նչ եք կարծում արդյո՞ք Ձեզ կհաջողվի ընդգրկվել ՔՊ վարչության նոր կազմում:
-Ես ելույթ եմ ունենալու ուրբաթ օրը, որի ժամանակ էլ կներկայացնեմ, թե ինչու եմ ցանկանում լինել վարչության անդամ ու ինչպես եմ պատկերացնում իմ գործունեությունը վարչությունում: Նշեմ, որ վարչությունում անդամների թիվն է ընդլայնվել, իսկ ընդլայնված վարչությունում շատ կարեւոր է ունենալ ավելի լավ ներկայացվածություն կուսակցության: Ես անցած տարի հոկտեմբերին եմ անդամակցել ՔՊ-ին ու ցանկանում եմ նոր անդամակցածների ձայնը տանել վարչություն, ինձ համար կարեւոր է կանանց ներգրավածությունը որոշումների կայացման մեջ: Ինձ համար փոխկապակցված են պատգամավորի եւ վարչության անդամի աշխատանքները: Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի համար մեզ պետք է, որ զարգանան քաղաքական ինսիտուտները: Նման թափանցիկ վարչության անդամների ընտրություն կատարելը, ես կարծում եմ լավ ազդակ է ողջ քաղաքական դաշտին:
-Նախորդ իշխանությունների ժամանակ շատերը կուսակցական էին դառնում կամ վարչության անդամներ այն բանի համար, որ անմիջական տիրապետություն էին տարբեր ինֆորմացիաների ու իրենց շատ հարցեր կարողանում էին անմիջապես ղեկավար մարմնի միջոցով լուծել: Հիմա ՔՊ վարչության անդամի համար 62 թեկնածու է ինքնաառաջադրվել, մտավախություն չկա՞ որ դա արվել է նույն պատճառով:
-Քաղաքացիական կուսակցության պարագայում նման բան կիրառելի չի, առավել եւս իմ հետ կապված նման բան չկա: Խմբակցության ներսում, օրինակ ամենեւին չի քննարկվում, թե ասենք ով է կուսակցական, ով ոչ, նման բան մեզ մոտ չկա: Եթե հատուկ հետաքրքրություն կա դրա նկատմամբ, լինում է, որ հստակեցվում է այդ հարցը, որովհետեւ որպես կոլեգաներ, խմբակցությունը որպես մարմին գործում է այն տրամաբանությամբ, որ մենք բոլորս Ազգային Ժողովի պատգամավորներ ենք` կապ չունի, թե այս պարագայում ով է ՔՊ անդամ, ով ոչ: Մեզ մոտ լրիվ հակառակ տրամաբանությունն է, մեր նպատակն է հանրության վստահությունը բարձրացնել բոլոր մարմինների նկատմամբ, գաղտնիք չի, որ հանրության վստահությունը կուսակցությունների նկատմամբ զրո է եղել կամ այդ կուսակցությունների կայացրած որոշումների նկատմամբ, մենք նպատակ ունենք այն դարձնելու ավելի թափանցիկ, ավելի վստահելի: Եւ պետք է հակառակ մեխանիզմ ապահովվել, որ ոչ թե վարչությունում ներկայություն ապահովվելը բերի քաղաքական հաջողությունների, այլ հակառակը, որպես քաղաքական գործիչ դու օգտագործես քո համբավը կապը հանրության հետ` քաղաքական ինստիտուտի նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար:
-Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվո՞ւմ է քարոզարշավին:
-Այո, շատ հաճախ, իմիջալիոց մինչեւ ընտրությունները, մենք հունվար ամսվանից նախաձեռնողի նիստի ինստիտուտ ունենք կուսակցությունում, իսկ այդ նիստը կուսակցական ցանկացած անձի համար բաց է, որտեղ քննարկում ենք բազմազան հարցեր` հունվար ամսվանից երկու աշխատանքային խումբ է ձեւավորվել, որոնցից մեկում մենք քննարկել ենք կուսակցության նոր կանոնադրությունը, եւ կուսակցության նոր ծրագիրը, որն էլ արդեն համաժողովի ժամանակ քվերակությամբ կընդունվեն: Այսինքն ներկուսակցական այս գործընթացները ընթացել են հունվարից ու պարոն Փաշինյանը ներկա է գտնվել շատ ու շատ քննարկումներին: Երկու աշխատանքային խմբերն իրենց աշխատանքներն ավարտել են ու ներկայացրել են նախաձեռնողի նիստին, քննարկվել է ու կարծում եմ արդեն այն կներկայացվի համաժողովին:
-Տիկին Կարապետյան մամուլում տեղեկություն կա, որ Ձեր խմբակցությունը նպատակ ունի արգելելու լրագրողին լինել ԱԺ նիստերի 334 սենյակի միջանցքում, որտեղ հաճախ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում: Անգամ նշվում է, որ ԱԱԾ եք դիմելու լրագրողների աղբյուրները բացահայտելու համար: Դուք կո՞ղմ եք այդ ամենին, խմբակցությունում նման որոշում կա՞:
-Ես կոչ կանեի մեր լրագրողական համայնքին չլարվել, չմտահոգվել, մեր կառավարող ուժը ամենեւին խոսքի ազատությունը ճնշելու նպատակ չունի: Կխնդրեի, որ այդ առումով որեւէ լարում չառաջանար, խնդիրը վերջերս տեղի ունեցած վերջին տհաճ իրադրությունն է` խմբակցությունում բնականաբար բուռն քննարկում է եղել ու դրսում այն լսվել է, բայց ընդամենը մենք ցանկանում ենք, եթե քննարկումը փակ է այն մնա փակ: Հիմա գուցե խնդրենք մեր լրագրող գործընկերներին մեզ դահլիճի մոտի միջանցքում սպասեն, բայց սա միտք է ու ես չեմ հիշում, թե երբ եմ դա լսել, դա ուղղակի տեսակետ է, միտք է, դա քննարկման առարկա չի եղել մեզ մոտ:

 

 

 

 

ԱՎԻՆՅԱՆԸ ԲԱԺԱԿ ԷՐ «ԽՓՈՒՄ» ԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻՉԻ ՀԵՏ

Երեկ Բաշ-Ապարանին նվիրված տոնին Ապարանում էին հավաքվել նախկին եւ ներկա իշխանությունները: Ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը եւ այլք: Հետաքրքիրն այն է, որ ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են բացահայտելու Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, բայց միեւնույն ժամանակ մի մարդու հետ են մասնակցում միջոցառման, նրա հետ նկարվում, ով անմիջական կապ ունի Մարտի 1-ի քննության հետ:

Երեկ համացանցում տարածվեց Տիգրան Ավինյանի, Աղվան Հովսեփյանի հետ լուսանկարն ու խնջույքի սեղանը, որտեղ Ավինյանը բաժակ է «խփում» Հովսեփյանի հետ ու քեֆ անում: Այս ամենից հետո որեւէ բան չի մնում, քան մի քանի հարցադրումներ անել: Արդյոք նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը չպետք էր այժմ գտնվեր Մարտի 1-ի հետ կապված քննվող գործի ասենք առնվազն մեղադրյալի կարգավիճակում:
Գաղտնիք չէ, որ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի իրադարձություններին ՀՀ գլխավոր դատախազն էր, ու նա այդ ամենի վերաբերյալ ունի բոլոր «մութ» հարցերի պատասխանը: Նա այն անձանցից է, որ այս գործի վերաբերյալ տեղյակ է բոլոր մանրամասներին։ Ու իսկապես, բոլորի համար հարց է առաջանում, թե ինչու են ներկայիս իշխանություները շատ բարեհաճ գտնվել նախկին դատախազի նկատմամբ ու արտոնություններ տվել նրան: Նա նույն ձեւով մասնակցում է այդ տոնին, նույն կերպ իրեն զգում արտոնյալի կարգավիճակում, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ էր դա անում:
Սրանք հարցեր են, որոնք իսկապես հետաքրիր են թե՛ հանրությանը, թե՛ բոլոր այն մարդկանց, ովքեր շատ լավ գիտեն, որ Աղվան Հովսեփյանը կապ ունի Մարտի 1-ի քննության հետ: Սրանք հարցեր են, որոնց, հուսով ենք, հայրենի իշխանությունները կտան պատասխաններ, որովհետեւ տարակուսելի է ՀՀ փոխվարչապետի վերաբերմունքը Աղվան Հովսեփյանի նկատմամբ, ու ընդհանրապես իշխանությունների դիրքորոշումը նրա հետ կապված:
Հուսանք, այս հարցերը առաջիկայում կստանան իրենց պատասխանները:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԴՐԱԿԱՆ
Այսօր մեկնարկող նիստերի օրակարգում է նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, ով մինչեւ այս հանդիպումներ էր ունեցել «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ, իսկ երեկ էլ արդեն հանդիպել է նաեւ ԲՀԿ-ի հետ: Հետաքրքիր է, որ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները բավական դրական են արտահայտվում թեկնածուի մասին, թեեւ միեւնույն ժամանակ վերջնական որոշում չունեն` ինչպես կքվեարկեն լիագումար նիստերի ժամանակ: Ինչպես արդեն նշեցինք, երեկ նա հանդիպել է ԲՀԿ խմբակցության անդամներին, թեեւ ոչ բոլորն են ներկա եղել հանդիպմանը: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դա բացատրեց պատգամավորների գերզբաղվածությամբ, քանի որ կան հանձնաժողովների նիստեր, ինչպես նաեւ գործուղման մեջ գտնվող պատգամավորներ: Արման Աբովյանը եւս հանդիպումից հետո մեկնել է գործուղման, սակայն մեզ հետ զրույցում նշեց, թե կոնկրետ իր վրա թեկնածուն դրական տպավորություն է թողել, սակայն խմբակցության վերջնական դիրքորոշման մասին ոչինչ չի կարող ասել: Հավելենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն ու ԼՀԿ-ն եւս վերջնական դիրքորոշում չեն հայտնել: Իշխող ուժի պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե մեկ հանդիպումն իր համար շատ քիչ է եւ կօգտագործի նաեւ լիագումար նիստերի առիթը` թեկնածուին մեկ անգամ եւս լսելու եւ հարցեր ուղղելու համար:

 

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԵԼՈՒՅԹԸ
Ինչպես հայտնի է` մայիսի 27-ին դատավորները արտահերթ ժողով էին հրավիրել, որտեղ տարբեր հարցեր էին հնչել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ դատավորներից Զարուհի Նախշքարյանը ամբիոնից դատավորներին վախկոտ էր անվանել եւ դեռ ավելին, խոսել էր ՍԴ եւ Վճռաբեկի միջեւ առկա տարաձայնության մասին: «Ժողովուրդ» օրաթերթին այլ մանրամասներ են հայտնի դարձել ժողովից: Մասնավորապես, դատավոր Նախշքարյանի ելույթին արձագանքել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեոսյանը նշելով, թե ինչու է քաղաքացիական գործերով դատավորը միջամտում քրեական գործերի ընթացքին, երբ անգամ քրեական մասնագիտացում չունի: Ասել է, թե նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը Զարուհի Նախշքարյանին հասկացրել է, որ մի խառնվեք քրեական գործերի ընթացքին, դուք քաղաքացիական գործեր եք քննում, զբաղվեք քաղաքացիական գործերով: Ավելին, քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը անդրադարձել է նաեւ դատավորներին վախկոտ անվանելու հայտարարությանը եւ նշել, որ չի կարելի նման բան ասել ընդգծելով, եթե դատավոր ենք աշխատում, ապա արդեն իսկ դրանով ամեն ինչ ասված է:




Լրահոս