«Մարտի 1»-ի քրեական գործի՝ դատարանից դատարան շրջագայությունը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցը: Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ամբաստանյալներից սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության եւ առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար:
Գրիգորյանը, հիշեցնենք, այդ որոշումը կայացրել էր անակնկալ, առանց կողմերին տեղյակ պահելու, ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի, այդ որոշման հեղինակը ոչ թե ինքն է, այլ դատական համակարգի մի քանի ներկայացուցիչ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ղեկավարությամբ, եւ որ այդպես փորձ է արվել սաբոտաժի ենթարկել այս գործն ու վիժեցնել: Ի վերջո, ՍԴ-ն այն կարող է քննել վեց ամսվա ընթացքում, եւ չի բացառվում՝ նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ-ն փորձի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնել: Ամեն դեպքում, հիմա գնդակը ՍԴ դաշտում է: Ճիշտ է նախօրեին Սահմանադրական դատարանը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ գործի նյութերը ցանկացած պահի, դատավորի գրության հիման, վրա կարող են տրամադրվել պաշտպանական կողմին՝ բողոքարկման համար: «Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի վերադարձնելը վերոնշյալ կարգավորումների պարագայում չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա»,- ասված էր ՍԴ հաղորդագրության մեջ:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել Սահմանադրական դատարան. ներկայացնում ենք հարցերն ու պատասխանները:
-Ի՞նչ փուլում է գտնվում դատավոր Դ. Գրիգորյանի` ՍԴ ներկայացրած միջնորդության քննությունը։
-Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։
-Ե՞րբ են ստացել այն` ժամը, րոպեն, եւ կից ի՞նչ այլ նյութեր են ստացել։
-Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին», 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան են մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին` օրվա երկրորդ կեսին։ Դիմումին կից ՀՀ սահմանադրական դատարան են ներկայացվել նաեւ քրեական գործի նյութերը:
-Ի՞նչ է լինելու այդ միջնորդության հետ, ո՞ւմ վրա է մակագրվել կամ մակագրվելու, ե՞րբ է լինելու որոշումը` գործը քննության վերցնելու մասին։
-Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով եւ ժամկետներում։
-Հրայր Թովմասյանի սանիկը՝ Արամ Օրբելյանը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է. ո՞րն է Հրայր Թովմասյանի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ։
-Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանված է Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով, որոնցով էլ Սահմանադրական դատարանը ղեկավարվում է Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների, ինչպես նաեւ սույն դիմումի նախնական ուսումնասիրության եւ հետագա ընթացքի առումով։
-Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը եւ Գլխավոր դատախազությունը Վերաքննիչ բեղոքներ են բերելու այս որոշման դեմ։ Ինչպես պետք է քննվեն այդ բողոքները, եթե ՍԴ-ն վարույթ ընդունեց միջնորդությունը։
-Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանված է Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով, որոնցով էլ Սահմանադրական դատարանը ղեկավարվում է Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների, ինչպես նաեւ սույն դիմումի նախնական ուսումնասիրության եւ հետագա ընթացքի առումով։
-ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը մասնակցել են 2008թ-ի մարտին ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը։ Այս գործն այդ դեպքերի մասին է։ Նրանք մասնակցելո՞ւ են այս գործով լսումներին։
-Սահմանադրական դատարանում գործերի քննությանը Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցության հետ կապված հարաբերությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սույն դիմումի առումով եւս ընթացակարգերը պահպանվում են սահմանված կարգով։
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
4 ԹԵԿՆԱԾՈՒ
Մայիսի 27-ին կայացել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի Կայանի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Տնօրենի պաշտոնին հավակնել են Վազաշենի, Այգեհովտի դպրոցների ուսմասվարները, Իջեւանի դպրոցներից մեկի ուսուցիչ եւ Կրթության ազգային ինստիտուտի իջեւանցի աշխատակցուհի: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանից տեղեկացավ, որ կայացած քվեարկության արդյունքում Կայանի դպրոցի կառավարման խորհրդի անդամների 5 քվեները ստանալով` մրցույթում հաղթող է ճանաչվել Այգեհովտի միջնակարգ դպրոցի ուսմասվար Սվետլանա Ղուլարյանը: Մեր տեղեկություններով` վերջինս մրցույթի ժամանակ հանդես է եկել բավականին ծավալուն, մի քանի տասնյակ էջ կազմող, Կայանի դպրոցի զարգացման իր ծրագրով:
ՄԱՐԶՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքերով` Տավուշի մարզում այժմ գյուղատնտեսական ներուժի չնչին տոկոսն է օգտագործվում, մարզում ոռոգելի է ընդամենը 4500 հեկտար հող: Մարզպետը հայտնեց, որ առաջիկա մեկ տարում մարզում ոռոգելի հողերի քանակը կկրկնապատկվի: Նրա խոսքով, առաջիկա 2 տարվա ընթացքում Տավուշում անմշակ հող չի լինելու` անկախ այդ հողերի սեփականության ձեւից եւ դա կարվի ոչ միայն օրենսդրական նախաձեռնությունների, այլ նաեւ` անհատական նախաձեռնությունների արդյունքում: Նախատեսվում է մարզում զարգացնել առաջադեմ, ինովացիոն գյուղատնտեսություն, նոր, արեւադարձային բույսերի մշակություն գյուղատնտեսության ոլորտում կիրականացվի ոչ ֆորմալ կրթություն, կգործի դպրոց-ֆերմա կապը, առաջիկա մեկ Տավուշի մարզում կստեղծվի գյուղատնտեսական քոլեջ, մարզի բնակիչներին գյուղատնտեսական գիտելիքնեեր կհաղորդվեն այս տարի գործակվելիք Տավուշի մարզային հեռուստատեսության եւ ռադիոյի միջոցով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱԱԾ ՏՆՕՐԵՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ
Բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի, այդ թվում` ԱԱԾ-ն, այդ թվում, եթե անհրաժեշտություն լինի` ԱԱԾ տնօրենը՝ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ վեթինգի արդյունքում ջրի երես դուրս կգան նախորդ իշխանությունների հետ իր ունեցած կապերը` հաշվի առնելով, որ նախկին համակարգում է աշխատել, Վանեցյանը պատասխանել է. «Ի՞նչ կապեր ունեմ, որ մինչեւ հիմա դուրս չի եկել, կա՞ էստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»: Հարցին, թե տվյալներ ունե՞ն` կա՞ն զանգով որոշումներ կայացնող դատավորներ, պատասխանել է. «Եթե նման տվյալներ ես ունենամ, անմիջապես կձեռնարկեմ օրենքով վերապահված բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի նման երեւույթները բացառվեն»:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԵԹԻՆԳԻ
«Խնդիր չկա, թող ոստիկանությունում էլ վեթինգ իրականացնեն, մենք պատրաստ ենք, ինչպես կորոշվի»,-այս մասին ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` պատասխանելով հարցին, թե ոստիկանությունում վեթինգ անցկացնելու անհրաժեշտություն չկա՞: Դիտարկմանը, որ տարիներ շարունակ ոստիկանական բռնություններ, ճնշումներ են եղել քաղաքացիների հանդեպ, Օսիպյանն ասել է, որ համակարծիք չէ, որ բռնություն է գործադրվել. «Եվ եթե ոստիկանությունը պահի տակ բռնություն է գործադրել, էնպես չէ, որ պետք է տարիներ անց ինչ-որ վեթինգի ենթարկվեն, լինում է դեպք, լինում է ծառայողական քննություն, ու չի լինում դեպք, որ ծառայողական քննություն չլինի, ծառայողական կարգապահություն չիրականացվի»,-նշել է ոստիկանապետը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի` ոստիկանների ուղեկցությամբ շրջելուն եւ հարցին` արդյոք նրա կյանքին վտա՞նգ է սպառնում, ոստիկանապետը նշել է, որ նրանք են որոշողը` վտանգ սպառնում է, թե ոչ:
ԱՎԵԼԻՆ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ
«Ես չորս ժամ տեւած նիստից ավելին էի սպասում»,-հայտնել է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն` անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությանը: «Մենք էլ ենք մեղավոր, որ միգուցե օր առաջ պետք է էն անեինք, ինչի մասին էսօր խոսվում է: Հայաստանում լինելու է անկախ դատարան, որը ենթարկվելու է միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ օրենքին»,-ասել է Սիմոնյանը: Հիշեցնենք, որ ժամեր շարունակված նիստից հետո Դատավորների ընդհանուր ժողովը հրապարակել է հայտարարություն, որում, մասնավորապես, կարեւորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը` դրանք համարելով ընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
ՏՄՊՊՀ-ն դեռ չի ավարտել բենզինի շուկայի ուսումնասիրությունները: Այս մասին ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը: «Որ ավարտենք, անպայման կհայտնենք»,-ասել է նա: Վերջինիս փոխանցմամբ ուսումնասիրություններն ընթացքում են, ամբողջական պատկերը կներկայացվի: Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակումից հետո Գեղամ Գեւորգյանը հայտարարել էր, որ բենզինի ու գազի շուկան իրենց ուսումնասիրության կենտրոնում են:
ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ
Ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել եւ հրապարակել են 2 հազարից ավելին հայկական ֆեյսբուքյան լոգին եւ գաղտնաբառեր: Այս մասին սոցցանցի իր էջում նշել է տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ ու հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:
ԿԲԱՐՁՐԱՆԱ
Հանրապետության տարածքում` մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: