Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին եռամսյակի դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային:
Ըստ այդմ, 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումներն աճել են շուրջ 9.3%-ով` կազմելով 391.47 մլն ԱՄՆ դոլար, սակայն 3%-ով կրճատվել են ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումները` կազմելով կազմելով 49.98%, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ից և այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարը գերազանցել է ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարին՝ այսինքն վերջիններից ստացվող փոխանցումները բավականին մեծ աճի տեմպ են արձանագրել:
Այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումներն աճել են 23.3%-ով, իսկ ԱՄՆ-ի դեպքում`29.7%-ով:
ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատումը որոշակիորեն պայմանավորված է նաև հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու՝ 16.2% արժեզրկմամբ: Ուշագրավ է, որ 2008-2018թթ.-ին ինչպես տարեկան, այնպես էլ առաջին եռամսյակի կտրվածքով, ՌԴ-ից ՀՀ մուտք եղած փոխանցումների մասնաբաժինը ներհոսքի կառուցվածքում երբեք 50%-ից ցածր չի եղել: Առաջին եռամսյակի կտրվածքով նվազագույն ցուցանիշը գրանցվել է 2016թ.-ին՝ 50.11%, տարեկան ցուցանիշի դեպքում նվազագույն արժեքը ևս արձանագրվել է 2016թ.-ին՝ կազմելով 58.51%:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է 4.83%-ով` կազմելով 286.62 մլն ԱՄՆ դոլար: Քանի որ ներհոսքը գերազանցել է արտահոսքին, զուտ ներհոսքը եղել է դրական (ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների կտրվածքով)` կազմելով 104.84 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ ցուցանիշը գերազանցում է 23.51%-ով: Արտահոսքը հիմնականում աճ է արձանագրել դեպի ՌԴ և ԱՄՆ ուղարկվող դրամական փոխանցումների դեպքում (աճը կազմել է համապատասխանաբար` 18.2% և 7.2%), մինչդեռ այլ երկրների դեպքում արտահոսքը կրճատվել է 7.3%-ով:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքի աճ է գրանցվել, որի կառուցվածքում վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ ՌԴ-ի մասնաբաժինը եղել է նվազագույնը: Ներհոսքն ուղեկցվել է ավելի մեծ չափերի հասնող արտահոսքով, որը միջնաժամկետ հատվածում կարող է հանգեցնել տնտեսական ակտիվության անկման: