Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա հունվար-հունիսին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 7.4 տոկոսով` կազմելով 247 մլրդ 951 մլն դրամ: Այս ցուցանիշն ուշագրավ է այն առումով, որ իշխանությունները որոշել են փոխել գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ:
Սրա պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց պարզվում է` անկախ ամեն ինչից` գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ինչը մտահոգիչ է: Մյուս կողմից` տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները այս տարի աճել են 6.9 տոկոսով, վերոնշյալ ժամանակահատվածում 8.9 տոկոսով աճել է ներքին առեւտրաշրջանառությունը: Նկատենք, որ ներմուծման ծավալները, անցած տարվա հունվար-հունիսի համեմատ, ավելացել են 0.5 տոկոսով, իսկ արտահանումը, հակառակը, նվազել է 0.5-ով:
Մանրամասները` տեսանյութում
Սյունէ Համբարձումյան