Ավելի քան 8 մլն դրամ՝ պատգամավորների աշխատասենյակների վերանորոգման համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հունիս ամսին գրել էր, որ Ազգային ժողովի աշխատակազմը որոշել է ամառային արձակուրդները զուր չվատնել եւ վերանորոգել հին մասնաշենքում տեղակայված պատգամավորների աշխատասենյակները: Եվ, ահա, այդ աշխատասենյակների վերանորոգումներն արդեն ավարտվել են: Մենք տեղեկացանք, որ վերանորոգվել է 39 պատգամավորի աշխատասենյակ, այնինչ ի սկզբանե նախապես որոշված թիվը 30-ի սահմանն էլ չէր հատում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից տեղեկացավ, որ լրացուցիչ աշխատասենյակներ վերանորոգելու կարիք զգացվել է աշխատակազմի կողմից աշխատասենյակների գնահատում կատարելուց եւ դրանք ամփոփելուց հետո: Նշենք նաեւ, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են բյուջեի միջոցներով, եւ հավելյալ գումարներ ներդրելու անհրաժեշտություն չի առաջացել:

Տիգրան Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ վերանորոգման համար ծախսվել է 8.9 մլն դրամ, սակայն կան փոքրիկ աշխատանքներ, որոնք եւս պետք է կատարվեն: Հավելենք, որ վերանորոգվել են ԲՀԿ եւ «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների աշխատասենյակները` Թագուհի Ղազարյան, Վիկտոր Ենգիբարյան, Սոնա Ղազարյան, ԲՀԿ-ից` Վարդան Վարդանյան, Արտյոմ Ծառուկյան, Վարդան Ղուկասյան, Գեւորգ Պետրոսյան»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս