«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ինչ փոլում է գտնվում «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագիծը:Ի պատասխան` նախարարը հայտնեց. «Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել, եւ կրկին նորից ենք ուղարկել»: Պարզվում է`«օրենքով գողերի» դեմ պայքարի նախագիծը տանում բերում են, եւ դեռ վերջնական ճակատագիրը հայտնի չէ, թե ինչ կլինի:
Նկատենք, որ նորանշանակ նախարարի նշանակվելուց հետո, ինչպես նախարարությունում, այնպես էլ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ սկսվեց: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրերս ՔԿ ծառայության կոնկրետ պաշտոնատար անձանց ասել են` դիմում գրե՛ք, գնացե՛ք:
Նկատենք, որ ՔԿ ծառայության նոր պետ Արթուր Գոյունյանը ուներ 4 տեղակալ, որոնցից երկուսից` Մանուկ Միքայելյանից եւ Հայկ Քոչինյանից, ազատվեց, սակայն երկու տեղակալ շարունակում են աշխատել: Օրինակ՝ Վարդգես Ծաղիկյանին , որը երկար տաիներ աշխատել է ՔԿ համակարգում, չեն ազատում. ասում են, որ նա արտոնյալ է, քանի որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը կադրային ջարդի, ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
-Պարո՛ն Բադասյան, ՔԿ ծառայության նորանշանակ պետը կադրային ջարդ է սկսել քրեակատարողական ծառայությունում եւ քրեակատարողական հիմնարկներում: Բայց կան արտոնյալ տեղեկալներ, որոնց չեն ազատում պաշտոնից: Մասնավորապես, ՔԿ ծառայության պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը արտոնյալ է, նրան չեն ազատում, քանի որ նա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես ոչինչչեմ կարող ասել, քանի որ քրեակատարողական համակարգում կադրային ջարդ չկա, քրեակատարողական ծառայության նոր ղեկավարը հնարավորություն ունի, հանրային ծառայության մասին օրենքով ղեկավարվելով, կատարել նշանակումներ, քանի որ վարչական պաշտոն է, եւ ինքը, օգտվելով իր իրավունքից, նշանակում է կադրեր: Ընդամենը այդքանը:
-Դուք, հունիսի 21-ին մեզ հետ զրույցում անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների», «օրենքով գողերի» դեմ պայքարելու մեթոդներին, հայտնել էիք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու: Ավելին, հայտնել էիք, որայդ նախագծերը քննարկվել են, շտկվել են, 70-80 տոկոսով պատրաստ են, հիմա շատ կարագացնեք այդ պրոցեսը, քանի որ, որպես նախարար, շատ եք կարեւորում հանցավոր վարքագիծ ունեցող անձանց դեմ պայքարը: Արագացված պրոսեցը ի՞նչ փուլում է:
-Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել եւ կրկին նորից ենք ուղարկել:
-Նախկինում բոլոր նախարարներինմեղադրել են քրեակատարողական հիմնարկներ չայցելելու համար, որ չեն տիրապետում ու հայտարարություններ են անում այնտեղ տեղի ունեցող իրավիճակի մասով: Դուք 1,5 ամիս է` նախարար եք, գնացե՞լ եք ՔԿՀ-ներ, լսե՞լ եք, թե ով ինչ խնդի ունի, ինչէ կատարվում այնտեղ: Ի վերջո, ԱԱԾ-ն էլ օրերս նոր բացահայտումներ է արել:
-Դեռ չեմ հասցրել, առաջիկա շաբաթվա ընթացքում պլանավորել եմ այցելություն քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպում ցմահ դատապարտյալներից մեկի հետ:
-Կոնկրետ կասե՞ք`որ ՔԿՀեք առաջին անգամ 1,5 ամսվա մեջ գնում եւ կոնկրետ որ ցմահ դատապարտյալին եք հանդիպելու:
-Ես հիմա չեմ մտաբերում անունը, բայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասին է խոսքը, այնտեղ եմ այցելելու ցմահ դատապարտյալին:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան