ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԵՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ է առաջարկել: Արդյունքում նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել արդարացման հիմքով:

Նշենք, որ այդ օրենքը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության անդամ ԱԺ երկու փոխնախագահները՝ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը։ Ընդ որում, այս նախագիծը քննարկման էր դրվել դեռ ամիսներ առաջ, սակայն լիագումար նիստում քննարկումները սկսվել էին միայն ապրիլին, ընդունվել առաջին ընթերցմամբ։ Նախնական տարբերակը, որը հենց առաջին ընթերցմամբ էր ընդունվել, սահմանում էր, որ այդ նախագծով աջակցություն ստանալու իրավունք ունի այդ օրերի գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը եւ այն անձը, որին նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
Նախագծի համաձայն` աջակցության չափը, ձեւերը եւ այլ հարցեր պետք է սահմաներ կառավարությունը, իսկ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք դիմումը կարող էին ներկայացնել Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Նախագծով նախատեսված է, որ աջակցության չափը եւս պետք է որոշի ՀՀ կառավարությունը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախագծում արդեն ամրագրված է աջակցություն ստացողների շրջանակը։ ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ, ու հայտնի է նրանց ով լինելը։ Ընդ որում` նրանց թվում կան 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ։
Եվ, ահա, իշխանական խմբակցության պատգամավորը փորձում է ավելի հստակություն մտցնել աջակցություն ստացող անձանց, հատկապես` ոստիկանների շրջանում։ Սիսակ Գաբրիելյանն առաջարկություններ է ներկայացրել նախագծի հեղինակներին, որոնք վերջիններիս կողմից ընդունելի են եղել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Ս. Գաբրիելյանը նշեց. «Քննարկել ենք Դատախազության, Հատուկ քննչական ծառայության հետ, նաեւ նախագծի հեղինակներն են հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունել առաջարկները։ Սա, ըստ էության, փարատում է զինվորների իրավահաջորդների մտահոգությունը, որ, ըստ էության, աջակցություն չստանան այն ոստիկանները, որոնք տուժել են, բայց տուժել են հակաիրավական գործողությունների արդյունքում», – նշեց նա` ընդգծելով, որ ի սկզբանե տարբերակված մոտեցում չի եղել, եւ սուբյեկտները եղել են ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ ոստիկանները, սակայն հիմա այն ոստիկանները, որոնք ենթարկվել են քրեական պատասխանատվության, կամ գործը հիմա էլ շարունակվում է, իրենք աջակցության իրավունք կստանան, եթե այդ հետապնդումը արդարացման հիմքով դադարի։
Գաբրիելյանի խոսքով` պարտադիր չէ, որ աջակցությունը լինի գումարային տեսքով։ «Պայմանական եմ ասում, միգուցե տուժողներից կամ իրավահաջորդներից մեկը այլ խնդիր ունի։ Կարող է երեխաները համալսարանում սովորեն, եւ փոխհատուցում լինի համալսարանի վարձի տեսքով, միգուցե բնակարանի խնդիր ունենան, այդ փոխհատուցումը լինի բնակարանաշինության տեսքով։ Անհատական մոտեցում կլինի, բայց ոչ խտրականություն», – հավելեց նա։
Պատգամավորը համոզված է՝ նման ոստիկանները քիչ են լինելու։ «Իմ խորին համոզմամբ` շատ քիչ են լինելու այդպիսի ոստիկաններ։ Գուցե 1-2 լինեն, ովքեր վնասվածք են ստացել եւ դա ստացել են իրենց հակաիրավական գործողությունների արդյունքում։ Այսինքն` այս աջակցությունը չենք տալիս բոլորին, տալիս ենք ֆիքսված՝ մահվան դեպքում եւ վնասվածքի դեպքում։ Իմ կարծիքով` քիչ կլինեն ոստիկաններ, ովքեր միջին կամ ծանր վնասվածք ստացած կլինեն եւ իրենք էլ ներգրավված կլինեն որպես կասկածյալ կամ մեղադրյալ», – հավելեց նա։
Պատգամավորի առաջարկած մեկ այլ փոփոխությամբ նախագծում հստակեցրել են, թե ինչ են հասկանում միջին կամ ծանր աստիճանի վնասվածք ասելով: Քաղաքացիները նաեւ պետք է կառավարությանը ներկայացնեն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որպեսզի հիմնավորված լինի նրանց պատճառված վնասը: Հավելենք, որ քաղաքացիներին տրվելիք աջակցության ձեւերը սահմանելու է գործադիրը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ինչպես հայտնի է, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը պետք է այսուհետ իրականացնի նաեւ Քննիչ հանձնաժողովի աշխատանք` ուսումնասիրելու 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված հարցեր: Այդպիսի հանձնաժողով ստեղծելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն է եղել։ Եվ, ահա, հագեցած քառօրյան եւ դրանից առաջ հանձնաժողովի նիստերը հնարավորություն չեն տվել հանձնաժողովի անդամներին հավաքվել եւ առաջին նիստը գումարել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի անդամները մտադիր են այս հարցով հավաքվել այսօր, քանի որ դեռեւս չորեքշաբթի սկսված լիագումար նիստերը այսօր պետք է ավարտվեն, իսկ վաղվանից էլ սկսվում են 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, եւ պատգամավորները նաեւ պետք է դրան մասնակցեն: Ի դեպ, չի բացառվում, որ Քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը եւ նաեւ մնացած բոլոր նիստերը դռնփակ անցկացվեն:

 

 

 

 

ԼԱՎ ԷԼ ՋԵՐՄ ԵՆ
Տեւական ժամանակ է` տարբեր շրջանակներ, հատկապես` նախկին իշխանությունները, ակտիվորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ- ռուսական հարաբերությունները վատացել են, ավելին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան էլ ընդունելի չէ: Միայն թե նկատենք, որ վերջին օրերի իրադարձությունները հերքեցին տարածվող այդ թեզերը` ի ցույց դնելով նախկին իշխանությունների քարոզչության ողջ սնանկությունը: Մասնավորապես, ինչպես հայտնի է, հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Փաշինյանի ծննդյան օրն էր: Եւ այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն շնորհավորական ուղերձ էր հղել, այլեւ հեռախոսազրույց ունեցել Փաշինյանի հետ։ ՀՀ վարչապետը առանձին շնորհավորանք ստացավ նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւվից։ Այնպես որ, քարոզչական թեզը շատ արագ հերքվեց, ընդ որում՝ հստակ փաստերով:

 

 

 

 

ԱՄԵՆ ԳՆՈՎ
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը «ատամներով պայքարում է» իր դեմ հարուցված քրեական գործի դեմ: Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ խոշոր չափերով գույք հափշտակելու եւ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այս օրերին Միհրան Պողոսյանը գտնվում է ՌԴ-ում, նույնիսկ դիմել է քաղաքական ապաստան ստանալու համար` սպասելով այնտեղի իշխանությունների որոշմանը: Մինչ ՌԴ -ում Պողոսյանի պաշտպանները պայքարում են քաղաքական ապաստան ստանալու համար, ՀՀ-ում նա եւս փաստաբաններ է վարձել, որոնք այս օրերին մասնակցում են այդ գործով բոլոր քննչական գործողություններին:

 

 

 

 

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է
Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը չհիմնավորված է համարում երկրում վեթինգի ինստիտուտի ներդրումը: Նա շեշտել է, որ դա իր անձնական կարծիքն է: Մանուկյանը նշել է, որ կոռուպցիա կա, եւ ոչ ոք այս հարցում չի վիճում: Այդ մասին են վկայում նաեւ միջազգային հետազոտությունների արդյունքները: Սակայն Հայաստանն այդպիսի ցուցակներում զբաղեցնում է ավելի շահեկան դիրքեր այլ հետխորհրդային հանրապետությունների համեմատությամբ, այսինքն` վիճակը վատ է, բայց կան է՛լ ավելի վատթար վիճակներով երկրներ: «Վեթինգը եւ անցումային արդարադատությունը ժամանակավոր միջոցներ են, իսկ հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, թե սա համադարման է»,- նշել է Վ. Մանուկյանը` հիշեցնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի փորձեր են ձեռնարկվել դեռեւս հին Բաբելոնում եւ Հռոմում:

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ), որը տեղի կունենա հունիսի 6-ից 8-ը: «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինից բացի, օտարերկրյա ղեկավարներից ովքեր են մասնակցելու ՊՄՏՀ-ին: «Մնացած ղեկավարներին ես այժմ չեմ նշի, որովհետեւ դեռեւս վերջնական հաստատումներ չկան»,-հավելել է Պեսկովը: ՊՄՏՀ-ն տեղի կունենա հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» նշանաբանով: Ֆորումի շրջանակներում անցկացվելու են խոշոր բիզնես, տնտեսական հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ` բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով մայիսի 20-ին բոլոր դատարանների մուտքերը փակելու գործընթացի սահմանադրականության հարցը Հայաստանի ներքին գործն է, այս մասին ասել է Եվրախորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը, ում գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ավելի վաղ պատվիրակությունը, որի կազմում են նաեւ ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրինության ներքո Արդարադատության եւ իրավական համագործակցության վարչության պետ Հաննե Յունկերը, քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը, հանդիպել էր նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը ԵԽ-ին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում:

 

 

 

ՆԻՍՏԸ` ԸՆԴՄԻՋՈՒՄՈՎ
Ազգային ժողովի նիստը մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից 20 րոպե ընդմիջումով: Մինչ օրինագծերի քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով ելույթում պարզաբանել է, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ՝ պնդելով, որ «Պետական տուրքի մասին» օրենքը օրենսդիրները խախտմամբ են ընդունել: Նշենք, որ «Պետական տուրքի մասին» աղմկահարույց օրենքը քվեարկության դրվել է ու ընդունվել է 85 կողմ, 16 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով: Ի դեպ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես կողմ է քվեարկել օրինագծին: Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին այս նախագծով ներկրվող ցեմենտի համար պետական տուրք պետք է սահմանվեր 22 հազար ՀՀ դրամը, սակայն քննարկումների արդյունքում որոշվեց սահմանել 14 հազար ՀՀ դրամ: Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար պետական տուրք որոշվել է չսահմանել:




Լրահոս