«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը մի շարք սերիալներից եւ հումորային նախագծերից հայտնի դերասանուհի Անյա Սահակյանն է: Նա անդրադարձել է գործնական եւ անձնական պլաններին, հայկական մենթալիտետի՝ իր համար անհասկանալի եւ անընդունելի դրսեւորումներին եւ այլ թեմաների:
-Անյա՛, հիմա կա՞ մի նոր նախագիծ, որտեղ ներառված եք:
-Այո՛, նկարահանվում եմ հումորային մի նախագծի շրջանակում, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Այլ մանրամասներ դեռեւս չեմ հայտնի:
-Որքանով տեղյակ եմ, հորական կողմից հայ եք, մորական կողմից՝ թաթար: Հետաքրքիր է՝ Ձեզ հոգով-սրտով հայ եք համարո՞ւմ, թե՞ թաթար:
-Այո, մայրիկիս կողմից Մոնղոլիայի թաթար եմ: Հոգով-սրտով հայ չեմ բացարձակ: Երեւի իմ մեջ 25 տոկոսով է հայի գեն «խոսում»: Ես հայի մտածելակերպ, աշխարհայացք չունեմ, ինձ մոտ առկա են բնավորության գծեր, որոնք բնորոշ չեն հայերին: Տարբերվող կերպարս պայմանավորված է հենց իմ մեջ հոսող արյամբ:
-Օրինակ` հայկական մտածելակերպի մեջ հատկապես ի՞նչը Ձեզ դուր չի գալիս:
-Այն, որ ավելի հարգված է մարդը, որը անում է ինչ-որ բաներ գաղտնի, քան մարդը, որն իրեն ցույց է տալիս այնպիսին, ինչպիսին կա, եւ որեւէ մեկից դրա համար թույլտվություն չի հարցնում: Հայաստանում մարդը, որն ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում, հարգի չէ: Դա ինձ համար աբսուրդ է: Իմ՝ մյուսներից տարբերվելը շատ դեպքերում տհաճություն է պատճառում մարդկանց, բայց նրանք չեն հասկանում, որ, օրինակ, դաջվածքներ, պիրսինգներ կրողը ես եմ, եւ եթե դրանք իրենց դուր չեն գալիս, թող իրենք չկրեն: Եվ հետո՝ Հայաստանում մարդիկ դիմացինի մասին հաճախ միայն արտաքինից ելնելով են դատողություններ անում եւ առաջնորդվում են ուրիշների կարծիքով՝ չունենալով սեփականը:
-Ձեր՝ մյուսներից տարբերվող լինելը խոչընդոտներ առաջացրե՞լ է գործնական հարաբերություններում:
-Եղել է, որ ընտիր թիմում եմ աշխատել, եւ սիրով էլի կաշխատեի, բայց եղել են նաեւ դեպքեր, որ չեմ հասկացել մարդկանց տեսակը, իրենք էլ՝ իմը: Հումորային երկու նախագծի դեպքում բախվել եմ նման խնդրի, բայց աշխատել եմ նորմալ հարաբերություններ պահպանել նախագծից հեռանալուց հետո: Պարզապես կան պրոդյուսերներ, որոնք իրենց վեր են դասում դերասանից: Այսօր դերասանը շոուբիզնեսյան աշխարհում հարգի չէ: Նրան ավելի շատ հարգում են այդ աշխարհից դուրս, իսկ ներսում գիտեն, որ այդ դերասանին շատ հեշտ կարող են փոխարինող գտնել, քանի որ, չգիտես ինչու, ամեն երկրորդն այսօր դերասան է:
-Իսկ Ձեր ուրիշ լինելը տղամարդկանց հետ հարաբերությունների վրա ինչպե՞ս է անդրադարձել:
-Հայ տղամարդկանց հետ ինձ համար բացարձակապես դժվար չէ: Ես խնդիր չեմ ունեցել անգամ այն ժամանակ, երբ եղել եմ նշանադրված: Հայ տղամարդկանց հետ ավելի հեշտ եմ լեզու գտնում, քան տղամարդկանց:
-Հայ տղամարդու հետ էիք նշանադրվա՞ծ: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, չստացվեց շարունակել հարաբերությունները:
-Այո՛, հայի: Մենք պարզապես իրար չհասկացանք, բայց մինչեւ այսօր էլ լավ ընկերներ ենք: Նա շատ լավ մարդ է:
-Իսկ այս պահին Ձեր սիրտը զբաղվա՞ծ է, Ձեր կողքին տղամարդ կա՞:
-Այո, բայց չէի ցանկանա մանրամասներ հայտնել:
-Հիմա ի՞նչ դերի մասին եք երազում:
-Կցանկանայի գեղարվեստական ֆիլմում հանդես գալ ազատամիտ, բայց ոչ սանձարձակ աղջկա կերպարում: Կցանկանայի նաեւ տղամարդու կերպար խաղալ, բայց Հայաստանում դա բավական բարդ է:
-Թերեւս թատրոնում կարող եք Ձեր երազանքը իրականություն դարձնել եւ տղամարդու դեր խաղալ:
-Ի դեպ, կցանկանայի նաեւ թատրոնում խաղալ, պարզապես թատրոնում էլ սիրում են գործ ունենալ միատեսակ աղջիկների հետ: Ընդհանրապես, Հայաստանում միօրինակությունը ողջունվում է: Ինչ վերաբերում է հեռուստանախագծերին, փորձը ցույց է տալիս, որ նախապատվությունը հաճախ տրվում է շուրթերը «կադաստրով» առաջ տված, պլաստիկ վիրահատությունների զոհ աղջիկներին, իսկ տարբերվող կերպարների չեն վերցնում:
-Անյա՛, արտերկրում ապրելու մասին մտածե՞լ եք:
-Ես երկու հայրենիք ունեմ՝ Հայաստանը եւ Ռուսաստանը: Երկու երկրներում էլ լինում եմ, բայց տեղը չէ, որ պետք է որոշի՝ ես ինչպես ապրեմ, ինչպես ինձ զգամ:
-Եվ վերջում՝ հետաքրքիր է՝ կյանքի այս փուլում առաջիկայի ի՞նչ պլաններ եք կազմում:
-Ինձ համար առաջնայինը առողջությունն է: Հոգեբանական որոշ խնդիրներ հաղթահարելուց հետո առավել եւս կարեւորում եմ ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը: Նպատակ ունեմ կերտել ինձ համար ցանկալի դերեր եւ կցանկանայի արդեն երկու տարի անց կազմել իմ ընտանիքը: Հիմա 27 տարեկան եմ. դա կլինի ամենալավ ու հասուն տարիքը՝ ընտանիք ստեղծելու համար: Այդ ժամանակ ահագին փորձ ես կուտակած լինում եւ կարողանում ես ճիշտ դաստիարակել երեխաներիդ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՁԻՈՒ ՀԱՐՎԱԾԻՑ ՄԻՆՉԵՎ ՕՁԻ ԽԱՅԹՈՑ
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ. հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը ակրոբատ, պարուհի, երգչուհի Թինա Քեյն է:
Նա, նախ, հիշեց մի պատմություն իր պատանեկության տարիներից, երբ ինքը 14 տարեկան էր. «Այդ ժամանակ ակտիվ կերպով զբաղվում էի ձիասպորտով, բավական լուրջ հաջողություններ ունեի, տիրապետում էի սպորտի հետ կապված մի շարք նյուանսների, բայց այդքանով հանդերձ, ինչպես ասում են, փորձված աղվեսի նման երկու ոտքով ընկա թակարդը: Այդ օրերին, երբ ազատ ժամանակ էի ունենում, երեխաներին պտտեցնում էի ձիով: Հերթական անգամ գնացել ու կանգնել էի ուղիղ ձիու հետեւի մասում: Չէր կարելի այդտեղ կանգնել: Միայն այն եմ հիշում, որ ձին սարսափելի ուժեղ հարվածեց ինձ, եւ ես թռա մի քանի մետր այն կողմ, մարդիկ վրա հասան ու հավաքվեցին գլխավերեւումս: Ոտքս ամբողջովին սեւացել էր, բայց, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունեի: Քանի որ շուրջս շատ մարդ կար, ես ջանում էի զսպել ցավերս ու ծպտուն չհանեցի»,- պատմեց Թինան:
Նա մտաբերեց մեկ այլ էքստրեմալ իրավիճակ եւս. այս անգամ այն գրանցվել է 2012-ին, երբ Թինան սպասում էր իր առաջնեկին. «Համերգով Գյումրիում էինք, օձերով համարի ժամանակ մի փոքր ու անվնաս թվացող օձ, որից ամենաքիչն էի նման բան սպասում, խայթեց, ոչ ավել ոչ պակաս, փորս… Դուք պետք է տեսնեիք մեր երաժիշտների վիճակը: Քիչ էր մնում՝ գիտակցությունը կորցնեին: Ես այդպես արյունոտ որովայնով շարունակել եմ համարը ցուցադրել… Բարեբախտաբար, ինձ եւ փոքրիկիս ոչինչ չեղավ: Ճիշտ է, օձը թունավոր չէր, բայց կարող էր վարակ անցնել, հազար ու մի վտանգ կար: Իսկապես, Աստված օգնեց ինձ»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ իր հետ գործի բերումով հաճախ են նման դեպքեր կատարվում. կենդանիները խայթել են, հարվածել, օդային համարների ժամանակ ընկնել է, այդ ամենը կարծես դարձել է կենսակերպի մի մաս: «Ամեն դեպքում, ես բավական դիմացկուն եմ եւ փորձում եմ առանց տրտնջալու հաղթահարել ինձ բաժին հասած դժվարությունները»,- եզրափակեց Թինան:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Ֆիջիում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: ՀԱՕԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը գրավել է 6-րդ տեղը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 309 կգ արդյունքը: Չեպիոնի կոչումը նվաճել է ամերիկացի Կլարենս Քամինգս կրտսերը, որի երկամարտի արդյունքն էր 337 կգ:
ՀԵՌԱՑԵԼ ԵՆ
Երեւանի «Արարատը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի` թիմից հեռացել են միանգամից 5 ֆուտբոլիստներ: Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Արտյոմ Սիմոնյանի եւ Սարգիս Մեթոյանի հետ: Պայմանագրերի ժամկետը լրացել է Դեյան Վուկոմանովիչի, Անդրեյ Յակովլեւի եւ Մատվեյ Գույգանովի հետ:
ՋՈԿՈՎԻՉԸ 1/4 ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Ֆրանսիայում շարունակվում է «Ռոլան Գարոսի» թենիսի Բաց առաջնությունը: Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 1/8 եզրափակչում առանց լուրջ խնդիրների 6-3, 6-2, 6-2 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ: Հանդիպումը տեւել է 1 ժամ 36 րոպե:
Հավելենք, որ սերբ թենիսիստը, դուրս գալով 1/4 եզրափակիչ, դարձել է առաջին թենիսիստը, որը 10-ը տարի անընդմեջ դուրս է գալիս «Ռոլան Գարոսի» այդ փուլ: Վերջին անգամ առաջին ռակետը 1/8 եզրափակչից դուրս է մնացել 2009-ին:
Ֆրանսիայի Բաց առաջնության գործող չեմպիոնը հանդիսանում է Ռաֆայել Նադալը:
ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ 5-Ն ԵՆ
«Մանչեստեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է ավարտված մրցաշրջանին եւ ներկայացրել իր վարկածով տարվա լավագույն 5 ֆուտբոլիստներին: «Այս պահին կասեմ, որ լավագույնները 5-ն են` Վիրջիլ վան Դեյկը, Մոհամեդ Սալահը, Սադիո Մանեն, Լիոնել Մեսսին եւ Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանք շատ լավ մրցաշրջան անցկացրին, եւ հենց նրանցից մեկը պետք է արժանանա «Ոսկե Գնդակին»: Կարծում եմ` լավագույնի համար պայքարում լուրջ ազդեցություն կունենան նաեւ Ազգերի Լիգան, Կոպա Ամերիկան եւ Աֆրիկայի Գավաթը»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակի» գործող դափնեկիրը Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ