ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Արցախում, կարծես թե, աժիոտաժ է առաջացրել Ադրբեջանում: Վարչապետի ելույթից հետո ադրբեջանական լրատվամիջոցները որոշել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որակել որպես քաղբանտարկյալ:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն իր դիտարկումներում նշել է. «Իրականում ղարաբաղյան կարգավորման Փաշինյանի դիրքորոշումն ավելի ծայրահեղական եւ անհաշտվողական է, քան ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը:
Հայաստանի նախկին նախագահ, ներկայումս թիվ մեկ քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանը, որ բռնադատված է Երեւանի նոր վարչախմբի կողմից, երբեք թույլ չի տվել նման բաց եւ միանշանակ ձեւակերպումներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հետ»:
Այս դիտարկումում փաստորեն Ռ. Քոչարյանին ադրբեջանական կողմը համարում է ընդդիմության առաջնորդ ու, ավելին, համարում է, որ Ռ. Քոչարյանը Հայաստանի քաղբանտարկյալն է:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ` պարզելու համար նրանց դիրքորոշումը` ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունների հետ կապված: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ծիծաղելի է համարում նման որակումները` Ռոբերտ Քոչարյանի անձի հետ կապված. «Ադրբեջանական մամուլի գրածն արդեն ծիծաղելի է, ես լուրջ չեմ վերաբերվում նման հայտարարություններին, կարծում եմ` վարչապետի ելույթը Արցախում նման ելք էր ունենալու, Ադրբեջանին այլ բան չէր մնում, քան նման բան հայտարարելը»:
Իշխանական պատգամավորը հայտարարեց, որ պետք չի լուրջ վերաբերվել նման հայտարարություններին, քանի որ այս ժամանակահատվածում նման բաներ շատ են լինելու: Իսկ մեր դիտարկմանը, թե ՀՀ-ում եւս կան ընդդիմադիր ուժեր, որոնք հայտարարում են, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քաղբանտարկյալ է, ասաց. «Ես չգիտեմ` ովքեր են իրենք, իրենք լավ կանեն` նման հայտարարություններ անելու փոխարեն դուրս գան փողոց, շփվեն հասարակության հետ ու տեսնեն, թե հասարակությունը Ռ. Քոչարյանին ինչ է համարում ու ինչքան է ցանկանում, որ քանի տարով Ռ. Քոչարյանը դատապարտվի: Հանրության հետ շփվելով` իրենք իրական կիմանան` ինչ ու ոնց»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ