Արցախի ներքին կյանքում ակտիվություն է. ինչ հետևություններ են արվել հանրահավաքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր է` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը բուռն եռուզեռի մեջ է։ Երեկ տեղի ունեցավ Համահայկական յոթերորդ խաղերի բացումը, իսկ նախօրեին էլ մեծ հանրահավաք էր, որն իսկապես բացառիկ էր Արցախի համար։

Երեկ ամբողջ օրը՝ վաղ առավոտից, արցախցիները քննարկում էին նախօրեին տեղի ունեցածը, վերլուծություններ ու հետեւություններ անում։

Նախ` իսկապես նման հանրահավաքի անցկացումը բացառիկ էր արցախցիների համար, որոնք սովոր չէին այդպիսի երեւույթի, եւ Ստեփանակերտում եւս շատերն էին այն կարծիքն արտահայտում, որ արցախցիներին շատ դժվար է մեկ վայրում հավաքել, եւ նրանք դժվարությամբ են իրենց էմոցիաներն արտահայտում։ Եվ կարող ենք ասել, որ այդ կարծրատիպը կոտրվեց, քանի որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ արցախցիներն արտահայտեցին իրենց էմոցիաները, իհարկե, ոչ սպասվածի պես բուռն։

Արցախի ներքին քաղաքական կյանքում լարվածություն է եւ առաջիկայում էլ կարող է սրվել՝ կապված սպասվող զարգացումների հետ։

Հանրահավաքի ժամանակ այդ հանգամանքը եւս ակնհայտ դարձավ․ խոսքն Արցախի ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանի մասին է, ում մի խումբ համախոհներ սուլում էին Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ՝ վանկարկելով Սամվել Բաբայանի անունը։ Սա եւս մեկ ապացույց է, որ, անկախ սահմանադրական փոփոխություններ անել-չանելուց, առաջիկայում Սամվել Բաբայան անձը լուրջ գործոն է լինելու, որը երկու դեպքում էլ կարող է նոր լարվածության հիմք ստեղծել։ Այն, որ նա Արցախում ունի համախոհներ, դա ակնհայտ է, եւ այդ փաստն էլ հասկանում են նաեւ ներկայիս ղեկավարությունը, որոնք էլ դեռ չգիտեն՝ ինչ պետք է անել լարվածությունը պիկին չհասցնելու համար։

Երեկ այդ սուլոցները հանրահավաքի ձախողումներից մեկը կարելի է համարել։ Բայց ամբիոնին կանգնածներին, հատկապես հայաստանցի ղեկավարներին եւս մեկ «հարված» էր սպասում․ խոսքը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող պաստառներին է վերաբերում։ Փաստացի սա հարված էր հենց հայաստանցի իշխանություններին, որը ցույց տվեց, որ Արցախում բազմակարծություն է առկա։

Առհասարակ, հանրահավաքների բացակայության պատճառով նախօրեին արցախցիները դժվարությամբ էին ընկալում տեղի ունեցածը, հնչած մեսսիջները։ Շատերը, մինչ հանրահավաքի մեկնարկը չհասկանալով, թե ինչ է սպասվելու, նույնիսկ մտադրություն չունեին մասնակցելու հանրահավաքին՝ «ի՞նչ պետք է ասեն մեզ», «ինչերի՞ս է պետք» արտահայտություններով։ Եվ իսկապես նրանք այնքան էլ լավ չէին պատկերացնում, թե ինչ էր սպասվում հանրահավաքին, եւ դրանից հետո էլ չէին ընկալում, թե ինչու պետք է Հայաստանի վարչապետը նման ելույթ ունենա, իրենց մեսսիջներ հղի։

Եվ սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վստահաբար կարող ենք ասել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին Արցախում այլեւս չեն ընդունում, նրան չեն վերաբերվում նախկինի պես եւ իսկապես նախագահի փոփոխություն են ակնկալում։

Արցախցին եւս իշխանության փոփոխություն է ցանկանում, սակայն տրամադրությունները հեղափոխական չեն, այլ խոսքը հենց ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու մասին է։ Եվ իսկապես արդեն փոփոխությունների ցանկությունը տեսանելի է եւ հաշվի առնելով թեկնածուների բազմազանությունը` ընտրական եւ նախընտրական իրավիճակը կարող է թեժ լինել` հատկապես Սամվել Բաբայանի գործոնով պայմանավորված։

Եվ թվելով երեկվա հանրահավաքի դրական եւ բացասական կողմերը` կարող ենք արձանագրել, որ իր խոստումը կարողացավ կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը խոստացել էր 10 հազար մարդով ներկայանալ հանրահավաքին եւ այդպես էլ արեց. բերված մարդկանց թիվը մոտ էր խոստումի չափին։ Սակայն, ամեն դեպքում, արձանագրենք, որ Արցախում առաջիկայում ոչ այնքան հանգիստ օրեր են սպասվում։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս