ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կացարանում բնակվող միայնակ կենսաթոշակառուները դրամական փոխհատուցում կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է փոխհատուցել կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած կոմունալ վարձերը՝ գազի, էլէներգիայի եւ ջրամատակարարման ծախսերը։

Նշենք, որ նախարարության ենթակայությամբ գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվում է ավելի քան 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու բնակվում է Երեւանում եւ Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձինք են, որոնք բնակվում են «Վետերան» օթեւանում։ Ինչպես հայտնի է, սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, իսկ կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաեւ իր ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:

Սակայն պարզվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ ե՛ւ ապրելու, ե՛ւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար։

Նրանք չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման վարձերը, ինչի հետեւանքով կացարանների տնօրենները խնդիրներ են ունենում. նրանք հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կա՛մ օգնում են, կա՛մ էլ մերժում: Եվ այս խնդիրը լուծելու նպատակով Սոցապ նախարարությունը որոշել է փոխհատուցում տալ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների թիվը այս տարվա մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման): Ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազար դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 հազար դրամ: Եվ Սոցապ նախարարությունը հաշվարկվել է փոխհատուցման համար յուրաքանչյուր կենսաթոշակառուին (մեկ սենյակի համար) ամիսը 12 750 դրամ, որը կազմում է նվազագույն կեսաթոշակի 50%-ը:

Այս դեպքում կենսաթոշակառու բնակիչների այսօրվա թվաքանակով կպահանջվի տարեկան 9 մլն 27 հազար դրամ: Արդյունքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 153 հազար դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսական կարիքները հոգալու համար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս