ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել նույն մարզի Արծվանիստ համայնքում:
Արծվանիստ համայնքի ղեկավարը 2016թ.նոյեմբեր ամսից մինչև 2018թ. ամառն ընկած ժամանակահատվածում նույն համայնքի ջրագծի խողովակները ապամոնտաժել է՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից «Ծրագրի իրականացման գործընթաց» նախագծի շրջանակներում նոր ջրագիծ անցկացնելու համար, սակայն դրանց մի մասը տվել է համագյուղացիներին, մի մասն էլ տարել է իր տան բակ՝ այսպիսով համայնքին պատճառելով 7.000.000 ՀՀ դրամի վնաս:
Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Ես մեղավոր չեմ, ջրագիծ եմ բերել, շինարարին խանգարել է: Շինարարը հանել է մենք էլ տեղափոխել ենք համայնք, հիմա ոռոգման համակարգը կառուցվում է: Գործը դատարանում կարճվել է: Այդ 7 միլինոնը խողովակների գումարն է: Խողովակները տեղում են , տեղ չկար լցնելու մեր բակում ենք լցրել: Այդ խողովակներով ոռոգման համակարգ ենք կառուցում»:
Համայանքի ղեկավարի խոսքով՝ նա ոչ մի գումար դատարանին չի վճարել:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել:
Հավելենք, որ նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 4.607.000 ՀՀ դրամը:
Լիդա Եղիազարյան