Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 14-ին այցելել է Արդարադատության ակադեմիա:ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, եղել «Հայ ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, մարզերից ժամանող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, համակարգչային քննասենյակում, դատական նիստերի դահլիճում:
Շրջայցին հաջորդած աշխատանքային քննարկման ընթացքում ռեկտոր Առաքելյանն Ակադեմիայի հնարավորությունների սահմաններում լիակատար աջակցություն է հայտնել Նախարարության բարեփոխումների ծրագրերը հաջող իրականացնելու եւ նոր նվաճումներ գրանցելու հարցում՝ այդ համատեքստում ընդգծելով նաեւ Ակադեմիայի հետ համագործակցող միջազգային կառույցների ներուժի ներդրումը:
Նախարար Բադասյանն ընդգծել է, որ Նախարարությունը տրամադրված է սերտորեն համագործակցել Արդարադատության ակադեմիայի հետ՝ հաշվի առնելով նաեւ Դատաիրավական ռազմավարության գործողությունների ծրագրով դատավորների եւ իրավապահ մարմինների համար վերապատրաստումների արդիականացված ծրագրեր իրականացնելու խիստ անհրաժեշտությունը: Ռեկտորի հետ զրույցում նախարարն անդրադարձել է նաեւ Ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենքի լրամշակմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:
Հանդիպման ավարտին Ակադեմիայի հեռաուսուցման եւ ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը ներկայացրել է Ակադեմիայի մշակած խաղարկային տարրերով ինտերակտիվ դասընթացը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության փոխնախարարներ Ռաֆիկ Գրիգորյանը, Աննա Վարդապետյանը, Քրիստիննե Գրիգորյանը, Ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը եւ այլք: