Լուսանկարը` «Ժողովուրդ» օրաթերթի
Հայաստանի խորհրդարանի ներսում` տարբեր մուտքերի մոտ, տեղադրված են աղբամաններ` թղթի եւ պլաստիկ շշերի համար: Ի դեպ, նշենք, որ աղբամանի վրա երկու անցքեր կան, որոնց վրա գրված է` թուղթ եւ պլաստիկ շշեր: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը, մոտենալով աղբամանին, փորձեց պարզել` Ազգային Ժողովի աշխատակիցները, այդ թվում` պատգամավորները, պահպանել են արդյոք աղբը թափելու կանոնները, թե ոչ: Պարզվեց` ոչ, չեն պահպանել. թուղթը գցել էին պլաստիկ շշերի համար նախատեսված անցքի մեջ, իսկ պլաստիկ շիշը` թղթի համար նախատեսված անցքի մեջ:
Հարց. Ի՞նչ աջակցության ծրագրեր է իրականացնում նախարարությունը անասնաբուծության ոլորտում:
Սաթենիկ Մկրտչյան, 37 տարեկան, գյուղատնտես
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարի նախարարությունը մեկնարկել է երկու ծրագիր՝ ուղղված անասնաբուծության ոլորտի զարգացմանը։ Դրանք են «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» եւ «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրերը: Առաջին ծրագրի շրջանակում պետությունը փոխհատուցում է «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը: Երկրորդի դեպքում հնարավորություն է ընձեռվում ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անասնաբուծությամբ զբաղվել ցանկացողներին մնում է կարողանալ նպատակային այդ վարկերից օգտվել ու իրենց բիզնեսը զարգացնել:
Հարց. Գործուղման մեկնած աշխատողին տրամադրվո՞ւմ է արդյոք սոցիալական փաթեթ:
Ներսես Կիրակոսյան, 56 տարեկան, նախկին մանկավարժ
ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթի գումարը չի հատկացվում առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցիալական փաթեթի շահառուներին երեք եւ ավելի ամիս գործուղման մեկնելու ժամանակահատվածի համար: Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է գործուղված աշխատանքի վայրից, եթե վերջինս ընդգրկված է սոցիալական փաթեթից օգտվող հաստատությունների ցանկում, եւ այդ հաստատության կողմից աշխատողին վճարվում է աշխատավարձ: Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է հիմնական աշխատանքի վայրից, եթե գործուղված աշխատանքի վայրն ընդգրկված չէ սոցիալական փաթեթից օգտվող հաստատությունների ցանկում կամ ընդգրկված է, սակայն այդ հաստատության կողմից աշխատողին աշխատավարձ չի վճարվում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում սոցիալական փաթեթի ներդրումը որոշակի շրջանակների համար աջակցություն էր, սակայն այն ամբողջությամբ չի լուծում խնդիրը: