«Կոչ եմ անում քաղաքապետին՝ իր վախերը մի կողմ թողնի». Սոնա Աղեկյանը կրկին բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Աղյուսագործների 86 հասցեում ապրող մի քանի ընտանիք՝ մոտ 20 բնակչով, զրկվել են կոյուղագծից։

Այսօր բնակիչների խնդրին տեղում ծանոթացել էին Երևանի ավագանու նախկին անդամ  Սոնա Աղեկյանը, ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:

Բնակիչները պատրաստվում էին բողոքի ակցիա իրականացնել քաղաքապետարանի մոտ, սակայն ոստիկանները Սոնա Աղեկյանին բերման են ենթարկել և տեղափոխել Կենտրոնի բաժին։

Դեպքի առավել մանրամասների շուրջ  ArmLur.am-ը զրուցել է Սոնա Աղեկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ազատ է արձակվել Կենտրոնի բաժնից. «Ապօրինի կերպով բերման ենթարկեցին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Սակայն այնտեղ չկար պահանջ, որ ես կատարեի կամ չկատարեի, անգամ որոշեի՝ ապօրինի՞ է այդ պահանջը, թե՞ օրինական: Բացառապես ոչ մի պահանջ չի հնչել: Այնտեղ պարզապես ոստիկաններից մեկը ձեռքս ոլորել է, և ձեռքումս գտնվող հեղուկը թափվել է, հետևաբար՝ ես ստիպված եմ եղել այդ նյութը շպրտել դեպի քաղաքապետարանի կողմը»:

Սոնա Աղեկյանի խոսքով՝ նա հաղորդում է ներկայացրել ոստիկանի դեմ՝ բռնություն կիրառելու համար:

«Ես կոչ եմ անում քաղաքապետին, որ իր վախերը մի կողմ թողնի, գա և շնչի այդ գարշահոտությունը: Ես ասացի՝, եթե չես գալու, ապա ես երկուշաբթի օրը դույլերով բերելու եմ, ու դու քաղաքապետարանում շնչելու ես այդ օդը»:

Զրույցի վերջում Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ ակցիաները նույն տեմպով երկուշաբթի օրը շարունակվելու են:

Լիդա Եղիազարյան




Լրահոս