«ՆՄԱՆ ԼՊԻՐՇ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՂՈՒՄԸ Ո՞ՐՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն է: Նա անդրադարձել է ներքաղաքական եւ մշակութային խնդիրների:

-Համացանցում մեծ տարածում գտավ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութը, որտեղ նա թիվ 46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդին զգուշացնում է, որ վերջինս հանգցնի ծխախոտը: Զգուշացումը վերածվում է վեճի, վարորդն անգամ սպառնում է ուղեւորին, որն այդ ամենը տեսանկարահանում է հեռախոսով: Արդյունքում հրապարակումը տեղ գտավ սոցցանցում: Ավելի ուշ կարգազանց վարորդը հեռացվեց աշխատանքից: Չեմ ցանկանում անձնականացնենք թեման, պարզապես հետաքրքիր է Ձեր կարծիքը. որտեղի՞ց մեր մեջ արմատացավ օրենքի նկատմամբ այս արհամարհական վերաբերմունքը:
-Եթե նկատել եք, մենք շատ օրինապաշտ ենք այլ երկրներում, ավելի օրինապաշտ, քան տեղացիները: Բայց, չգիտես ինչու, մեր երկրում մեզ այլ կերպ ենք պահում: Դրա պատճառը նաեւ վերջին քսան-երեսուն տարում քաղաքական էլիտայի, վերնախավի ներկայացուցիչների պահվածքն է: Մարդիկ նայել են, տեսել են նրանց լկտիությունները ու մտածել. «Ինչո՞վ եմ ես իրենցից վատ տղա»: Բայց իսկապես օրինակելի էլիտան սովորաբար մասնակցում է, օրինակ, լավագույն համերգներին, ընդ որում` ընտանիքներով, ու լավագույն օրինակն է հասարակության համար:
-Դուք քաղաքական ո՞ր ուժին եք համակրում:
-Քաղաքական որեւէ ուժի նկատմամբ չունեմ համակրանք: Ես համակրում եմ փոփոխությունները, որոնք տեղի ունեցան վերջին շրջանում: Այլապես մեր երկիրը տնտեսական, բարոյական առումով լճացել էր, ու մենք քանի գնում, ավելի խորն էինք նետվում այդ լիճը: Բայց ես որեւէ ուժի հետ մեծ հույսեր չեմ կապում: Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած կուսակցություն գալիս է ասպարեզ լավագույն ծրագրերով, իսկ որոշ ժամանակ հետո կուսակցական, խմբային շահը վեր է դասում ազգային, պետական շահից, այնինչ շատ արժեքներ պետք է կուսակցական շահից վեր լինեին:
-Ընդդիմադիր դաշտում նոր ուժեր են ձեւավորվում, օրինակ` «Ադեկվադները»: Ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին:
-Ես նրանց մեջ հայրենանպաստ, ազգանպաստ պահվածք չեմ տեսնում: Նրանք զբաղված են բամբասելով ու սրան-նրան հայհոյելով: Այդպիսի մարդիկ չեն կարող երկիր կառուցել: Նման լպիրշ մարդկանց չի կարելի երկիր վստահել: Ազգային մտածողություն չեմ տեսնում այդ մարդկանց արարքներում: Ի վերջո, ո՞րն է նրանց մղումը, երկիրը վարկաբեկե՞լը:
-Ըստ Ձեզ` ընդդիմության ֆունկցիան այսօր ո՞րը պետք է լինի:
-Մենք, ընդդիմությունն ինքը ու նույնիսկ իշխանությունն արդեն սովորել է, որ իշխանությունը պետք է մի բան ասի, ընդդիմությունն էլ անպայման հակադրվի նրան, դեմ քվեարկի: Կորել է վստահությունը ընդդիմության նկատմամբ: Ես չեմ տեսել դեպք, երբ ընդդիմությունը համաձայնի իշխանության հետ որեւէ հարցում: Եթե իշխանությունն ասում է` մածունը սպիտակ է, ընդդիմությունն էլի պետք է հակադրվի: Ընդդիմության գործառույթը պետք է լինի աչալուրջ վերահսկողությունը կատարվող իրադարձությունների նկատմամբ: Հենց տեսնի` իշխանությունն ազգանպաստ գործունեություն չի ծավալում, պետք է կռիվ տա:
-Մի քիչ էլ մշակութային թեմաներից խոսենք: Որպես գեղանկարիչ` ինչպե՞ս եք գնահատում Նկարիչների միության երիտասարդ նախագահ Սուրեն Սաֆարյանի գործունեությունը:
-Ես միության հետ գրեթե 15 տարի չեմ առնչվել: Հիմա այնտեղ երիտասարդ ուժեր են իշխում, մի քիչ անփորձ, բայց հույս ունեմ, որ ամեն բան լավ կլինի: Ի դեպ, Սուրենի պապիկը եղել է միության լավագույն նախագահներից մեկը: Ուղղակի միությունն այնպես են թալանել, որ չես պատկերացնում` ինչպես ես այդ ամենը ետ բերելու: Միության նախկին նախագահը, օրինակ, անգամ միության անդամ լինելու իրավունք չուներ…
-Այս տարին Ձեզ համար հոբելյանական է. նշում եք Ձեր ծննդյան 75-ամյակը: Այդ առթիվ որեւէ միջոցառում կկազմակերպվի՞:
-Այո, սեպտեմբերին կունենամ անհատական ցուցահանդես, որի շրջանակում կցուցադրվեն իմ բոլոր շրջանների կտավները: Սիրով հրավիրում եմ:

 

 

 

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆԿԵԼ 2-ՐԴ ՀԱՐԿԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք` «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ. հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Նարե Գրիգորյանն է:

Նա հիշեց երկու ուշագրավ դեպք, երկուսն էլ` մանկության հետ կապված: Առաջինը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նարեն ընդամենը 1 տարեկան 3 ամսական էր:
«Շատ փոքրիկ եմ եղել, գտնվել եմ բավական բարձրահարկ շինության երկրորդ հարկում: Չգիտեմ` ինչպես է պատահել, հանկարծ ընկել եմ երկրորդ հարկից: Հետաքրքիրն այն է, որ տատիկս այդ պահին աղոթում էր: Եվ կարծես Աստված լսեց նրա ձայնը, ու չեք հավատա, բայց ինձ հետ ոչինչ չպատահեց: Հոկտեմբեր ամիսն էր, ինձ բավական տաք ու փափուկ էին հագցրել, դա էլ իր դերը խաղաց, որ վնասվածքներ չստացա: Այսպես ասած, փափուկ վայրէջք կատարեցի: Երբ ծնողներս ինձ տարել են բժշկի, նա ասել է. «Էս երեխուն բան չի եղել, ինչո՞ւ եք բերել, ուղղակի փոշոտվել է, տարե՛ք, լողացրե՛ք»,- ծիծաղելով պատմեց Նարեն:
Մյուս էքստրեմալ իրավիճակում Նարեն հայտնվել է 10 տարեկանում. խոսքը կրկին վերաբերում է բարձրությանը. «Մերոնք խնդրեցին, որ տանեմ աղբը թափեմ: Աղբարկղն այնպիսի դիրքում էր, որ պետք է 2-3 մետր բարձրությունից աղբը նետեի այնտեղ: Ես էլ որոշեցի «1,2,3» հաշվարկից հետո աղբը նետել արկղը: Եվ այնպես ստացվեց, որ 3 հաշվից հետո աղբարկղում աղբի հետ միասին հայտնվեցի նաեւ ես: Ուրեմն արկղը բավական բարձր էր, ես դեռ փոքր էի, ոչ մի կերպ չէի կարողանում դուրս գալ: Այդ ընթացքում մի փոքր ընկերացա ճանճերի հետ, մինչեւ որ կարողացա դուրս պրծնել: Այս մի պատմությունը հիշելիս շատ ավելի եմ ծիծաղում, որովհետեւ իրավիճակն իսկապես զվարճալի էր»,-նշեց Նարեն:
Նա հավելեց, որ իր կյանքում նման ձախորդություններ շատ են եղել, սակայն դրանց ավարտը մեծ մասամբ հաջողությամբ է պսակվել:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ
Հունիսի 18-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Հավելենք, որ դասախոսությանը մասնակցելու համար ՀՖՖ-ն հրավիրում է բոլոր տարիքային թիմերի մարզիչներին:

 

 

 

ՇՆՈՐՀԱԿԱԼ Է
«Չելսիի» բաժնետեր Հասան Նագուրը Instagram-ում արված հրապարակումով շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, որը մոտ է «Յուվենտուսը» գլխավորելուն: Նագուրը գրել է. «Շնորհակալություն, Սարի՛»: Հավելենք, որ իտալացի 60-ամյա մասնագետի գլխավորությամբ «Ազնվականները» ավարտված մրցաշրջանում Պրեմիեր լիգայում գրավեցին 3-րդ հորիզոնականը եւ հաղթեցին Եվրոպա լիգայում:

 

 

 

ՇՂԹԱՅԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐ
Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը հնարավոր է կարիերան շարունակի ՊՍԺ-ում: Ֆրանսիացու տրանսֆերը ՊՍԺ կարող է նպաստել նաեւ այլ տրանսֆերի: Calciomercato-ն հայտնում է, որ այս տրանսֆերի իրականացման դեպքում փարիզյան ակումբը կարող է համաձայնել Կիլիան Մբապեին բաց թողնել Մադրիդի «Ռեալ»: ՊՍԺ-ում կարծում են, որ փորձառու Գրիզմանը ավելի մեծ ազդեցություն ունի Ֆրանսիայի ընտրանու կազմում, քան Մբապեն:
Այդ ամենին գումարվում է նաեւ այն փաստը, որ Մբապեի ու Նեյմարի հարաբերությունները իդեալական չեն, եւ նրանց երկուսին էլ դուր չի գալիս թիմում տիրող մրցակցությունը:

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Ինչպես տեղեկացնում է իտալական «Ռոմայի» պաշտոնական կայքը, պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկան նշանակվել է իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ: «Շատ ուրախ եմ «Ռոմայի»` ղեկին կանգնելու կապակցությամբ: Հավելենք, որ Ֆոնսեկայի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս