ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել` հուլիսի 8-ից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով` այս ամենի արդյունքում կանխատեսվում է, որ լրացուցիչ այցելությունները կավելանան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուս զբոսաշրջիկները արդեն սկսել են չեղարկել Վրաստանի հյուրանոցներում, հյուրատներում ամրագրած համարները:
Հիշեցնենք, որ hունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը: Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանին մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր: Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» համար:
Ըստ վրացական իշխանությունների` եթե Ռուսաստանը հուլիսի 1-ից լիարժեք փակի Վրաստանի հետ սահմանը, այդ թվում` ցամաքայինը, եւ ոչ մի ռուս զբոսաշրջիկ այդ երկիր չգնա, Վրաստանի կորուստը կկազմի 100 միլիոն դոլար: Բայց, մյուս կողմից, նույն վրացական իշխանությունները վստահեցնում են, որ այս երեւույթը այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենա Վրաստանի տնտեսության վրա: Վրաստանի տուրիզմի ազգային միության տվյալներով` նախորդ տարի Վրաստան այցելել է 1.4 մլն ռուս: Այսինքն` 2018 թվականին, 2017-ի համեմատ, ռուս զբոսաշրջիկների` դեպի Վրաստան այցելությունը 24 տոկոսով աճել է:
Իսկ, ահա, ռուսական կողմի տվյալներով` այս տարվա առաջին ամիսներին Վրաստան մեկնել է 500 հազար ռուս: Բացի այս, Վրաստանը մտնում է 15 հայտնի երկրների շարքում, որտեղ նախընտրում են այցելել ռուս զբոսաշրջիկները: Համեմատության համար նշենք, որ Հայաստան այս տարվա հունվար-մարտին ՌԴ-ից ժամանել է 32 հազար 300 զբոսաշրջիկ:
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ դրանց` հայկական տուրիզմի վրա հնարավոր ազդեցության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ:
-Պարո՛ն Ապրեսյան, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տուրիզմի վրա: Արդյոք հնարավո՞ր է, որ այս շրջանում նախատեսվածից ավելի շատ թվով ռուս զբոսաշրջիկ ՀՀ այցելի:
-Նախ ասեմ, որ ռուս եւ ընդհանրապես բոլոր զբոսաշրջիկները միշտ էլ բարով են եկել Հայաստան եւ թող բարով գան: Անկախ ամեն ինչից` ավիաչվերթների արգելքից հետո, որը հուլիսի 8-ից հետո է ուժի մեջ մտնելու, իհարկե սպասվում է որպես այլընտրանք դեպի Երեւան չվերթների ավելացում: Սա, իհարկե, նշանակելու է, որ լրացուցիչ այցելություններ կունենանք, մենք պետք է պատրաստ լինենք: Մենք պետք է պահպանենք մեր ծառայությունների որակը, պետք է հյուրասիրությունը, հյուրաընկալությունը բարձր լինի, եւ մեզանից պետք է միշտ գոհ վերադառնա զբոսաշրջիկը, ինչը, իհարկե, դրական է անդրադառնալու մեր իմիջի վրա:
-Իսկ հնարավո՞ր է` այս արգելքից հետո ռուս զբոսաշրջիկները Վրաստանը փոխարինեն ոչ թե Հայաստանով, այլ մեկ այլ երկրով: Վրաստանից բացի ո՞ր երկիրն է նրանց համար հետաքրքիր:
-Ռուսաստանը շատ մեծ արտագնա զբոսաշրջություն ունի եւ բազմաթիվ ուղղություններով այցելություններ: Այո, ճիշտ եք, միայն Վրաստանի մասին չէ խոսքը, ցանկացած ուղղությամբ մեծ թվով զբոսաշրջիկներ են գնում ՌԴ-ից, եւ ռուսական շուկան շատ երկրների համար ցանկալի շուկա է, քանի որ բավականին լավ գումարներ են ծախսում ռուս զբոսաշրջիկները:
-Արդյոք մեր երկրում գործող հյուրանոցներն ունե՞ն բավարար համարներ, կարո՞ղ են բոլորին բավարարել:
-Այս պահին բավականին ակտիվ հյուրանոցաշինություն է ընթանում, նոր հյուրանոցներ են անընդհատ բացվում ՀՀ-ում: Դեռեւս կարող է, բայց այցելությունների, հետաքրքրության աճի պայմաններում բնականաբար մենք կարիք ենք ունենալու լրացուցիչ հյուրանոցային համարների, ննջատեղերի:
-Եւս մի մտահոգություն, պարո՛ն Ապրեսյան. հնարավո՞ր է` որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, ծառայությունների գներն ավելի բարձրացնեն:
-Ես համոզված եմ, որ մեր տնտեսվարողների գիտակցությունը բարձր է: Մենք պահանջարկի բարձրացում կանխատեսում ենք եւ ձգտում ենք դրան, եւ մեր տնտեսվարողները պետք է պահպանեն ծառայությունների որակը եւ նաեւ անհարկի գներ չբարձրացնեն:
-Իսկ ո՞ր կառույցի կողմից են վերահսկվելու գները:
-Գների վերահսկողություն չկա, մեզ մոտ ազատ շուկայական հարաբերություններ են. այստեղ գների նկատմամբ վերահսկողություն կամ գնային կարգավորում մասնավոր հատվածի, գնային քաղաքականությանը միջամտություն կարող է միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Դա վերաբերում է այն դեպքերին, երբ սուբյեկտները ունեն գերիշխող կամ մոնոպոլ դիրք: Այս ոլորտում մենք գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ չունենք: Չկա հյուրանոցային ծառայություն մատուցող, որ գերիշխող դիրք է զբաղեցնում Հայաստանում:
-Սրան զուգահեռ, հնարավո՞ր է, Վրաստանում հակառակը տեղի ունենա, եւ հյուրանոցային ծառայություններն էժանանան:
-Ընդհանրապես գները ձեւավորվում են շուկայում: Հնարավոր են փոփոխությունները, եթե առաջարկի եւ պահանջարկի էական փոփոխություններ լինեն: Մի որեւէ երկրի շուկայում պահանջարկը կտրուկ բարձրանում է, եւ դա կարող է տանել գների փոփոխության, այս դեպքում` բարձրացման: Եթե կտրուկ իջնում է պահանջարկը, ապա գները եւս նվազում են:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԸ ՎԵՐԱՑՐԻՆ
Մի քանի օր է, ինչ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում գտնվող ավտոկայարանի շենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են կատարվում: Շենքի ծածկն է փոխվել, տանիքին տեղադրվել են մետաղյա թիթեղներ, ավտոկայարանի շենքի ձախ մասում հագուստի խանութ է բացվել, աջ մասում` նախկին սպասասրահի տարածքում, բետոնե բլոկներ են շարվում: Նոյեմբերյանցի վարորդները ավտոկայարանից մոտ 15 մ հեռավորությամբ մայթին 2 աթոռ են դրել, կատակով ասում են, որ դա նոր ավտոկայարանն է:
Ամռան տապին, ձմռան ցրտին, անձրեւներ, ձյուն տեղալու ժամանակ որտե՞ղ են պատսպարվելու նոյեմբերյանցի ուղեւորները: «Հայավտոկայարան» ՓԲԸ իրավաբան Արթուր Օհանյանն ասաց, որ Նոյեմբերյան քաղաքից սկիզբ առնող երթուղիների սեփականատերերը իրենց ընկերության հետ ավտոկայարանի տարածքն օգտագործելու վերաբերյալ պայմանագրեր չեն կնքել, իրենք գույքահարկ են վճարում, ավտոկայարանի տարածքի պահպանության ծախսեր կատարում, իրենք հանդիսանում են պետական ընկերություն, սակայն պետությունից չեն ֆինանսավորվում, իրենց ընկերությունը շահույթ է հետապնդում եւ Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել մասնավոր անձանց հետ: «Հայավտոկայարան» ՓԲԸ վարչատնտեսական բաժնի պետ Միհրան Ղամբարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ տարածքի վարձակալության վերաբերյալ առաջարկ են ստացել 2 անձանցից, նրանց առաջարկի պայմանները իրենց բավարարել են, իրենք վարձակալության պայմանագիր են կնքել նրանց հետ: Նա ասաց, որ Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքի մի մասը ծառայելու է որպես ավտոկայարան: Արդյոք ավտոկայարանի տարածքը, որ ամբողջությամբ նորոգվում է, խանո՞ւթ է դառնալու: Ղամբարյանը հայտնեց, որ իրենք հսկողություն են իրականացնելու եւ թույլ չեն տա, որ վարձակալության պայմանագրի դրույթները խախտվեն, տարածքն ամբողջությամբ խանութ դառնա:
Նշենք, որ ավտոկայարանի շենքի աջ հատվածը մոտ 25 տարի վարձակալությամբ զբաղեցնում է նոյեմբերյանցի զոհված ազատամարտիկի ընտանիքը` ամսական վճարելով 15 հազար դրամ վարձավճար: Այս տարվա ապրիլին այդ ընտանիքին հայտնել են, որ վարձակալության ամսական վճարը կազմելու է 45 հազար դրամ: Մ. Ղամբարյանին հարցրի, թե ինչու է եռակի անգամ բարձրացել տարածքի վարձը: Նա ասաց, որ իրենց ընկերությունը 2018 թվականից նոր մարդիկ են ղեկավարում, մտածողության փոփոխություն է եղել: «Հայավտոկայարան» ընկերության վերոհիշյալ պաշտոնյաները չպատասխանեցին լրագրողիս այն հարցերին, որ եթե տարածքի վարձակալության մրցույթ չի անցկացվել, Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքը վարձակալած 2 անձինք ինչպես են ընտրվել, ոնց է որոշվել, որ նրանց առաջարկած վարձակալության պայմանները ամենահարմարն են: Նշենք, որ Նոյեմբերյանի ավտոկայարանից ներկայումս գործում են Նոյեմբերյան-Վանաձոր եւ Նոյեմբերյան-Կողբ-Բերդավան միկրոավտոբուսային երթուղիները:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
10 ՕՐ ԱՆՑ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ
Հունիսի 14-ին Իջեւան քաղաքում որսորդական հրացանից կրակել են Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքի ղեկավար, 1984թ. ծնված Գրիգոր Սարհատյանի վրա, որը ստացել է աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ: Երբ Գ. Սարհատյանը ավտոմեքենայից իջել է, հանցագործը նրա ոտքին կրակել է:
Դեպքից հետո Գ. Սարհատյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր նրա ոտքը անդամահատվել է: Հունիսի 24-ին նա այդ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Իջեւան քաղաքում, որպես այդ հանցագործության մոտիվ, նշում են ենթադրյալ հանցագործի եւ Գ. Սարհատյանի միջեւ հին, չպարզված հաշիվները, որոնք պարզելու համար նրանք գնացել են իրենց ընդհանուր ծանոթի տուն: Երեք երեխաների հայր Գրիգոր Սարհատյանը, ում խնամքին են նաեւ կինը, մայրը եւ տատը, Լուսահովիտ համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. դեկտեմբերի 3-ին:
Հանցագործության դեպքի արթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի(«Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») հատկանիշներով:
Քրեական գործը քննում է Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ Եփրեմ Գալստյանը: Նրանից տեղեկացա, որ դեպքից 10 օր անց նշված քրեական գործով ձերբակալված կամ կալանավորված անձ, հետախուզվող չկա, հանցագործության գործիքը հայտնաբերված չէ: Քննիչ Գալստյանը հայտնեց, որ այդ ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Դեպքը տեղի է ունեցել Իջեւան քաղաքի կենտրոնում` Տավուշի մարզպետարանի շենքի մոտակա շենքերից մեկի բակում: Իջեւան քաղաքից ստացված տեղեկություններով` այդ ժամանակ 2 կին, որոնք նշված տարածքում են ապրում, անմիջականորեն տեսել են բակում կատարվածը եւ հանցագործությունը կատարող անձին: Իջեւանում շատերը գիտեն, թե ով է կատարել այդ հանցագործությունը, ով նախկինում էլ աչքի է ընկել ոչ օրինապահ վարքով: Տեղեկություններ կան, որ դեպքի ականատեսները հանցագործություն կատարող անձի ինքնությունը չեն նշում, քանի որ վախենում են կամ չեն ցանկանում հանցագործի մոտ վատամարդ դառնալ:
Իսկ մենք դեռ խոսում ենք իրավական երկիր լինելու հեռանկարի մասին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ