ՀՀ կառավարությունը մտադիր է ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ընկերությանը` «Ջերմուկ գրուպ»-ին արտոնություն տալ։ Հիշեցնենք, որ Աշոտ Արսենյանը նախորդ տարի լքեց ՀՀԿ-ն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախկին պատգամավորը հայտով դիմել է կառավարությանը եւ խնդրել ազատել ներմուծվող տեխնոլոգիական սարքերի, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի համար ներմուծման մաքսատուրքից: Ի դեպ, ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
«Ջերմուկ գրուպ»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիմերային շշերի արտադրության մեջ։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել 20 մլրդ 869 մլն դրամի ներդրում, որից 804 մլն դրամը կիրականացվի հոսքագծի ձեռքբերման համար, իսկ 20 մլրդ 68 մլն դրամը` հումքի եւ սարքավորման ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 408 աշխատատեղ:
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։ Բացի այս, ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26 մլրդ դրամ, որից 15.6 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 8 մլրդ 320 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ 80 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկների տարածքում:
Ս.Հ.