Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանըպարգևատրել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին, որը 1999 թվականից մինչև այժմ վարում է համահայկական խաղերի մարզական շքերթը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մեդալով պարգևատրված մեկնաբանը խաղերը որակել է հայապահպանության լավագույն միջոց:
«Երջանիկ եմ, որ 20 տարի շարունակ արժանանում եմ Համահայկական խաղերի մարզական շքերթը վարելու պատվին: Խաղերի կոմիտեն շատ մեծ գործ է անում, ուրախ եմ, որ կարող եմ իմ լուման ներդնել այս ամենում»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Ներկաները վստահեցրել են, որ կշարունակեն գործակցել՝ սպորտի միջոցով միավորելով աշխարհասփյուռ հայությանը:
Իշխան Զաքարյանը հավաստագրեր և նվերներ է հանձնել նաև Համահայկական 7- րդ ամառային խաղերի կամավորներին:
Նա շնորհավորել է խաղերի փայլուն անցկացման առթիվ և շնորհակալություն հայտնել երիտասարդներին ամբողջ ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք ժամանած մասնակիցների հետ լինելու համար:
«Սփյուռքից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից շատ դրական են արձագանքները Համահայկական խաղերի վերաբերյալ: Այդ ամենում կարևոր ներդրում ունեցաք դուք՝ կամավորներդ: Ձեր աշխատանքը շատ բարձր է գնահատվում թե՛ Արցախում, թե՛ այստեղ: Մենք բազմաթիվ նախագծեր ունենք Համահայկականի շրջանակում և ապագայում նույնպես սիրով կգործակցենք ձեզ հետ»,- ասել է Իշխան Զաքարյանը:
Կամավորներն, իրենց հերթին, շնորհակալություն ենհայտնել դրսևորվելու հնարավորություն ունենալու համար և նշել, որ պատրաստակամ են հետագայում էլ աշխատել Համահայկական խաղերի կազմակերպիչների հետ: