ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը: Խոշոր հարկատուների մեծ մասն ավելացրել է հարկային վճարումները, մի մասը` նվազեցրել, իսկ մի քանիսն էլ չեն հայտնվել ցանկի առաջին տասնյակում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 13 մլրդ 570 մլն դրամի հարկային վճարումներ: Թեեւ ընկերությունը ցանկի առաջատարն է, բայց այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 426 մլն դրամով պակասեցրել է հարկային վճարումները:
Հազար խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում տեղավորվել է ծխախոտի տեղական արտադրող, հեղափոխությանը աջակցած «Գրանդ տոբակո» ընկերությունը, որն այս տարվա հունվար-մարտին զգալի ավելացրել է հարկային վճարումները: Ընկերությունը պետական բյուջե վճարել է 12 մլրդ 830 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 մլրդ 70 մլն դրամի դիմաց (ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եւս զբաղեցրել է ցանկի 2-րդ տեղը): Ըստ մասնագետների` ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է: Ծխախոտ արտադրողին հաջորդում է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը», որը շեշտակի ավելացրել է հարկային վճարումները: Այս տարվա հունվար-մարտին ընկերությունը կատարել է 6 մլրդ 684 մլն դրամի հարկային վճարումներ, մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում հանքարդյունաբերող ընկերությունը պետական բյուջե կատարել է 4 մլրդ 103 մլն դրամի հարկային վճարում: Ստացվում է, որ մեկ տարում ընկերությունը մոտ 2 մլրդ 581 մլն դրամով ավելացրել է հարկերը:
Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է ցանկում առաջ եկել: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը 6-րդ տեղում էր, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 4-րդ` 4 մլրդ 544 մլն դրամի չափ վճարած հարկով: Հազար խոշոր հարկատու համարվող ՀԷՑ-ը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացրել է հարկերն ու տուրքերը, օրինակ` նախորդ տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 2 մլրդ 598 մլն դրամ հարկ ու տուրք: Բայց, չնայած սրան, այս տարվա 5 ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը 7.4 տոկոսով նվազել է:
ՀԷՑ-ին հաջորդում է հանքարդյունաբերությամբ զբաղվող մյուս ընկերությունը` «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է ցանկի 5-րդ տեղը` վճարելով 4 մլրդ 295 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել է 2 մլրդ 494 մլն դրամ հարկ ու տուրք: Ծխախոտի տեղական արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը զբաղեցնում է հազար խոշոր հարկատուների ցանկի 6-րդ տեղը եւ պետական բյուջե կատարել է 3 մլրդ 955 մլն դրամ հարկ ու տուրք: Ի դեպ, այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցանկի առաջին տասնյակում չի եղել. 12-րդ տեղից առաջ է եկել եւ հայտնվել 6-րդ տեղում:
«Ժողովուրդ» օրաթերթը հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ 7-րդ տեղում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որի հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 769 մլն դրամ: Այս ընկերությունը փոքր-ինչ նվազեցրել է հարկերը` 43 մլն 422 հազար դրամի չափով: Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը ցանկի 4-րդ տեղն է զբաղեցրել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 7-րդն է: Հազար խոշոր հարկատուների ցանկի 8-րդ տեղում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը` 3 մլրդ 753 մլն դրամ հարկ ու տուրքով: Այս ընկերությունը, հակառակը, ավելացրել է հարկերը`1 մլրդ 242 մլն դրամի չափով: Իսկ, ահա, 2015 թվականին հիմնադրված «Ակվիլոն Թրեյդ» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկի 9-րդ տեղում է` 3 մլրդ 414 մլն դրամ հարկային վճարումներով:
Ամենաուշագրավն այն է, որ այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցանկի 101-րդ տեղում է եղել, իսկ պետական բյուջե վճարել է 331 մլն դրամ: Տարօրինակ է, բայց փաստ, որ այս ընկերությունը հասցրել է մեկ տարվա ընթացքում 3 մլրդ 836 մլն դրամով ավելացնել հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը 2016 թվականից` հիմնադրվելուց մեկ տարի անց է հայտնվել հազար խոշոր հարկատուների ցանկում: Այս ընկերության անունը ոչ մի տեղ գրանցված չկա, եւ հայտնի չէ, թե ինչով է զբաղվում: Իսկ վճարված հարկերի մեծ մասը հավաքագրվել է մաքսային մարմինների կողմից, եւ ենթադրվում է, որ ընկերությունը զբաղվում է ներմուծումներով: Այս ընկերության մասին միայն հայտնի է, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Հայկ Զոհրաբյանն է աշխատել` որպես լոգիստիկ բաժնի ղեկավար:
Հազար խոշոր հարկատուների ցանկի 10-րդ հորիզոնականը գլխավորում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անգամ տեղ չի գտել առաջին տասնյակում: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 2 մլրդ 794 մլն դրամ հարկ ու տուրք: Իսկ, ահա, այս տարվա առաջին եռամսյակում հարկային վճարումները կազմել էին 1 մլրդ 664 մլն դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ
Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանը շրջաբերական է ուղարկել մարզի համայնքների ղեկավարներին, ուր նշված է` իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքների համաձայն` վերջին ժամանակահատվածում բնակչության շրջանում դիտվում է վայրի եւ տնային (մասնավորապես թափառող) կենդանիների կողմից կծվածության դեպքերի աճ, ինչը չի բացառում բնակչության շրջանում կատաղության հիվանդության արձանագրումը: Կենդանիների շրջանում արձանագրվել են կատաղության լաբորատոր տվյալներով հաստատված դեպքեր: Նման դեպքեր 2018-ին եղել են Կոտայքի, 2019թ.` Արմավիրի եւ Տավուշի մարզերում: Շրջաբերականում ասված է, որ չնայած ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումներին` այսօր առկա են մի շարք խնդիրներ, որոնք դուրս են Առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակներից, սակայն պահանջում են հրատապ լուծում, մասնավորապես` բացակայում են կենդանիների հաշվառման եւ գրանցման համակարգը, լիարժեք համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների եւ անասնաբուժական, բնապահպանական ծառայությունների միջեւ, քանզի կենդանիների շրջանում, հատկապես` վարակիչ հիվանդությունների ուղղությամբ, մասնագիտացված եւ առավել խորը լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար հնարավոր չի լինում կազմակերպել որսված կամ անկած կենդանիների տեղափոխումը համապատասխան անասնաբուժական լաբորատորիաներ: Դա խոչընդոտում է հասկանալու կենդանիների շրջանում առանձին վարակիչ հիվանդություններով վարակվածությունը, որի արդյունքում հանրային առողջապահության ոլորտում իրականացվող միջոցառումները կարող են իրականացվել ուշացումներով: Խնդրահարույց է ընտանի կաթնասուն կենդանիների զբոսանքի կազմակերպումը, քանի որ հատկացված չեն վայրեր (համապատասխան ցուցանակներով)` ապահովված կենդանիների արտաթորանքների համար տարողություններով: Ավելին` անգամ անհատների կողմից իրենց իսկ կողմից տիրապետվող կենդանիների զբոսանքը կազմակերպվում է առանց կենդանու համապատասխան դնչկալների: Խնդիրն առավել մտահոգիչ է մարզերում, քանի որ վայրի կենդանիները համարվում են կատաղության հիվանդության բնական պահոց, դրանք չհիվանդանալով կարող են հիվանդությունը փոխանցել ընտանի եւ գյուղատնտեսական կենդանիներին:
Այնուհետեւ շրջաբերականում գրված է. «Հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում նաեւ վայրի կենդանիների շրջանում միջոցառումներ կազմակերպելը, մասնավորապես` կանխարգելիչ պատվաստումների մասով: Կարեւորելով վերը նշվածը` առաջարկվում է կանոնակարգել ներկայացված հարցերը (քննարկել ավագանու հետ, մշակել եւ հաստատել ընտանի կենդանիների պահելու եւ հաշվառելու կանոնները): Հարցերը կարգավորելու ընթացքում կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը, որն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու ձեռնարկվող աշխատանքներին»: Թե Տավուշի մարզի վայրի որ կենդանիներին որտեղ, ինչպես եւ ովքեր պետք է կանխարգելիչ պատվաստումների ենթարկեն, գրության մեջ չի նշվում: Դժվար է պատկերացնել, որ Տավուշի անտառներից գայլեր եւ աղվեսներ են բռնում եւ սրսկում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ ԲԺԻՇԿՆԵՐ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հունիսի 26-ին մեկնարկեց Իջեւանի քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Էդվարդ Ֆրանգուլյանի եւ Երեւանում գրանցված, 1964թ. ծնված Վանուհի Ասիլբեկյանի դատավարությունը: Է. Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, 2017թ. հուլիսի 14-ին կամ 15-ին, նախնական համաձայնության գալով բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վանուհի Ասիլբեկյանի հետ, նրա կողմից կատարված հանցավոր արարքը թաքցնելու եւ պատասխանատվության չենթարկելու նպատակով պատասխանատվությունից ազատող, պաշտոնական այլ փաստաթուղթ հանդիսացող, Էլինա Սաղոյանի անվամբ լրացված թիվ 1554 ծննդաբերության պատմության մեջ կեղծ գրառումներ են կատարել:
Վ. Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձ-գինեկոլոգ եւ հանդիսանալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձ, պարտավոր լինելով ապահովելու ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, 2017թ. հուլիսի 14-ին Իջեւան քաղաքի բնակչուհի Էլինա Սաղոյանի ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` դրանց նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք: Է. Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, Վ. Ասիլբեկյանին` 130 հոդվածի 2-րդ մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշեմ, որ 2017թ. հուլիսի 14-ի վաղ առավոտյան 23-ամյա Էլինա Սաղոյանը ընդունվել է Իջեւանի ԲԿ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունք, ուր այդ օրը` երեկոյան` Էլինայի ծննդաբերության ժամանակ, նրա նորածին երեխան մահացել է:
ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԸ
Հունիսի 23-ին՝ Դիլիջանում` «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի շենքում կայացած ««Իմ քայլը»` հանուն Տավուշ»-ի ներդրումային համաժողովի ժամանակ, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ գերմանական GIZ կազմակերպության կատարած ուսումնասիրություններով` Տավուշի մարզի անտառներն ունեն 300 միլիոն եվրոյի մթերքի հնարավորություն` չհաշված այն հավելյալ արժեքը, որը կգոյանա դրա վերամշակման պարագայում: Մարզպետն ասաց, որ ներկայումս Տավուշի մարզում ոռոգվում է 4 հզ. հեկտար հողատարածք, մեկ տարվա ընթացքում ենթակառուցվածքային ներդրումները հնարավորություն կտան եռապատկելու դրանք:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ