ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հուլիսի 9-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կսկսի պայքարը Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում` Չեմպիոնների Լիգայում:

Կարեւորագույն խաղից առաջ մեր չեմպիոնները լուրջ փոփոխություններ են կատարում թիմում` ցանկանալով «պայթեցնել» տրանսֆերային պատուհանը: Հաշվի առնելով մեր մրցակցին, որը մեզ բաժին հասավ Չեմպիոնների Լիգայի որակավորման հենց առաջին փուլից, կարծում ենք` այլ սպասելիքներ լինել չէր կարող. միայն լավ փոփոխություններ կատարելու դեպքում կարելի է հուսալ, որ հայկական ակումբը կարող է շրջանցել շվեդական ԱԻԿ-ին:
«Արարատ-Արմենիան» պատասխանատու խաղից առաջ իսկական տրանսֆերային արշավ է սկսել: Թիմի դեռեւս ամենանշանակալից ձեռքբերումը հոլանդացի 31-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆուրջել Նարսիգն է: Ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք հեղինակավոր հոլանդական ակումբներում, այդ թվում նաեւ` ԱԶ-ում: Հիշելով ավարտված մրցաշրջանը` կարելի է եզրակացնել, որ Վարդան Մինասյանի սաները այն ֆուտբոլով, որը ցուցադրում էին Հայաստանի առաջնությունում, դժվար թե կարողանան հաղթել շվեդական թիմին: Այո, հայկական թիմը կարողացավ հռչակվել Բարձրագույն խմբի հաղթող, բայց նրանց խաղը համարել գոհացնող դեռեւս չի կարելի: Ակումբը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ձեռք է բերել նաեւ պորտուգալացի պաշտպան Մենեզեսին, Ռոժդի Աշենտեին եւ Իլյա Անտոնովին: Հիմա եկեք մի կողմ թողնենք թիմի ձեռքբերումները եւ անդրադառնանք նաեւ կորուստներից գլխավորին` Վլադիմիր Խոզինին` ֆուտբոլիստ, որը շատ վճռորոշ դեր կարող էր խաղալ ԱԻԿ-ի դեմ հանդիպումներում, սակայն լքեց թիմը: Ցավոք, հայկական ակումբի շուրջ մեկ ամիս տեւած բանակցությունները արդյունք չտվեցին, եւ ոչ մի հանգամանք չկարողացավ Խոզինին պահել ակումբում: Ամեն դեպքում, ինչպես ասում են, «չկա չարիք առանց բարիք». հեռացավ Խոզինը, բայց եկան Մենեզեսն ու Աշենտեն:
Առջեւում մեր թիմը պետք է փորձի հաղթահարել մեծ արգելք, եւ այս ֆուտբոլիստների ներկայությունը, իհարկե, կարող է շատ բան փոխել: Պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ շվեդների դեմ առճակատումից առաջ տրանսֆերներ կատարելու համար դեռ կա 2 շաբաթ, իսկ թիմի պատրաստվածությունը հասկանալու, փորձարկումներ կատարելու եւ նոր ֆուտբոլիստների թիմին ընտելանալու համար` ընդամենը 2 շաբաթ:
Թե մինչեւ հանդիպումը ինչ ձեռքբերումներ եւ կորուստներ կարող է ունենալ «Արարատ-Արմենիան», առայժմ պարզ չէ, բայց այն, որ արդեն հասունացել է պահը նվաճումների հասնել նաեւ եվրոպական մրցասպարեզում, անհերքելի փաստ է: Ո՞վ գիտե, հնարավոր է` հենց այդ տրանսֆերները դառնան մեր` հաջողության հասնելու բանալին:
Այժմ երեւանյան թիմը գտնվում է Բելառուսում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք: Մեր թիմը անցկացրած առաջին խաղում 5:0 հաշվով ջախջախել է բելառուսական «Սպուտնիկ» ակումբին, որը հանդես է գալիս բելառուսական երկրորդ լիգայում` 1-ին դիվիզիոնի առաջնությունում: «Արարատ-Արմենիան» Բելառուսում դեռ կմրցի «Դեսնայի» եւ «Գոմելի» հետ:
Այսպիսով, Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում այս տարի սպասելիքները ավելի մեծ են` նախորդների համեմատ, եւ պետք է հուսալ, որ Չեմպիոնների Լիգայում մեր միակ ներկայացուցիչը պատվով հանդես կգա եւ կկարողանա, անակնկալ մատուցելով բոլորին, դուրս գալ խմբային փուլ:
Հավելենք, որ Չ/Լ-ի այս փուլից դուրս մնալը «աշխարհի վերջը» չի դառնա «Արարատ-Արմենիայի» համար, քանի որ հայկական ակումբը պարտության մատնվելու դեպքում հնարավորություն կստանա ուժերը չափել Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կհանդիպի «Ֆերոնիկելի»-«Լինկոլն Ռեդ Իմպս» զույգի հաղթողի հետ:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս