Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավի շրջանակներում հայտարարել էր, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը: Վարչապետի այս հայտարարությունից անցել է ավելի քան կես տարի, սակայն այս ընթացքում ներդրողների եւ գնորդների կողմից հետաքրքրություն չկա այդ հյուրանոցի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղում ծանոթացավ իրավիճակին եւ պարզեց, որ Հայաստանի ամենաշքեղ եւ բարձրակարգ հյուրանոցն առաջիկայում կվերածվի աղբանոցի կամ կթալանվի, եթե շարունակվի պատշաճ վերահսկողություն չիրականացվել: Նշենք, որ դեպի հյուրանոց տանող ճանապարհը երկաթե ձողով փակված էր, վրան գրված` STOP. հուշում էր, որ արգելված տարածք է, բայց ցանկացած անձ կարող է ազատորեն «հաղթահարել» STOP-ը ու հասնել հյուրանոց: Թերեւս պատկերացրեցիք, որ այս իրավիճակում չի բացառվում, որ հյուրանոցը թալանվի, ու այդպես թալանված էլ պետությունը կոպեկներով աճուրդի հանի այն: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները արձանագրեցին, որ հյուրանոցի մի քանի ապակի արդեն կոտրված են, հետնամասի դռները բռնակներ չունեն, պոկված էին, այսինքն՝ հյուրանոցը ապահովագրված չէ գողերից ու չարագործներից: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու պատշաճ պահպանություն չի իրականացվում հյուրանոցի տարածքում: Հարցին ի պատասխան` Բաբայանն արձագանքեց` նշելով. «Այնտեղ սեփականատերերը ոստիկանության հետ պայմանագիր ունեն կնքած, եւ հսկողություն է իրականացվում: Ես նորից կճշտեմ, բայց գիտեմ, որ հսկողություն կա»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստին կարող է մասնակցեն նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» հայտարարությունը վրդովել էր Գագիկ Ծառուկյանին, եւ Վարդան Ղուկասյանին տեղեկացրել էին, որ միառժամանակ «չերեւա» խորհրդարանում: Իսկ, ահա, Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարել էր իր գործունեության դադարեցման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զիջումների է գնացել եւ կուսակիցների միջոցով վերջիններիս հորդորել գալ խորհրդարան: Եվ չնայած Գագիկ Ծառուկյանը «ներել է» Ղուկասյանին, սակայն պատգամավորը շարունակում է պնդել իր դիրքորոշումը, ու անհասկանալի է, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե կրկին Ղուկասյանին հարց տան Քոչարյանի կալանավորման մասին:
Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում: Ի դեպ, նախարարն իր ծննդյան տարեդարձը նշել է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմաարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Համազասպ Դանիելյանի եւ այլոց հետ: Նշենք, որ իշխանության ներկայացուցիչները ծննդյան արարողությանը մասնակցել են ընտանիքներով: «ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը «Մարիոթ» հյուրանոցից հետաքրքրվեց, թե որքան արժե այնտեղ մեկ անձի սպասարկումը: Պարզվեց` հյուրանոցն առաջարկում է տարբեր գներ ունեցող փաթեթներ, որոնք սկսվում են 10 հազար դրամից. կան 12 հազար, 14 հազար, 16 հազար եւ 22 հազար դրամանոց փաթեթներ: Ի դեպ, այս փաթեթներում ներառված չէ ալկոհոլային խմիչքը. դրանք առանձին գներ ունեն, ինչը գրեթե կրկնակի է դարձնում 1 հոգու համար սահմանված գինը։
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Աննա Մարգարյանին մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ թեկնածու լինել, սակայն վերջինս հրաժարվել է, եւ դատելով երեկվա հանդիպումից` նրան կարողացել են համոզել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչ արդեն ընտրված Գրիգոր Բեքմեզյանին ԲԴԽ անդամ դառնալու առաջարկ անելը նման առաջարկ է արվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանին, սակայն վերջինս եւս հրաժարվել է: Ի դեպ, 2013 թվականին Սերժ Սարգսյանը Գաբուզյանին շնորհել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: Եվ մինչ Ազգային ժողովը ընտրում է ԲԴԽ թեկնածուին, դատական համակարգում հուլիսի 11-ին կընտրեն դատավորների թեկնածուներին, իսկ այս օրերին ցուցակն են կազմում: Եվ դատավորներից ով չունի 10 տարվա աշխատանքային փորձ, այդ ցուցակում չի լինի:
ԼԱՎ ԼՈՒՐԵՐ
Սովորաբար ընդունված է ասել, որ պոզիտիվ լուրերն ու մեկնաբանություններն այնքան էլ պահանջված չեն: Բայց, այնուամենայնիվ, անհնար է չնկատել երեկ կառավարության նիստում տրված 2 դրական փոփոխությունների մեկնարկը: Երեկ հայտարարվեց, որ 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերով, եւ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կավելանա 13 հազարով ու կկազմի 68 հազար ՀՀ դրամ: Սրանք պետք է արձանագրել:
Իհարկե, երկրորդ նախագծի մասով դեռ դժվար է ասել, թե քանի հոգու վրա դա կտարածվի, քանի որ մեր երկրում ընդունված է աշատավարձը քիչ գրել, բայց իրականում կանխիկով շատ վճարել: Այսինքն` հնարավոր է իրականում շատ մարդու վրա էականորեն չազդի այս նախաձեռնությունը, քանի որ նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ քիչ են մեր երկրում: Բայց նույնիսկ այդ դեպքում նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ նվազագույն աշխատավարձ առաջարկող գործատուները գոնե չեն կարողանա չարաշահել քաղաքացիների իրավունքները:
Իսկ, ահա, մինչեւ 18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը անվճար դարձնելն առավել առարկայական քայլ է, ավելի շատ մարդկանց վրա կտարածվի, եւ բյուջեից հատկացված 1.75 մլրդ դրամը հաստատ իզուր ծախս չէ: Միայն թե մանկական հիվանդանոցները պետք է կարողանան դիմակայել այս փորձությանը: Ինչո՞ւ. որովհետեւ երբ մի թեթեւ վարակիչ հիվանդությունները գլուխ են բարձրացնում, հիվանդանոցները չեն դիմանում այդ ծանրությանը. երեխաների բուժումը կազմակերպում են միջանցքներում, հրաժարվում են երեխաներին ընդունել` պատճառաբանելով, թե ազատ մահճակալներ չունեն:
Կարծում ենք` Նիկոլ Փաշինյանի կառավարության այս պատասխանատու եւ երկար սպասված նախագծից հետո պիտի հետեւություններ անեն հիվանդանոցները, վերազինվեն, քանի ամառ է. այնպիսի իրավիճակ չունենանք` պետպատվերը լինի, գումարը փոխանցվի, սակայն հիվանդանոցները չկարողանան սպասարկել բուժզննության կամ բուժման կարիք ունեցող մինչեւ 18 տարեկան երեխաներին:
Սա արդեն լուրջ կլինի, քանի որ պետք է կարողանան սպասարկողները, տվյալ դեպքում` հիվանդանոցները, պատվիրատուի, տվյալ դեպքում` ՀՀ կառավարության արագության եւ պահանջների հետեւից գնալ: Այլընտրանք պարզապես չկա: