«ԵՂԵԼ ԵՄ ՈՒՍՈՒՑՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՁՄԵՐՈՒԿ ԾԱԽՈՂ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Տիգրան Գյուլումյանն է: Նա անդրադարձել է իր կյանքի դժվարին պահերին, խոսել է ամուսնության մասին, նշել, թե ինչ է արգելում իր երեխաներին:

-Տիգրա՛ն, հավատալ ճակատագրի՞ն, թե՞ սեփական ուժերին:
-Աչքի առաջ ունենալ ճակատագիրը, բայց առաջնորդվել սեփական ուժերով:
-Նույնիսկ ամենադժվար պահերին չեք մոռանում, որ…
-Տեր աստված ունեմ, չեմ մոռանում ընկերներիս գոյության մասին:
-Լավ ֆիլմը պետք է կարողանա…
-Ասելիք ունենալ: Հանդիսատեսը գումար է ծախսում, որպեսզի տեսնի սուտ, բայց այդ սուտը պետք է ճշմարիտ մատուցվի, տրամաբանված լինի: Բայց եթե այդ սուտը վատ է մատուցվում, կորցնում է տրամաբանությունը: Ֆիլմը պետք է արտահայտի մարդու, տվյալ ժամանակի, երկրի, քաղաքացու հուզմունքը, ապրումները: Ռեժիսորը, սցենարիստը պետք է իրենց առջեւ հստակ խնդիր դնեն, իսկ դերասանական կազմը օգնի դրա լուծմանը:
-Ժամանակահատված, որը չեք ուզում հիշել կամ վերապրել:
-Անկեղծ ասած, ոչ: Բարդ փուլեր շատ եմ ունեցել, բայց հիմա, երբ հետադարձ հայացք եմ նետում դրանց վրա, հասկանում եմ, որ ամեն մեկն էլ իրենց կարեւոր տեղն ունեն իմ կյանքում, աշխարհայացքիս ձեւավորման հարցում:
-Կա՞ մի բան, որ արգելում եք Ձեր երեխաներին:
-Համացանցից շատ օգտվել: Հիմա թացը չորի հետ շատ է խառնվել: Երբ երեխաները չափից դուրս շատ ժամանակ են անցկացնում համացանցում, մի տեսակ զոմբիացնում են, զրկվում են վերլուծելու սեփական կարողությունից: Իրենք ինտերնետ մուտք գործելու հնարավորությունը վաստակում են գիրք կարդալով: Կարդում են գիրք, ստանում են իքս չափի մեգաբայթ (ծիծաղում է):
-Անիմաստ է ապրել առանց…
-Սիրո:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Ե՛վ շռայլ եմ, ե՛ւ ագրեսիվ եմ, ե՛ւ նուրբ եմ: Սիրո բոլոր դրսեւորումներն ինձ համար կարեւոր են: Կարեւորն այն է, որ սերը չլինի հորինված: Գիտակցությունը չպետք է խառնվի դրան. սերը պետք է ներսից հորդի եւ իր գործն անի, իսկ գիտակցությունը պետք է գնահատական տա այդ գեղեցիկ երեւույթին:
-Ամուսնությունն ինչպե՞ս կբնութագրեք:
-Շեքսպիրն է ամենալավը ասել` ամուսնությունը պարտադիր հիմարություն է (ծիծաղում է): Ընտանիքը, իհարկե, հրաշալի է: Դու կարողանում ես նույն տարածության մեջ դաստիարակել երեխաներին, բայց երբ ամուսնությունը իր հետ բերում է պարտականություններ, մտածում ես` եթե ամուսնացած չլինեիր, այդ հատուկ պարտականությունները չէին լինի: Հակառակ դեպքում էլ «հանունն» առկա չէ. մի բան, հանուն որի արժե միասին ճանապարհ անցնել:
-Երբ ասում են մանկություն, միանգամից հիշում եք…
-Մութ ու ցուրտ տարիները: Ես տեսել եմ սով, պատերազմ, երկրաշարժ, այնպես որ մանկությունս հեքիաթային չի անցել, բայց զուրկ էլ չեմ եղել: Ունեցել եմ լավ խաղալիքներ, հեծանիվ, ստացել եմ լավ ուսում, այցելել եմ մշակույթի դպրոց:
-Երբեւէ կատարե՞լ եք աշխատանք, որը դերասանության հետ կապ չունի:
-Հիմա էլ եմ անում նման աշխատանք` մասսայական միջոցառումներ եմ կազմակերպում: Իսկ ավելի վաղ, երբ ինստիտուտը ավարտեցի, պետք է գնայի բանակ, գնացի սահմանամերձ գոտու մի դպրոցում չորս տարի դասավանդեցի մշակույթի պատմություն, հետո առեւտուր եմ արել, երեք-չորս ամիս էլ ձմերուկ եմ ծախել:
-Ի՞նչ խոստովանություն կանեք մեկին, ում ծանոթ եք դպրոցական տարիներից:
-Բոլոր խոստովանություններն արել եմ (ծիծաղում է): Միայն կասեմ, որ դպրոցական կյանքն իսկապես առանձնահատուկ մաքուր էր, կարոտով եմ հիշում այդ օրերը: Երանի կարողանայի տասը րոպեով վերադառնալ դասարան:
-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:
-Վախենում եմ այն բանից, որ նպատակս, որ դնում եմ իմ առջեւ, կարող է անհասանելի լինել այն իմաստով, որ ինչ-որ բան, ի վերջո, խոչընդոտի դրան հասնել: Վախս կրկնապատկվում է, երբ արդեն տրամադրված եմ լինում, որ պետք է այդ բանն անեմ ու մտածում եմ` գուցե չստացվի:
-Երեխաներ ունենալ կյանքում հետք թողնելո՞ւ համար, թե՞ որ վաղը Ձեզ ջուր տվող լինի:
-Ինքդ քո տեսակը վերարտադրելու համար: Դու քո մեջ խտացնում ես արժեքներ, գենետիկ կոդ ունես ու պարտավոր ես ճիշտ ձեւով փոխանցել այն սերնդիդ:
-Ձեր մեծագույն ձեռքբերումը:
-Եթե գործնական ձեռքբերումի մասին է խոսքը, այն դեռ առջեւում է, իսկ, առհասարակ, ընտանիքս է իմ ձեռքբերումը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՅԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ Ի՞ՆՉ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը ամուսնու` Սուրեն Փահլեւանյանի հետ այս ամռանը իր հանգիստը կվայելի հավանաբար Կարմիր ծովում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ հանգստի պասիվ տարբերակն է նախընտրում եւ անպայման` ծովի ափին. «Ի դեպ, լողալ շատ չեմ սիրում: Ինձ համար հաճելին ծովը վայելելն է թե՛ լուսաբացին, թե՛ մայրամուտին»,- ասաց նա:

Հաղորդավարուհին էքստրեմալ, ակտիվ հանգիստ առանձնապես չի սիրում: Նա նախընտրում է իր խաղաղությունը վայելել ոչինչ չպարտադրող միջավայրում: Իսկ հարցին, թե արդյոք ամեն անգամ դստերը իրենց հետ տանում են հանգստի եւ, առհասարակ, որն է ճիշտ` այն, որ զույգերը մեկնեն հանգստի երեխաների հետ, թե առանց նրանց, Յանան պատասխանեց. «Ամեն տարի աղջկաս տարել ենք մեզ հետ ծով, բայց այս տարի հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Նա արդեն իսկ հասցրել է մայրիկիս հետ մեկնել Սեւ ծով, ուստի մեզ հետ արդեն չի գա հանգստի»:
Մենք մի փոքր էլ գործնական կյանքի մասին զրուցեցինք: Յանան տեղեկացրեց, որ այդ առումով 2019-ը իր համար հաջող տարի է: Կան մի շարք նոր ծրագրեր, որոնք այս տարի կյանքի կկոչվեն: Հիմա էլ նա ստեղծագործական բուռն պրոցեսի մեջ է, ի դեպ, ոչ միայն որպես հաղորդավարուհի: Յանան իր համար նոր զբաղմունք է գտել, որին բավականին լուրջ է վերաբերվում. «Զբաղվում եմ ռեժիսուրայով, ընդ որում` թե՛ տեսականորեն, թե՛ պրակտիկ մասով խորացել եմ այս մասնագիտության մեջ: Ավելի կոնկրետացնելով նշեմ, որ իմ դեպքում խոսքը տեսահոլովակների ռեժիսուրայի մասին է: Կարծում եմ` վատ չի ստացվում»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա տեղեկացրեց, որ հասցրել է Իրինա Հարությունյանի, Հայկ Հունանյանի տեսահոլովակների ռեժիսորը լինել: Ընդ որում, Յանան գրում է նաեւ տեսահոլովակների սցենարները. «Սա նոր զբաղմունք է ինձ համար, որին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում»,-եզրափակեց նա:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս