Կառավարությունից Ամուլսարի թեմայով ադեկվատ փաստարկ չեմ լսել. Վահագ Ռաշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գրել ենք, Ամուլսարի հանքի շահագործման թեմայով այս շրջանում ակտիվ տեսակետ են հայտնում մշակույթի մի շարք գործիչներ:

Ավելի վաղ մենք ներկայացրել ենք դերասան Սերգեյ Դանիելյանի եւ երգիչ Անդրե Սիմոնյանի կարծիքը:

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց երգիչ Վահագ Ռաշի հետ: Նա դեմ է, որ Ամուլսարը դառնա հանք. «Առհասարակ, նոր հանքերի բացմանն եմ դեմ: Աշխարհը ուշքի է եկել եւ գնում է բնապահպանական աղետները կանխարգելելու ճանապարհով, իսկ մենք նոր հանք բացելու մասին ենք խոսում: Այսքան ժամանակ կառավարության ներկայացուցիչների կողմից որեւէ ադեկվատ փաստարկ չեմ լսել առ այն, թե հատկապես ինչու է անհրաժեշտ հանքի շահագործումը, ինչու է կառավարությունն այդքան շահագրգռված: Եթե իսկապես կան լուրջ փաստարկներ, ուրեմն հարկավոր է հնարավորինս անվտանգ շահագործել հանքը,բայց ես չեմ լսել այդպիսիք»,-շեշտեց Վահագը:

Նա անդրադարձավ այն դիտարկումներին, թե միայն Ամուլսարի հանքի շահագործման դեմ են ակտիվիստները պայքարում, իսկ մյուս հանքերի շահագործման դեպքում աղմուկն այսքան մեծ չէր. «Մյուս հանքերն արդեն արել են իրենց գործը, թունավորել են շրջակայքը: Սեփականատերերը տարել են մեր հարստությունը՝ դիմացը մեր երկրին չնչին գումարներ տալով:

Տասնյակ տարիներ են հարկավոր, որպեսզի բնությանը հասցված վնասը փոխհատուցվի: Բայց հիմա Ամուլսարի դեպքում մենք կարող ենք կանխել այդ գործընթացը»:

Նա կարեւորեց ամեն քաղաքացու ակտիվ դիրքորոշումը Ամուլսարի հարցում եւ շեշտեց՝ իր նպատակը իշխանությանը դեմ գնալը չէ. «Շատերին թվում է, թե ակտիվիստները դեմ են Փաշինյանին, իշխանությանը: Այդպիսի բան չկա: Իրական պայքարողները նման խնդիր չունեն: Մենք պարզապես հոգում ենք, որ հաջորդ սերնդին ավերակ երկիր չհանձնենք»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս